Քաշաթաղի Վերաբնակեցումը Շարունակւում է


ՍՈՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը շարունակւում է: Աւելին՝ վերջին տարիներին այն, կարելի է ասել, նոր փուլ է մտել: Վերաբնակիչներին տրուող հասանելիք արտօնութիւններից բացի, շրջ-վարչակազմի աշխատակազմը լուծում է նաեւ վերաբնակչի զբաղուածութեան հարցը: «Հայք» վերլուծական կենտրոնում այսօր Քաշաթաղի վերաբնակեցման եւ վերաբնակիչներին տրուող արտօնութիւնների մասին են խօսել Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետ Ռոբերտ Մաթեւոսեանը, Քաշաթաղի շրջանի սոցապ վարչութեան պետ Վարդան Բաղդասարեանն ու «Մերան» թերթի գլխաւոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյեանը:
Արցախի ազատագրումից ի վեր վերաբնակեցումը դարձել է առաջնային նպատակներից մէկը: Աւելի քան 200 տարի գերութեան մէջ գտնուած Քաշաթաղն այսօր արդէն իր դռներն է բացում հայորդիների առջեւ: Արցախի կառավարութեան որդեգրած քաղաքականութեան շնորհիւ Քաշաթաղում սկսուել է նոր կեանք՝ բաւականին դրական միտումներով:
Քաշաթաղի շրջանի սոցապ վարչութեան պետ Վարդան Բաղդասարեանն այս առումով առանձնանում է «Ծնելութեան եւ բազմազաւակութեան խթանման մասին» 2009թ. ստորագրուած փաթեթը:
Հաշուի առնելով, որ այս ամէնին զուգահեռ պետութիւնը վերաբնակիչներին յատկացնում է նաեւ բնակարան, ընձեռում աշխատանքի լայն հնարաւորութիւններ, արդէն իսկ խօսում է ծնելութեան եւ հայրենադարձութեան աճի իրատեսական հեռանկարների մասին:
Ի հարկէ, հաշուի առնելով բարենպաստ պայմանները, վերաբնակեցումը բաւականին պասիւ բնոյթ է կրում: 2010 թուականից բնակչութեան թիւն աւելացել է 3000ով: Շատ աւելի լաւ կը լինէր, եթէ 3 հազարի փոխարէն, թիւն աճէր 30,000ով, նկատեց «Մերան» թերթի գլխաւոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյեանը:
Եւ իսկապէս՝ արտերկրում աշխատանք փնտռելու փոխարէն, երիտասարդները կարող են աշխատանք գտնել հայրենի հողում եւ բաւականին արտօնեալ պայմաններով: Այդ դէպքում, որն է խնդիրը, որ վերաբնակեցումը այդքան դանդաղ տեմպերով է առաջ գնում: Անտեղեակութիւնը, պարզաբանեց Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետ Ռոբերտ Մաթեւոսեանը:
Այսպիսով՝ Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչութեան պետը բոլորին մեծ սիրով հրաւիրում է Քաշաթաղ՝ ապրելու եւ միասին շէնացնելու Արցախի ազատագրուած տարածքները:

«Ռադիօլուր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.