Թուրքիան ծրագրել է հիւսիսային Սիրիան գրաւել. Հ.Յ.Դաշնակցութեան յայտարարութիւն
Անկախ Սիրիական տագնապի ամբողջ տեւողութեան Թուրքիայի որդեգրած դերակատարութիւնից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահուածքը Սիրիայի հիսիսային շրջաններում իրադարձութիւնների, յատկապէս՝ Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների կողմից հիմնադրուած Արաբունար (քրտերէն՝ Քոպանի, արաբերէն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրայ «Իսլամական պետութեան» յարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան յստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետութեան» միջոցով գրաւել հււսիսային Սիրիան։
Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը՝ այս պահին եւ այս դէպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատուածը՝ թոյլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակութիւն հասնի Քոպանիի քրտական դիմադրութեանը։ Այս դէպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թոյլ է տուել որ աշխարհի տարբեր երկրներից զինեալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դէպի Սիրիա, ներառեալ՝ Քեսապ։
Թուրքիան իր այս կեցուածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ յայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոպանիի անկումից յետոյ յարձակումները շարունակել դէպի Գամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստօրէն աջակցելով «Իսլամական պետութեան» այս գործողութիւններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցութեան տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձութիւնների վրայ։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝
– Իր զօրակցութիւնն է յայտնում փաստօրէն թրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին։
– Պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով առաջքն առնել այս ագրեսիային, ապահովել խաղաղ ազգաբնակչութեան անվտանգութիւնը ամբողջ շրջանում։
– Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետութիւններից սանձել Թուրքիայի կողմից հովանաւորուած ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականութիւնը։
Քոպանիում արդէն տեղի ունեցած եւ հետագայ բոլոր ողբերգութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների գլխաւոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
2014թ. հոկտեմբերի 8