5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրայ անելու համար, բայց Փաշինեանը կարողացաւ այդ ուժն ունենալ. Մուրատ Փափազեան

«Նիկոլ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնը յանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարուայ ընթացքում նա կարողացաւ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը», մեզ հետ զրոյցում ասաց Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը՝ անդրադառնալով Եւրախորհրդարանում Նիկոլ Փաշինեանի ելոյթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինեանը չկարողացաւ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականութիւն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդէն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ յայտարարել է, որ Հայաստանն Արեւմտեան Ատրպէյճան է, եւ Ատրպէյճանը պիտի վերականգնի իր իրաւունքները Հայաստանի վրայ։ Փաշինեանն ընտրեց անպատասխանատու քաղաքականութիւնը… Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ատրպէյճանը լուրջ ձեւով տասնեակ տարիներով զինւում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարուել այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանն է վարւում։ Կապ չունի՝ սիրում ենք, թէ չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պէս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնուող երկիր է, առաջնահերթութիւնը ժողովրդի անվտանգութիւնն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը», ասաց Փափազեանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրայ անելու համար, բայց Փաշինեանը կարողացաւ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծուած իրավիճակում, երբ նոյնիսկ Փաշինեանն է խօսում Ատրպէյճանի կողմից յարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դէմ խօսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցութեան փոխօգնութեան պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցուածքը 44-օրեայ պատերազմի ընթացքում, յետպատերազմական կոնտեքստի մէջ, Արցախի հայաթափման քաղաքականութեան հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պէտք է լաւ հասկանայ ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականութեամբ Փաշինեանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նոյն սփիւռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնութիւններով», ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակաւոր ներկայացուցիչը։

Փափազեանը նշեց, որ ապրում է Ֆրանսայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մէջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պէտք է պրագմատիկ լինել, պէտք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրութիւններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթութիւնը ժողովրդի անվտանգութիւնն ապահովելն է՝ ճիշդ որոշումներով, այնինչ 5 տարուայ ընթացքում Փաշինեանը միայն սխալ որոշումներ է կայացրել։

«Ես չեմ հասկանում՝ ինչպէ՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահութիւնը վայելել՝ անհասկանալի է, որովհետեւ ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականութեամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտռել որոշումներ՝ Փաշինեանի կողմից արուած, որ ասեմ՝ լաւ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթէ վաղն Ատրպէյճանը յարձակուի Հայաստանի վրայ, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ մեր վարչապետ Փաշինեանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին», հարցնում է Փափազեանը։

Փաշինեանի՝ բացայայտ գործող եւ թաքնուած քարոզիչներն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայաստանին օգնութեան կը գայ Արեւմուտքը՝ Եւրամիութիւնն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արեւմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական եւ այլն։ Դա կարեւոր է, սակայն հարց է առաջանում՝ արդեօ՞ք Եւրոպան զօրք կ’ուղարկի Հայաստան, եթէ Ատրպէյճանը յարձակուի։ Զէնքի հաւասարակշռութիւնը խիստ խախտուած է, ու եթէ Ատրպէյճանը յարձակուի, Հայաստանը հողի վրայ դաշնակից պէտք է ունենայ։

«Դաշնակից ունէր Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինեանը եկաւ ու հաստատեց հակառուս իշխանութիւն Հայաստանում։ Ճիշդ հասկացէք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պէտք է պրագմատիզմ ունենայ, թէ որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգութիւնն ապահովել։ Փաստօրէն, իր քաղաքականութեամբ 5 տարուայ մէջ տեսանք հետեւանքները», եզրափակեց Մուրատ Փափազեանը։

Comments are closed.