«Ադրբեջանը ԱՄՆում Միլիոններ Է Ծախսում Ազդեցութիւն Գնելու Համար». «The New York Times»
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- ԱՄՆի առաջատար թերթերից «The New York Times»ը Միացեալ Նահանգներում տեղակայուած «ուղեղային» կենտրոններում նաւթային փողերով ազդեցութիւն գնելու շուրջ Ադրբեջանի կառավարութեան ջանքերի մասին ինֆոգրաֆիկ յօդուած է հրապարակել:
Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»ը՝ վկայակոչելով «Ազադլըգ»ը, «Ամերիկայի Ձայն» ռադիօկայանի կողմից ադրբեջաներէն թարգմանուած նիւթում ցուցադրուել է Ադրբեջանի կառավարութեան լոբիիստական գործունէութիւնն անդրադարձնող 13 փաստաթուղթ:
Ստորագրուած պայմանագրերում հաստատւում է, որ լոբիիստական ընկերութիւնը Ադրբեջանի կարեւորութիւնը ԱՄՆի համար մեծացնելու նպատակով վճարովի ծառայութիւններ է մատուցում: Նշւում է, որ Վաշինգտոնում գտնուող «DCI Group» եւ «Podesta Group» լոբիիստական ընկերութիւնների հետ պայմանագրերն ստորագրել է ԱՄՆում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովը:
«Արտասահմանցի Ներկայացուցի»չ (Foreign Principal) խորագրի տակ, «DCI Group»ի հետ դեսպան Սուլէյմանովի ստորագրած պայմանագրում լոբիիստական ընկերութիւնն իր վրայ է վերցնում Ադրբեջանի դեսպանատան համար հասարակական կապերի եւ մամուլի ռազմավարութեան վրայ աշխատելու, այդ թւում՝ ԱՄՆի մամուլում շփումներ ստեղծելու եւ յաճախորդի համար կարեւոր հարցերի մասին ԱՄՆի մամուլում յօդուածներ հրապարակելու գործում օգնելու պատասխանատուութիւնը: Ընկերութիւնը նաեւ խոստանում է ԱՄՆի «ուղեղային» կենտրոնների եւ քաղաքական կարծիքի առաջնորդների հետ ստեղծուելիք յարաբերութիւններում լուսաբանել ԱՄՆի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակութիւնը եւ պաշտօնական Բաքուի կողմից կարեւորուող հարցերը:
ԱՄՆի Արդարադատութեան նախարարութեանը ներկայացուած գրանցման փաստաթղթում «DCI Group»ը յայտնում է, որ իր լոբիիստական գործունէութեան մէջ ընդգծելու է էներգետիկայի եւ անվտանգութեան բնագաւառներում ԱՄՆի համար Ադրբեջանի կարեւորութիւնը: Ամերիկեան թերթն ուշադրութեան է հրաւիրում ազդեցութիւն գնելու շուրջ «ուղեղային» կենտրոնների հետ առեւտրի մէջ մտած «Atlantik Council» վերլուծական կենտրոնի գործունէութեանը, որի առաջատար դոնորների թւում է նաեւ Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը (SOCAR):
Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կենտրոններ վերջին տարիներին միջոցառումներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած են եղել ադրբեջանցի լոբիիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրայ: Դրանց թւում է «Atlantic Council»ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարեւորուել են «Ադրբեջանի համաձայնեցուած ջանքերը՝ որպէս ՆԱՏՕի գործընկեր իր նշանակութիւնը ցոյց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցներից Բրենդա Շեֆերը, այդ թւում՝ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն ու «Atlantic Council»ի նախագահ Ֆրեդերիկ Քեմփէյը ընդգծել են Կովկասում Եւրոատլանտեան ռազմական դաշինքի համար Ադրբեջանի կարեւորութիւնը:
Ինֆոգրաֆիկ յօդուածում տեղ է գտել նաեւ դեսպան Էլին Սուլէյմանովի՝ «Podesta» խմբի ղեկավար Էնթընի Պոդեստայի հետ ստորագրած համաձայնագիրը, որն ուժի մէջ է մտել 2014 թուականի Յունուարի 1ից: Այդ համաձայնագրով վերջինս պէտք է քարոզի Ադրբեջանի դիրքորոշումը բազմաթիւ հարցերի շուրջ, որի համար Բաքուն պէտք է ամսական 50 հազար դոլար փոխանցի նրա ընկերութեանը եւ փակի բոլոր լրացուցիչ ծախսերը: