Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցին Նուիրուած Նախաձեռնութիւնները Համակարգող Պետական Յանձնաժողովի Նիստին Նախագահ Սերժ Սարգսեանի Արտասանած Խօսքը
«Ողջունելի է, որ յանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառոյցների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ այդ աշխատանքներում ներգրաւել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղուած աշխատանքներ են կատարում հոգեւոր կառոյցները, աւանդական կուսակցութիւնները, համահայկական եւ հասարակական կազմակերպութիւնները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգուածային լրատուութեան միջոցները` հանրութեանն իրազեկելու առումով:
Խիստ կարեւորում եմ լոպիստական եւ իրազեկման կառոյցների դերը, ինչպէս նաեւ` տեղական վարչակարգերի հետ բազմաբնոյթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցութեան սերտացումը: Հայոց ցեղասպանութեանը վերաբերող իրաւական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացւում հայ իրաւաբանների կողմից` անդրադառնալով անհատական, համայնքային եւ համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կը բացի Կոմիտասի թանգարանը, իսկ յաջորդ տարի ապրիլին կ՛աւարտուեն Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի հիմնանորոգման եւ Հայոց ցեղասպանութեան թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրութեան կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամէնը օրինակներ են հարիւրամեակի բազմաթիւ միջոցառումների շարքից:
Յարգելի՛ գործընկերներ,
Աւելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի խորհուրդը իւրաքանչիւր հայի համար: Մեծ եղեռնը ե՛ւ հաւաքական, ե՛ւ անհատական ողբերգութիւն է. չէ՞ որ գրեթէ իւրաքանչիւրը հայ սեփական ընտանիքի ողբերգութեամբ է ծանօթ Ցեղասպանութեանը: Հարիւրամեակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական եւ քաղաքական իմաստն ու նշանակութիւնը ներկայիս սերունդների համար չափազանց կարեւոր է: Ահա թէ ինչո՛ւ եմ համարում, որ իւրաքանչիւրս պէտք է ունենանք մեր պատասխանատուութեան զգացումն ու չափաբաժինը հարիւրամեակի առիթով կազմակերպուելիք միջոցառումների յաջող անցկացման եւ միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:
Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի տարելիցը մեծ խորհուրդ ունի ե՛ւ համայն հայութեան, ե՛ւ համայն մարդկութեան համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկութեան պատմութեան մէջ նախադէպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման եւ հայրենազրկման սկիզբն է, ի հարկէ, հաշուի առնելով, որ այս ամսաթիւը եւ տարեթիւը խորհրդանշական է, այլեւ, ինչպէս ցոյց տուեցին հետագայ իրադարձութիւնները, 20-րդ դարի այլ ցեղասպանութիւնների նախատիպը:
Մարդկութեան դէմ ոճիրները վաղեմութեան ժամկէտ չեն կարող ունենալ: Ցեղասպանութիւնների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմութեան սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպէս ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ` մենք իւրայատուկ առաքելութիւն ունենք նման արհաւիրքների կրկնութիւնը բացառելու գործում:
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին մենք եւս մէկ անգամ յստակ կոչ ենք անում բոլոր պետութիւններին, միջազգային հանրութեանը ճանաչել եւ դատապարտել այս աննախադէպ ոճիրը:
Մենք, որպէս պետութիւն եւ որպէս ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպէս Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման, այնպէս էլ աշխարհի որեւէ անկիւնում մարդկութեան դէմ ուղղուած այս ամենասարսափելի յանցագործութեան դէմ:
Գաղտնիք չեմ բացայայտի, եթէ ասեմ, որ տասնամեակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտութիւնների դէմ թուրքական պետութեան պաշտօնական դիրքորոշումը վերջնականապէս ձախողուել է` առաջացնելով բազում հարցեր պաշտօնական դիրքորոշման նկատմամբ թերահաւատ թուրք երիտասարդութեան շրջանում, եւ այդ շարքերն օրէցօր ստուարանում են. հազարաւոր թուրքեր պահանջում են սեփական կառավարութիւնից ճշմարտութեան բացայայտում եւ արդարութիւն: Աշխարհի տարբեր անկիւններում բազմաթիւ են կոչերն` ուղղուած ժամանակակից Թուրքիայի ղեկավարութեանը` վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականութեանը: Թուրքիան պէտք է գիտակցի, որ Օսմանեան կայսրութեան յանցակիցը չդառնալու համար պատմութեան հետ առերեսումը եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Այս հանգամանքը եւ փաստերի անառարկելիութիւնը ստիպում են Թուրքիայի իշխանութիւններին քայլեր ձեռնարկել: Պաշտօնական Անգարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադէպ են իրենց ձեւի մէջ, սակայն, ցաւօք, բովանդակութեամբ արտացոլում են Թուրքիայի հարիւրամեայ` նոյն ժխտողական քաղաքականութիւնը: Դրանք կրկնում են թուրքական յայտնի դիրքորոշումները` փորձելով խեղաթիւրել պատմութիւնը` նոյն հարթութեան մէջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցեալի ծանր բեռից ազատուելու միակ հնարաւոր քայլը, որ պէտք է կատարի Թուրքիայի իշխանութիւնը, Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդիւնքի հասնել հնարաւոր չէ:
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաւէրներ եմ ուղարկել մի շարք պետութիւնների ղեկավարներին 2015թ. ընթացքում եւ յատկապէս ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան մէկ եւ կէս միլիոն անմեղ նահատակների յիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանութեան յանցագործութեան դէմ առհասարակ եւ արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձութիւնը, այլեւ վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլեւ կարողացանք համախմբուել եւ ուղի հարթել դէպի անկախ պետականութիւն` ազատ Հայաստան:
Պաշտօնական Անգարան շարունակում է խօսել պատմաբանների յանձնաժողով ստեղծելու եւ արխիւները բացելու մասին: Նախ եւ առաջ յայտնի է, որ Հայաստանի արխիւները միշտ բաց են եղել բոլոր այն հետազօտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաեւ գիտական հաստատութիւններում եւ թանգարաններում պահուող նիւթերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանութեան ճշմարտութեանն առերեսուելու համար արխիւային աշխատանք ընդհանրապէս չի պահանջւում: Բաւական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, եւ վկայութիւնները կը լցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բաւական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին եւ տեսնել, թէ ո՛րն է այդ օրուայ խորհուրդը իւրաքանչիւր հայի համար` Հայաստանում եւ սփիւռքում: Բաւական է գնալ սփիւռքի ցանկացած համայնք եւ հարցնել` ինչպէ՞ս են ձեր նախնիները յայտնուել այստեղ: Եթէ Թուրքիայի իշխանութիւններին հետաքրքրում է ճշմարտութիւնը, ուրեմն նրանք պէտք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թէ դրանից յետոյ նրանք արխիւներ այցելելու մասին միտք հնչեցնել կը կարողանան: Օգտուելով այս առիթից` պաշտօնապէս հրաւիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրուի առաջիկայ ընտրութիւնների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թուականի ապրիլի 24-ին եւ առերեսուելու Հայոց ցեղասպանութեան պատմութեան խօսուն վկայութիւններին հետ:
Այս ամէնով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդէպ: Աւելի՛ն. փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ եւ թուրք ժողովուրդները կը կարողանան շփուել միմեանց հետ` գտնելու համար հաշտեցման ուղին: Հէնց այդ նպատակով էինք փորձում եւ հիմա էլ հաւատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թէեւ նման ցանկութեան մասին միայն յայտարարութիւններ ենք լսում թուրքական կողմից: Եթէ ցանկութիւնն իրօք անկեղծ է, ապա Թուրքիան լաւ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կեանքի կոչելու ուղին:
Յարգելի՛ գործընկերներ,
Թող ոեւէ մէկը յոյս չտածի, թէ Մեծ եղեռնի հարիւրամեակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպէս ամրապնդուելու եւ արդարութեանը հասնելու իւրատեսակ հանգրուան է: Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին մենք ներկայանալու ենք նորացուած նպատակադրումներով եւ մեր առջեւ դրուած համահայկական նոր օրակարգով, առաւել հզօր պետականութիւն եւ առաւել համախմբուած սփիւռք ունենալու մեր ծրագրերով: Հարիւրամեակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան եւ ազդարարելու ենք յանուն արդարութեան վերականգման պայքարի մի նոր փուլ:
Մենք կարեւոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռակամութեամբ ենք շարունակելու մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութեան` Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար մղուող մեր պայքարը», ասել է նախագահ Սերժ Սարգսեանը:
Ընդգծելով, որ հաշուած ամիսներ են մնացել մինչեւ 2015թ., նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առաւելագոյնս արդիւնաւէտ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման եւ օգտակար առաջարկութիւնների ներկայացման համար:
Պետական յանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակներում քննարկուել են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի քաղաքական պարունակը: Ելոյթներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը, Ներսէս Պետրոս ԺԹ. Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց կաթողիկոս պատրիարքը, Հայ աւետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Հովել Միքայէլեանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը, աւանդական կուսակցութիւնների` ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ ներկայացուցիչները, ինչպէս նաեւ` համահայկական խոշորագոյն կառոյցների ղեկավարները, ովքեր անդրադարձել են այն սկզբունքային մօտեցումներին, որոնք յանձնաժողովը նպատակ ունի ներառելու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ ընդունուելիք Համահայկական հռչակագրի բնագրում:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ներկայացուել են տեղական մարմինների կողմից կատարուած աշխատանքը եւ առաջիկայ ծրագրերը: Զեկոյցներով հանդէս են եկել Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, խոշորագոյն տեղական կառոյցների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների, Լիբանանի, Ֆրանսայի, Արժանթինի յանձնախմբերի ներկայացուցիչները:
Յանձնաժողովի անդամները եւ հրաւիրեալ միւս մասնակիցները լսել են պետական յանձնաժողովի քարտուղարութեան հաշուետուութիւնը` նախորդ նիստից յետոյ մինչ այժմ տարբեր ուղղութիւններով իրականացուած եւ ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, քննարկել են պետական յանձնաժողովին ներկայացուած առաջարկութիւնները եւ 2015թ. միջոցառումների ծրագիրը:
Նիստի մասնակիցներին ներկայացուել է նաեւ պետական յանձնաժողովի կողմից ստեղծուած աշխատանքային խմբի մշակած Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի խորհրդանշանը` Անմոռուկ ծաղիկը: Տարբեր լեզուներով ծաղկի անուանման ստուգաբանութիւնն արտայայտում է միեւնոյն իմաստը` «ՅԻՇԻՐ»: Դա էլ հէնց 100-րդ տարելիցի հիմնական հաղորդագրութիւնն է: Աշխատանքային խումբը խորհրդանշանի այդպիսի ընտրութիւնը պայմանաւորել է նրանով, որ ծաղկի գունային կամման նոյնանում է նշուող տարեթուի հայեցակարգի հիմքում ընկած հիմնական մոթիվների հետ, եւ, ի վերջոյ, անմոռուկը միջնադարում համարուել է Աստծոյ ներկայութեան խորհրդանշանը: Հնգաթերթ անմոռուկ ծաղկի պսակաթերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրուան են գտել Ցեղասպանութիւնից մազապուրծ հայորդիները` զրկուելով հայրենիքում ապրելու հնարաւորութիւնից: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագոյն, բաց մանուշակագոյն, դեղին եւ սեւ: Դրանցից իւրաքանչիւրն իր մէջ կրում է որոշակի իմաստ. սեւ գոյնը խորհրդանշում է Եղեռնի սարսափներն ու Ցեղասպանութեան մասին յիշողութիւնը: Ներսի ճառագայթաձեւ բաց մանուշակագոյնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնականից լինելն է: Որպէս խորհրդանշանի գերակշռող գոյն` առաջարկուել է մանուշակագոյնը: Այն լայնօրէն տարածուած է հայկական ինքնագիտակցութեան հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասաւորների հանդերձանքի տարրերում: Դեղին գոյնով պատկերուած է ապրելու եւ արարելու յոյս պարգեւող արեւի լոյսը` Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձեւ դասաւորուած 12 մոյթերի տեսքով: