Առաջարկ. Յաւերժացնենք Անշիրիմ Գրողների Յիշատակը
\n
\n
Հայաստանէն արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակագիր Ռուբէն Յովսէփեան եւ Սփիւռքէն՝ Ուաշինկթըն Տի. Սի.էն. բանաստեղծ, հասարակական գործիչ Կարօ Արմէնեան, բաց նամակով մը դիմած են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին, առաջարկելով յաւերժացնել Ցեղասպանութեան զոհ՝ անշիրիմ գրողներու յիշատակը: Ստորեւ կը հրատարակենք սոյն նամակի բնագիրը՝ ամբողջութեամբ.
\n
Բաց նամակ Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ: Մեծարգոյ Սերժ Ազատի, 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան առաջին զոհերը հայ գրականութեան ներկայացուցիչները եղան. Դանիէլ Վարուժանը, Սիամանթօն, Ռուբէն Սեւակը, Գրիգոր Զօհրապը, Տիգրան Չէոկիւրեանը, Թլկատինցին, Ռուբէն Զարդարեանը, Արտաշէս Յարութիւնեանը, Գեղամ Տէր-Կարապետեանը (Մշոյ Գեղամ), Մելքոն Կիւրճեանը (Հրանտ), Երուխանը, Գեղամ Բաղդասարեանը: Արհաւիրքից պատահականութեամբ փրկուեց, յետագայում քեմալական նախճիրին զոհ գնաց նաեւ Տիրան Չրաքեանը (Ինտրա):
\n
Հայ գրողների այս աստղաբոյլը, գրական հսկաների այս սերունդը ոչնչացուեց աներեւակայելի, անմարդկային միջոցներով եւ մնաց անթաղ: Ցեղասպանը լաւ գիտէր գրական խօսքի ուժը եւ հասկանում էր, որ իր ստոր նպատակին հասնելու համար նախեւառաջ հայ ազգի ոգին մարմնաւորողների գլխատումն էր անհրաժեշտ:
\n
Այսօր, երբ մեր երկիրը եւ ողջ հայութիւնը պատրաստւում է նշելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը, երբ ունենք սրբազան մի վայր, ուր երկիւղածութեամբ ծնկի ենք գալիս յիշատակելու մեր միլիոնաւոր անմեղ զոհերին, հարկ է, որ առանձնապէս յիշենք նաեւ նահատակուած մեր գրողներին եւ խոնարհուենք նրանց շիրիմների առաջ:
\n
Եղեռնի յուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակութեամբ եւ նշանակութեամբ, աւելի կ՛ամբողջանայ ու իր լրումին կը հասնի, եթէ արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացոյց անի նախադէպը չունեցող այս եղեռնագործութիւնը: Նման կոթողի ստեղծման համար, համոզուած ենք, իր նպաստը կը բերի ամէն հայ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի:
\n
Մնում է, որ ձեր գլխաւորած յանձնաժողովը իր վրայ վերցնի կազմակերպչական աշխատանքների հոգսը գործին մասնակից դարձնելով հանրապետութեան եւ Սփիւռքի կարող ուժերին, գրողներին, պատմաբաններին, նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին: Թէեւ քիչ ժամանակ է մնացել մինչեւ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նշումը, սակայն, կարծում ենք, դեռ ուշ չէ համազգային ուժերով յաւէրժացնելու մեր անշիրիմ գրողների յիշատակը: Յարգանքներով՝
\n
ԿԱՐՕ ԱՐՄԷՆԵԱՆ (ԱՄՆ)
ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ (Հայաստան)
\n