«Ղարաբաղում Գրանցուել Է Զգալի Ժողովրդագրական Աճ». Վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.– «Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում գրանցուել է զգալի ժողովրդագրական աճ՝ թէ՛ մեխանիկական, թէ՛ բնական աճի տեսքով»: 2 Ապրիլին այս յայտարարութիւնը կատարած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանը՝ Արցախի պետական համալսարանի ուսանողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին պատասխանելով արտագաղթի մասին հարցումի մը։
«Արցախում, ինչպէս բոլոր երկրներում, կայ բնակչութեան փոքր ծաւալի արտահոսք, որն աւելի շատ արտայայտւում է ժամանակաւոր աշխատանքային արտագաղթի տեսքով: Եթէ 2002-2007 թթ. Արցախում տարեկան ծնւում էր շուրջ 2100 երեխայ, ապա 2008-2013 թթ. այդ թիւը տատանւում էր 2500-2600ի սահմաններում՝ ապահովելով շուրջ 20 տոկոս ծնելիութեան», յայտարարած է վարչապետը՝ կարեւոր նկատելով տնտեսական զարգացումը եւ արտագաղթի կանխարգիլման ու ժողովրդագրական բնական աճ ապահովելու ուղղութեամբ աշխատանքը:
Անդրադառնալով Ղարաբաղի արեւելեան եւ հարաւային շրջաններու սահմանամերձ տարածքները զարգացնելու նախագիծերուն՝ ան մատնանշած է Արաքսի հովիտին մէջ մեկնարկած շարք մը մեծ նախագիծեր, որոնք, ըստ անոր, «ցրում են այդ տարածքների քաղաքական ապագայի վերաբերեալ կասկածները»: Արա Յարութիւնեանի համաձայն՝ խնդիրը միայն պաշարներու սղութեան մէջ է: