Հայաստանի Ազգային Ժողովի Չորս Խմբակցութիւններու Միացեալ Յայտարարութիւն
2014 թուականի յունուարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննութեան աւարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքի 76-րդ յօդուածի եւ 86-րդ յօդուածի 3-րդ մասի գործողութիւնները:
Սա նշանակում է, որ 1974-ին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող անձինք չեն խախտել օրէնքի պահանջը` մինչեւ 2014 թուականի յունուարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնտ եւ ֆոնտի կառավարիչ:
Բացի այդ` առնուազն մինչեւ 2014 թուականի մարտի 28-ը գործատուները կարող են չհաշուարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները` չկրելով որեւէ պատասխանատուութիւն:
Ելնելով այս որոշման էութիւնից, վերահաստատելով օրէնքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղութեամբ համակարգուած պայքարի կարեւորութիւնը`
Կոչ ենք անում
1.- Գործատուներին` աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշուարկում եւ փոխանցում մի կատարէք: Այլապէս, աշխատակիցների փաստացի տնօրինուող աշխատավարձերը կը նուազեն, աշխատակիցներին կը ստիպէք այս անորոշութեան մէջ ընտրութիւն կատարել կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ: Եւ եթէ 2014 թուականի մարտի 28-ի դատաքննութեամբ օրէնքի վիճայարոյց դրոյթները ճանաչուեն սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր, դուք եւ ձեր աշխատակիցները կը կրէք չվերականգնուող ելեւմտական կորուստներ:
2.- 1974 թուականին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող բոլոր քաղաքացիներին` մի կատարէք ընտրութիւն կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ, յորդորէք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն:
3.- Գործատուների միութիւններին եւ արհեստակցական միութիւններին` պաշտպանէք ձեր իրաւունքները համախմբուած հասարակութեան հետ, թոյլ մի՛ տուէք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպութեան անդամների նկատմամբ անօրինականութեան պարտադիր գործադրում:
4.- Հայաստանի Հանրապետութեան պաշտօնատար անձանց, կառավարութեանը եւ Կենտրոնական դրամատան` դադարեցրէք ապատեղեկատուութիւնը քննարկուող օրէնքի վերաբերեալ, ինչը մենք գնահատում ենք որպէս բացայայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրայ:
5.- Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, կազմակերպութիւններին եւ պայքարող երիտասարդութեանը` էլ աւելի համախմբուած, լայն թափով շարունակէք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղուած գործողութիւնները:
6.- Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կը ճանաչի պարտադիր բաղադրիչը սահմանադրութեանը հակասող եւ կ՛առաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշուի կ՛առնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:
Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դէմ:
Հայաստանի Ազգային ժողովի խմբակցութիւններ`
ՀՅԴ
ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՔՈՆԿՐԵՍ