Քաղաքացու օրը. Տօն, որ այդպէս էլ քեզ հետ չի

Վահան Իշխանեան

Քաղաքացու օրը տօնի լուսանկարներն ու տեսագրութիւնները պատկերում են փակուած փողոցներում խորոված անող ու պարող մարդկանց, վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ երջանիկ դէմքով խորոված է պատրաստում, լուսանկարւում քաղաքացիների հետ։

Ազգային ժողովը ի յաւերժացումն անցեալ տարուայ «թաւշեայ յեղափոխութեան», Ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց Քաղաքացու օր տօնը, որ այս տարի նշուեց Ապրիլի 27-ին։

Իսկ 18 օր առաջ Փաշինեանը հրապարակայնօրէն աշխատանքից հեռացրել էր մաքսատան աշխատակիցների, հեռացրեց միայն այն պատճառով, որ ինչ որ սենեակում Հայաստանի դրօշը ինչ-որ «սխալ» տեղ էր դրուած, հա նաեւ, այն բանի համար որ վարչապետին տեսնելիս ձիգ չի կանգնել, կանգնել է, բայց ուսերը պարանոցից յետ չի տարել։

Չէ, վարչապետը չի հեռացրել նրանց, աւելի վատ բան է արել՝ ստիպել է դիմում գրել, դուրս գալ աշխատանքից, այսինքն քաղաքացիական կամքն է կոտրել, ստիպել է, որ աշխատողը թղթի վրայ գրի, որ իր կամքով է դուրս գալիս։

Ահա, թէ ինչպէս է եղել, Ապրիլի 9-ին Երեւանի Շէնգաւիթի մաքսային կէտում հասնելով մաքսատան սենեակներից մէկը՝ Նիկոլ Փաշինեանը, դիմելով համազգեստով հսկիչներից մէկին, դիտողութիւն արեց. «Որ վարչապետը մօտենում է, պէտք ա ձգուած կանգնես, սենց (ցոյց է տալիս ուսերը կախած վիճակը:- խմբ.) արած չեն կանգնում»:

Այնուհետեւ տեսնելով անկիւնում դրուած դրօշը՝ զայրացաւ. «Աշխատավարձդ կը ծախսես, դրօշը կը դնես գլխավերեւում, յետոյ դիմումդ կը գրես, կը գնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենեակում, բոլորը հեռացուեն աշխատանքից, կը զեկուցէք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լաւ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմութեանը ծանօթանալով՝ Մոնթրէալի UQAM համալսարանի քաղաքագիտութեան փրոֆեսոր, նաեւ արհմիութիւնների մասնագէտ Դաւիթ Մանտէլը ասաց. «Ի՞նչ կարելի է ասել նման վարքագծի մասին: Սա ժողովրդավար ղեկավարի պահուածք չի, այլ մի սամոդուռի, որ արհամարհում է ժողովրդին: Յոյս ունեմ, որ հայ ժողովուրդը կը կարողանայ վարչապետին յիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թէ հակառակը, եւ որ եթէ պէտք լինի, նրան էլ կարող են նոյնքան արագօրէն ազատել աշխատանքից»:

Սամոդուռ ռուսերէն բառ է, հայերէն համարժէքը քմահաճն է, բայց գրական բառը այնքան էլ չի արտայայտում այն ամբարտաւան կամայականութիւնն ու ստորացնող քմահաճութիւնը, որ կայ ռուսերէնի մէջ։

Բայց որտեղի՞ց է գալիս աշխատանքից հեռացնելու այդ ձեւը՝ աշխատաւորին պարտադրելը «դիմում կը գրես, աշխատանքից դուրս կը գաս»։

Արմատները շատ հեռու են, 1917 թուի Ռուսական Յեղափոխութեան մէջ, երբ աշխատաւորները՝ բանուորներն ու գիւղացիները, յեղափոխութիւն արեցին, սակայն այն իւրացրեց կոմունիստական կուսակցութեան վերնախաւը։

Այո, ընդունուած է 1917 թուի յեղափոխութիւնը վերագրել պոլշեւիկներին, բայց Դաւիթ Մանտէլը իր «Պետրոգրադի աշխատաւորները 1917 թուի յեղափոխութիւններում» աշխատութեան մէջ ցոյց է տալիս, որ այդպէս չի, որ փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ հաստատուած համերաշխութեան մթնոլորտը խորտակում է պուրժուազիան իր շահերի համար՝ աշխատաւորներին հպատակացնելու ծրագրերով, եւ աշխատաւորները ստիպուած նախաձեռնում են յաջորդ փուլը յեղափոխութեան, որը նկատելով՝ պոլշեւիկները առաջ են նետւում։

Խորհրդային միութիւնը իրեն հռչակում էր աշխատաւորների երկիր, որտեղ բոլոր քաղաքացիները հաւասար էին, որոնք էլ պէտք է ապակենտրոն, ընտրովի, ինքնակառավարուող սովետների միջոցով կառավարէին երկիրը։ Սակայն յեղափոխութեան գաղափարները շատ արագ դաւաճանուեցին եւ իշխանութիւնը իւրացնելով՝ Կոմունիստական կուսակցութեան վերնախաւը հաստատեց կոմկուսի տիրապետութիւն եւ հպատակ քաղաքացիների յարաբերութիւններ. Ստալինեան սահմանդրութեամբ երկրի ղեկավարը դարձաւ կոմկուսը, որն էլ ձեւական ընտրութիւնների քողի տակ նշանակում էր սովետների նախագահներին։

Սովետական միութիւնում ոչ թէ վերացան կապիտալիստական աշխարհի հաստատութիւններն, այլ հակառակ իմաստով օգտագործուեցին: Օրինակ նախկինում Մայիսի 1-ը աշխատաւորների, իսկ Մարտի 8-ը կանանց իրաւունքների պայքարի օրերն էին, Սովետում դրանք վերածուեցին տօների. աշխատաւորն արդէն յաղթել է, նա իր երկրի տէրն է, ուրեմն, այլեւս ոչ թէ պէտք է պայքարի իր իրաւունքների համար, այլ ամէն տարի տօնի իր յաղթանակը, ինչպէս կրօնների մէջ ամէն տարի նշում են փրկչի ծնունդը։

Նոյնն էլ արհմիութիւնները, նրանք մնացին, բայց ոչ թէ ինչպէս կապիտալիստական աշխարհում որպէս աշխատաւորների իրաւունքները պաշտպանող քաղաքացիական հաստատութիւններ, հակակշիռ սեփականատիրոջը կամ գործատուին, որ թոյլ չտան նրանք միանձնեայ որոշեն աշխատաւորների ճակատագիրը, այլ աշխատաւորների երջանկութիւնը լիարժէք դարձնող բաժիններ, որ հանգստեան ուղեգրեր էին բաժանում։ Սովետը ներկայացնում էր, թէ այլեւս կապիտալիստական աշխարհին բնորոշ արհմիութեան կարիք չկար, քանի որ երկիրը ընկերային է, աշխատաւորներինն էր, հօ՛ աշխատաւորն ինքն իրենից իր իրաւունքը չէ՞ր պաշտպանելու։ Եթէ մէկը փորձէր հակառակը պնդել, աշխատաւորի իրաւունք պաշտպանել, կ’որակուէին պուրժուական ակենտ կամ նման մի բան, իսկ եթէ աշխատաւորները աւելի հետեւողական լինէին եւ փորձէին գորածդուլով կամ մի այլ կերպ իրենց իրաւունքները պաշտպանել, կը գնդակահարուէին ինչպէս 1962-ին եղաւ Նովոչերկասկում։

Սովետական հիմնարկը ունէր երեք ղեկավարութիւն՝ տնօրինութիւն, Կոմկուսի քարտուղար, արհմիութեան նախագահ, որոնք բոլորը կոմկուսի անդամ էին եւ բոլորին նշանակում էին կոմկուսից, ի հարկէ ֆորմալ ընտրութիւների միջոցով։

Որպէսզի առերեւոյթ երեւար թէ երկիրը աշխատաւորներինն է, հնարաւորինս պէտք է թաքցուէր վերադաս կոմկուս եւ ստորադաս աշխատաւորներ յարաբերութիւնը, եւ երբ վերադասը ուզում էր որեւէ մէկին աշխատանքից հեռացնել, պէտք է այնպէս ներկայացնէր, որ ոչ ոք նրան չի ստիպել, որ աշխատաւորն է իր կամքով դուրս եկել: Ինչպէ՞ս. տնօրէնը աշխատաւորին կանչում էր իր մօտ ու ասում՝ դիմում գրի, դուրս արի։ Կարո՞ղ էր չգրել, եթէ չգրէր հրամանով կը հեռացուէր աշխատանքից եւ հեռացուածի պիտակը կը փակցուէր աշխատանքային գրքոյկում ու կը դառնար հասարակութեան համար անցանկալի տարր, մէկը, ով իր վարքով խոչընդոտում է աշխատաւորների երկրի զարգացմանը, կը դառնար գրեթէ հակասովետական տարր։

Սովետի փլուզումից յետոյ հետսովետական երկրները տարբեր ուղիներով գնացին, օրինակ Մերձպալթեան հանրապետութիւններում արհիմութիւնները վերածուեցին աշխատաւորների իրաւունքները պաշտպանող հակակշիռների, իսկ Հայաստանում արհիմութիւնները վերացան, եւ աշխատաւորները լրիւ անպաշտպան մնացին գործատուների առաջ։

Յետսովետական մէկ այլ երկրում էլ, Ռուսաստանում էլ աշխատաւորների իրաւունքները թոյլ են պատշպանուած, սակայն ի տարբերութիւն Հայաստանի, ստեղծւում են արհմիութիւններ, աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան շարժումներ կան։ Ռուսական մամուլում բազմաթիւ հրապարակումներ կան այն մասին, որ աշխատաւորի իրաւունքների կոպիտ խախտում է, երբ նրան ասում են ազատման դիմում գրել։ АиФ-ը գրում է. «Սեփական ցանկութեամբ աշխատանքից հեռանալու նախաձեռնողը միայն կարող է լինել ինքը՝ աշխատաւորը։ Հակառակ դէպքում, դա կը լինի ոչ թէ աշխատաւորի, այլ գործատուի ցանկութիւնը։ Ղեկավարութեան կողմից այդպիսի խնդրանքները հակաօրինական են»։ АиФ-ը գրում է.

Փաշինեանը չխնդրեց, հրամայեց։

Վարչապետի թիրախը աւագ տեսուչ Հայկ Մարտիրոսեանն էր, նրա սենեակում էր դրօշակը «սխալ» վիճակում եղել։ Մի քանի օր անց մամուլը հաղորդում է, որ դիմում են գրում եւ աշխատանքից դուրս գալիս նրա հետ նաեւ այլ աշխատակիցներ։ Մաքստան աշխատակիցները ոչինչ չէին կարող անել, ո՛չ արհմիութիւն կայ, որ նրանց պաշտպանի, ո՛չ էլ կը փորձեն դատարան դիմել, որ նոր գլխացաւանքի մէջ չընկնեն, ինչպէս Սովետում. այնպէս էլ Հայաստանում, հետագայում քիչ թէ շատ նորմալ աշխատանք ստանալու համար պէտք է հնազանդ լինել իշխանութեանը։

Խորհդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանում ստեղծուեց նախաարհմիութենական կապիտալիզմ, այսինքն այն ինչ եղել է Արեւմուտքում 150-200 տարի առաջ, առանց կամ գրեթէ առանց քաղաքացիական հասարկութեան կորիզը հանդիսացող արհմիութիւնների, գումարած աշխատանքից հեռացման սովետական ձեւը։

Անցեալ տարի 2018 թաւշեայ յեղափոխութիւն անունը կրող շարժումն էլ հենց անկախութեան 29 տարիների անարդարութեան կուտակման բռնկումն էր, որ յանգեցրեց իշխանափոխութեան։

Եւ եթէ այն նոյն Հայաստանը շարունակւում է անցեալ տարուայ փոփոխութիւնից յետոյ էլ, աւելին, արդէն հրապարակայնօրէն է ոտնահարւում աշխատողի իրաւունքը, ապա այն յեղափոխութիւն անուանելը դժուար է, եթե ի հարկե այլեւս յեղափոխութիւնը ոչ թէ իշխող գաղափարախօսութեան, համակարգի փոփոխութիւն է, այլ այն, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց ու մի վարչապետին փոխարինում մէկ ուրիշով։

Այո, համաժողովրդական ալիքը չունեցաւ գործող իշխանութիւններին հակադրուող գաղափարախօսութիւն։ Այսուհանդերձ, այն ինչ եղաւ մէկ տարի առաջ, անուանել էին յեղափոխութիւն, ուրեմն, պէտք է ամէն տարի նշել, իսկ նշելու համար անհրաժեշտ էր ինչ որ գաղափարական անուն տալ։ Բայց ի՞նչ անուն։

Յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանը իր խօսքը ուղղելով ցուցարարներին սկսում էր «Հայաստանի հանրապետութեան հպարտ քաղաքացի» արտայայտութեամբ, սակայն ո՞վ էր այդ ՀՀ քաղաքացին՝ սեփականատէ՞րը, աշխատաւո՞րը, գործազո՞ւրկը, ընչազո՞ւրկը, պետական ծառայո՞ղը, հանրապետակա՞նը, դաշնակցակա՞նը, Քաղաքացիական պայմանագրակա՞նը, թէ բոլո՞րը, քանի որ հետն էլ յայտարարում էր՝ «սիրոյ եւ հանդուրժողականութեան յեղափոխութիւն»։ Այսուհանդերձ պարզ չէր եւ ոչ ոք չէր պահանջում պարզաբանում, շատ աւելի հզօր էր իշխանութիւնը տապալելու, քան հռետորի խօսքը պարզաբանելու ցանկութիւնը։

Միայն վարչապետ դառնալուց յետոյ սկսեց ուրուագծուել, թէ ովքեր են Փաշինեանի համար հպարտ քաղաքացիները՝ աւելի սպիտակները քան սեւերը, աւելի նրանք ովքեր տեղ ունեն նոր Հայաստանում, եւ աւելի նուազ նրանք ովքեր տեղ չունեն նոր Հայաստանում (համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնեանի մասին էր ասել, թէ նա տեղ չունի նոր Հայաստանում)։

Փաշինեանը քաղաքացիներին սկսեց շերտաւորել ու սորտաւորել. բարձր կարգի քաղաքացիներ են սեփականատէրերը եւ ցածր՝ ընչազուրկները (Անցեալ Նոյեմբերին վարչապետը ասում էր. «սեփականատէրը ասում է 4 տարի ա ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետեւ մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետեւ աղքատութեան նպաստ են ստանում, որովհետեւ մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատութեան նպաստից կը զրկուեն»: Տես` այս մասին թէ ինչպէս են աշխատաւորները շահագործւում սեփականատէրերի մօտ): Ապա բարձր կարգ են նրանք ովքեր աշխատավարձ են ստանում, ցածր՝ թոշակառուներն ու գործազուրկները («800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝ մեր նպաստը լաւացրու, մեր առողջապահութիւնը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ աւելի շատ ճռայ»): Աւելի բարձր կարգ են նրանք ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ («բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է»), իսկ ինչքան ցածր այնքան մերժելի, ամենամերժելին՝ սեւագործ բանուորներն են («Ինչ է, մենք յեղափոխութիւն ենք արել, որ մեր երկրում սեւագործ բանուորների հասարակութի՞ւն լինենք», Փաշինեանը այսպէս էր հիմնաւորում հարկային այն փոփոխութիւնը, որով վերացուելու է բրոկրեսիւ եկամտահարկը, եւ փոխարինուելու համահարթով)։

Բայց Ազգային ժողովը Նիկոլ Փաշինեանի ձեռքին է եւ աշխատացնելով անցեալ տարուայ յեղափոխական օրերի «ՀՀ հպարտ քաղաքացի» անորոշ ձեւակերպումը՝ ԱԺ-ն յեղափոխութեանը գաղափարական հագուստի մէջ է խցկում՝ տօն սահմանելով քաղաքացու օրը։

Ի՞նչ են հասկանում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամաւորները քաղաքացի ասելով.

Պատգամաւոր Թագուհի Ղազարեանը ասում է. «ՀՀ անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները այս տօնի կրողներն են»: Ուրեմն, Հայաստանի քաղաքացիութի՞ւնը, բայց այդ քաղաքացիութիւնը ստեղծուել է 1991 թուին, երբ Հայաստանը հռչակուեց անկախ, ուրեմն, անձնագրի օրը Սեպետմբերի 21-ն է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի համար քաղաքացին հարկ վճարողն է, բայց ոչ ամէն մի պետութեան հարկ վճարողը, նա ով վճարում է հարկ միայն հայկական պետականութեանը՝ լինի այն թագաւորութիւն, ուր ոչ թե քաղաքացիական հասարակութիւն է, այլ տիրակալ եւ հպատակ յարաբերութիւններ են, թէ հանրապետութիւն, ուր կարող է հռչակուել քաղաքացիական հասարակութիւն, սակայն յարաբերութիւնները մնան տիրակալի ու հպատակի։ Միրզոյեանը Բագրատունիների միապետութեան հպատակ ճորտ գիւղացու մէջ քաղաքացուն է տեսնում, նա ասում է. «հարիւրապատիկ դժուար է լինել քաղաքացի, քանի որ 1000 տարի առաջ մենք կորցրեցինք պետականութիւնը եւ դրան յաջորդող 1000 տարիների ընթացքում սովորեցինք ապրել այնպիսի պայմաններում, երբ հարկահաւաքը մերը չէր, ոստիկանը, տեղական ադմինիստրացիան, կեդրոնական իշխանութիւնը մերը չէր, օտարինն էր, բանակը մերը չէր, յաղթանակը մերը չէր, մերը մեր տունն ու հողամասն էր»:

Միրզոյեանը նոյն ելոյթում նաեւ ասում է, որ երբ իրենց հարցնում էին որն է ձեր ծրագիրը, պատասխանում էին՝ քաղաքացուն արթնացնելը։ Հիմա ծրագիրը քաղաքացուն քնացնե՞լն է։ Չգիտեմ, բայց վարչապետը իր դիմում գրելու սովետական պահանջով Ապրիլի 9-ին պետական ծառայողի մէջ սպանեց քաղաքացուն։

Ի՞նչ էր զգում քաղաքացու օրը իր դիմումով աշխատանքից հեռացուած Հայկ Մարտիրոսեանը, զգո՞ւմ էր իրեն հպարտ քաղաքացի, նշո՞ւմ էր տօնը, թէ՞ ոչ։ Լրագրողները նրա մօտ չգնացին, տօնակատարութեան կենտրոնում վարչապետի լայն ժպիտն էր։

Քաղաքացու օրը՝ մի տօն է, որ շատ նման է սովետական Մայիսի մէկի աշխատաւորների տօնին, երկուսում էլ զանգուածները տօնում են վերնախաւի յաղթանակը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.