2020. Համավարակ Եւ Պատերազմ
ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ
2020 թուականը հայոց պատմութեան մէջ կը մնայ որպէս համավարակի, պատերազմի, հազարաւոր զոհերի եւ պարտութեան տարի: Այն Արցախի` հայկական երկրորդ հանրապետութեան տարածքի շուրջ 75 առ հարիւրի կորստի տարին էր, որը Հայաստանի, Արցախի եւ ողջ հայութեան համար ստեղծեց բոլորովին նոր իրավիճակ. վերացաւ անվտանգային այն համակարգը, որի ստեղծման համար պահանջուել էր 32 տարի, մեծ ջանքեր ու նուիրում եւ որի համար նուիրաբերուել էին հազարաւոր կեանքեր:
Տարին սկսուեց Հայաստանի իշխանութիւնների նախաձեռնած Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի նախապատրաստութիւններով եւ մեկնարկով: Նախատեսւում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի եւ վեց անդամների լիազօրութիւնների դադարեցման հարցով 5 ապրիլիին անցկացնել հանրաքուէ: Դատական իշխանութեան նկատմամբ լիարժէք վերահսկողութիւն հաստատելուն ուղուած այս հանրաքուէի անցկացման որոշումը խորհրդարանի կողմից կայացուեց օրէնքի խախտումներով եւ արժանացաւ ընդդիմութեան եւ փորձագիտական հանրութեան խիստ քննադատութեանն ու դիմադրութեանը: Ընդդիմադիր ուժերը կոչ արեցին պոյքոթ ենթարկել եւ չմասնակցել հանրաքուէին: Միաժամանակ ուժգնանում էր «Քորոնա»-ի համաճարակի վտանգը, սակայն իշխանութիւնները` վարչապետից ու առողջապահութեան նախարարից սկսած, ոչ միայն անտեսում էին վտանգը, այլեւ` ծաղրում դրա սպառնալիքը, ինչը իշխանութեան մեծագոյն սխալներից էր եւ յանգեցրեց համավարակի լայնածաւալ տարածմանն ու բազմաթիւ մարդկանց հիւանդանալուն եւ մահուան: Սպառնալիքի ուժգնացման եւ համաշխարհային ընդգրկման իրավիճակից դրդուած, Հայաստանի իշխանութիւնները միայն 16 մարտին յայտարարեցին արտակարգ դրութիւն եւ ձեռնարկեցին համավարակի սպառնալիքները մեղմելու միջոցառումներ` այստեղ եւս թոյլ տալով բազմաթիւ սխալներ: Հայաստանը յայտնուեց` աշխարհում համավարակի տարածման ցուցանիշով 50 առաջատար երկրների ցանկում: Տարեվերջում վարակուածների թիւը, ըստ պաշտօնական տուեալների, հասաւ 157349-ի, իսկ մահացածներինը` 2752-ի: Ձեռնարկուած միջոցառումները արդիւնաւէտ չէին, քանզի սկզբնապէս իշխանութեան անլուրջ մօտեցումները եւ սխալ քայլերը թուլացրել էին բնակչութեան զգօնութիւնը: Իշխանութիւններին ընդդիմութեան, մասնաւորապէս ՀՅԴ-ի կողմից մեկնուած համագործակցութեան ձեռքն ու արուած բազմաթիւ առաջարկութիւնները մերժուեցին, եւ Հայաստանը այդպէս էլ չկարողացաւ էականօրէն բարելաւել «Քորոնա» ժահրի տարածման ցուցանիշները եւ մեղմել դրա հետեւանքները: 11 սեպտեմբեր 2020-11 յունուար 2021 յայտարարուեց բնակարանային մեկուսացում: Սակայն 27 սեպտեմբերից սկսուած Արցախեան նոր լայնածաւալ պատերազմը համավարակի խնդիրները գրեթէ մառացութեան մատնեց: Հայութիւնը մխրճուեց պատերազմի եւ յետպատերազմեան մղձաւանջի մէջ:
12-21 յուլիս Տաւուշում տեղի ունեցան սահմանային միջադէպեր, որոնց արդիւնքում Հայաստանի զինուած ուժերը այդ հատուածում բարելաւեցին ռազմավարական բնագծերը: Վարչապետ Փաշինեանն այս յաջողութիւնը` 2016-ի Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ 800 հեքթարի կորստի ֆոնին փորձեց օգտագործել իր քաղաքական ինքնաքարոզչութեան համար. այդ գործողութիւնների մասնակից շուրջ 71 զինծառայողներ եւ սպաներ արժանացան «Մարտական խաչ» Ա. եւ Բ. աստիճանի շքանշանների, ինչն աննախադէպ էր Հայաստանի զինուած ուժերի պարգեւատրումների պատմութեան մէջ: Ազրպէյճանն ու Թուրքիան միջազգային հարթակներում հանդէս եկան Հայաստանի դէմ ուղղուած բազմաթիւ նախաձեռնութիւններով, ազրպէյճանական բանակի պաշտօնեաներից մէկը նոյնիսկ սպառնաց հարուածել Մեծամորի ադոմակայանին: Խնդիրն այն էր, որ Տաւուշի սահմանային յաջողութիւնները սպառնալիք էր ստեղծել Ազրպէյճանի նաւթամուղների եւ փոխադրութեան ռազմավարական հանգոյցների նկատմամբ: Թուրքիան անթաքոյց կանգնեց Ազրպէյճանի կողքին. աւելին, յուլիս-օգոստոս ամիսներին Ազրպէյճանն ու Թուրքիան նախաձեռնեցին աննախադէպ միասնական զօրավարժութիւններ, Նախիջեւան եւ Ազրպէյճանի այլ շրջաններ տեղափոխուեցին մեծաթիւ թուրքական զինուժ, այդ թւում օդուժ եւ ծանր սպառազինութիւն` անմիջական սպառնալիք ստեղծելով Արցախի եւ Հայաստանի համար: Հայկական Սփիւռքը, մասնաւորապէս ՀՅԴ կառոյցները, իրենց ներուժն ի սպաս դրեցին աշխարհի տարբեր քաղաքներում բողոքի ցոյցեր կազմակերպելու, դիւանագիտական եւ տեղեկատուական հարթութիւններում հայկական շահերը պաշտպանելու եւ թուրք-ազրպէյճանական առանցքին հակադարձելու գործում: Օգոստոսի 10-ին աւարտուած զօրավարժութիւններից յետոյ թուրքական զինուած ուժերը չհեռացան Ազրպէյճանի տարածքից. ակնյայտ էր, որ խիստ մեծ էր պատերազմի վտանգը, սակայն Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները համարժէք քայլեր չգործադրեցին` մեծացնելու զոյգ պետութիւնների անվտանգութեան ապահովումն ու հանրութեան նախապատրաստութեան աստիճանը: Ընդդիմութեան կողմից բազմիցս բարձրաձայնուած վտանգների եւ դրանց կանխման մասին առաջարկները մնացին անարձագանգ: Մասնաւորապէս, Դաշնակցութիւնը բազմիցս հանդէս էր եկել Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման առաջարկով, ինչպէս նաեւ շարունակել Ազգ-բանակ ծրագիրն ու պահեստազօրային պատրաստութիւնները` Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի կազմում կազմաւորելով պահեստազօրային գումարտակ, կամաւորականների ջանքերով ստեղծելով նաեւ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութիւնը: Միջազգային ճակատում եւս Դաշնակցութիւնը շարունակում էր իր ոչ պաշտօնական դիւանագիտական աշխատանքները. դեռեւս 24-28 փետրուար Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը, որը մէկ անգամ եւս վերահաստատեց միջազգային հարթակում Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանութեան եւ առաջ մղման, Արցախի անկախութեան միջազգային ճանաչման ուղղութեմաբ Հայ դատի յանձնառութիւնը:
Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններում եւս Դաշնակցութիւնը հանդէս եկաւ միասնութեան, համերաշխութեան, ուժերի մէկտեղման ծրագրերով, սակայն ընտրութիւններում յաջողութիւններ գրանցեցին Արայիկ Յարութիւնեանի եւ Սամուէլ Բաբայեանի կուսակցութիւնները, որոնց աջակցում էին Հայաստանի իշխանութիւնները. Արցախի նախագահ ընտրուեց Արայիկ Յարութիւնեանը: Խորհրդարանում Դաշնակցութիւնը ունեցաւ 3 աթոռ:
Դեռեւս օգոստոսից համացանցում լուրեր էին տարածւում, որ Թուրքիան Սիրիայից Ազրպէյճան է տեղափոխում ահաբեկիչների, սակայն Հայաստանի իշխանութիւնները որեւէ կերպ չարձագանգեցին այդ լուրերին: Աւելին, Հայաստանում եւ Արցախում շարունակւում էին դեռ 2018-ի թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ ծայր առած հասարակութեան պառակտման, ընդդիմադիր գործիչների, նախկին նախագահների ու պաշտօնեաների եւ բանակի նախկին զօրավարների հալածանքներրն ու շինծու դատավարութիւնները. սեւերի-սպիտակների, ներկաների-նախկինների արհեստական բաժանումներով պառակտուած հասարակութիւնը էապէս թուլացաւ պատերազմի նախօրեակին: Իշխանութիւններին քննադատելուց եւ կառավարութեան հրաժարականը պահանջելուց յետոյ հալածանքներ սկսուեցին խորհրդարանական երկրորդ ուժի` «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի նկատմամբ. գործը հասաւ նրա պատգամաւորական լիազօրութիւնների կասեցմանն ու կալանաւորմանը: Իշխանութիւնները նոր թափ էին հաղորդել ազգային արժէքների, մասնաւորապէս կրթական ոլորտում հայագիտական առարկաների` հայոց պատմութեան, հայ եկեղեցու պատմութեան, հայոց լեզուի եւ հայ գրականութեան դէմ պայքարին:
Միջազգային եւ միջպետական յարաբերութիւնների առումով եւս իշխանութիւնները որեւէ էական յաջողութիւն չէին կարողացել գրանցել: Ընդհակառակը, էականօրէն վատացել էին Ռուսաստանի եւ Իրանի հետ փոխյարաբերութիւնները: Փորձագիտական շրջանակների եւ քաղաքական գործիչների կողմից բարձրաձայնւում էր, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանին ռազմամթերքի անվճար մատակարարումները:
27 սեպտեմբերի առաւօտեան Ադրբեջանը` ահաբեկիչ վարձկանների եւ Թուրքիայի անթաքոյց աջակցութեամբ խախտեց զինադադարը եւ լայնածաւալ յարձակման անցաւ Արցախի սահմանների ուղղութեամբ: Յարձակումն իրականացւում էր երկու հիմնական ուղղութիւններով` հիւսիսային եւ հարաւային: Ազրպէյճանի նախագահը յայտարարեց, որ իրենք Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւն վերականգնելու նպատակով անցել են հակայարձակման, նոյնիսկ չթաքցնելով, որ զինադադարը հէնց իրենք են խախտել:
Հայաստանում եւ Արցախում յայտարարուեց ռազմական դրութիւն եւ համընդհանուր զօրահաւաք: Պաշտօնական տեղեկատուութիւնը, հիմնականում, ներկայացւում էր Հայկական միասնական տեղեկատուական կեդրոնի կողմից: Ընդդիմադիր կուսակցութիւնները յայտնեցին, որ դադարեցնում են ներքաղաքական պայքարը եւ իրենց ողջ ուժերը կեդրոնացնում պատերազմում յաղթելու համար: ՀՅԴ Բիւրոն եւ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկան յայտարարութիւններով եւ կոչերով, յայտարարելով, որ բոլորս այս պահից զինուոր ենք, եւ Դաշնակցութեան համաշխարհային կառոյցի ողջ ներուժը ի սպաս է դրւում պատերազմում յաղթելու համար: Սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկների կողմից ստեղծուած «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան կոչով ՀՅԴ կամաւորները հաւաքուեցին Արամ Մանուկեանի արձանի մօտ եւ կոչ արեցին` միանալ հայոց բանակին. նոյն օրը առաջին վաշտը անմիջապէս մեկնեց ռազմաճակատ: Հայութիւնն աշխարհի բոլոր ծայրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամին էին փոխանցում գումարներ, ցուցաբերում բազմակողմանի այլ օժանդակութիւն` պատերազմի կարիքները հոգալու համար. «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահաւաքի ընթացքում հաւաքուեց աւելի քան 170 միլիոն տոլար: Սփիւռքի համայնքների ջանքերով աշխարհի տարբեր քաղաքներում իրականացուեցին բազմաթիւ շարժումներ` Ազրպէյճանին, Թուրքիային եւ ահաբեկչական ուժերին սանձելու, Հայաստանին եւ Արցախին աջակցելու, Արցախի անկախութիւնը ճանաչելու նպատակով: Ողջ հայութիւնն իր ուժերը լարեց դիմակայելու նաեւ տեղեկատուական պատերազմում: ՀՅԴ համաշխարհային կառոյցը կրկին ամբողջ ներուժով լծուեց համահայկական եւ միջազգային տարողականութեամբ աշխատանքներին: Շրջանառութեան մէջ դրուեց «Հաղթելու ենք» կարգախօսը, պատերազմը վերածուեց իրական Հայրենական պատերազմի, եւ թւում էր` թիկունքն ու ռազմաճակատը լարել են իրենց ողջ ներուժն, ու յաղթանակը, իրօք, հնարաւոր է, առնուազն թւում էր, որ պատերազմից դուրս կարող ենք գալ ոչ մեծ կորուստներով: Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, վերջին տարիներին բանակից հեռացուած փորձառու զօրավարներն ու հրամանատարները եւս փորձեցին լծուել գործի` իրենց փորձառութեամբ աջակցելու գործող պաշտօնեաներին ու հրամանատարներին: Այդ նպատակով շատերը մեկնեցին Արցախ` տեղում օժանդակելու համար: ՀՅԴ-ն շարունակեց կամաւորագրման եւ պատրաստի պահեստոզօրայիններին ռազմաճակատ ուղարկելու գործընթացը, եւ շուրջ 400 ՀՅԴ կամաւորներ այդ շրաջանակում մեկնեցին ռազմաճակատ եւ պատուով կատարեցին իրենց գործը` տալով 33 զոհ եւ բազմաթիւ վիրաւորներ:
Չնայած ընդհանուր ոգեւորութեանը, համացանցում յայտնւում էին բազմաթիւ տեսանիւթեր հայկական տարբեր բնակավայրերի գրաւման, գերեվարումների եւ այլ բռնարարարքների տեսարաներով: Ծանր վիրաւորում ստացաւ նաեւ Արցախի պաշտպանութեան նախարար Ջալալ Յարութիւնեանը:
Միջազգային հանրութիւնը, այդ թւում Մինսքի խմբի համանախագահող երկրները, հանդէս եկան դատապարտող յայտարարութիւններով եւ հրադադար հաստատելու պահանջներով: Պատերազմի առաջին 10 օրերին ակնյայտ էր, որ հիւսիսում կորսուած է Թալիշն ու Մատաղիսը, իսկ հարաւում թշնամին Ճապրայիլի ուղղութեամբ ճեղքել էր պաշտպանութիւնը եւ Արաքսի հովտով, նաեւ դրանից հիւսիս շարժւում էր Հադրութ, Ղուբաթլու եւ Զանգելան: Հիւսիսում թշնամու առաջխաղացումը յաջողութեամբ կասեցուեց, սակայն հարաւում դիմադրութիւնը գրեթէ փլուզուեց: Ճապրայիլի ուղղութեամբ հայկական բանակը կրել էր մարդկային ուժի եւ սպառազինութեան մեծ կորուստներ: Թշնամին բուռն կերպով հրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, նաեւ Արցախի այլ քաղաքներն ու գիւղերը, օգտագործւում էին նաեւ արգելուած զինատեսակներ, օդուժ, անօդաչու թռչող սարքեր: Թիրախաւորուեց Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցին, Ստեփանակերտի քաղաքացիական կառոյցները, այդ թւում ծննդատունը: 10 հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովի ջանքերով, Մոսկուայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարները պայմանաւորուեցին հաստատել մարդասիրական հրադադար, սակայն այն չգործեց. 18 հոկտեմբերին եւս հակամարտող կողմերը պայմանաւորուեցին հաստատել մարդասիրական հրադադար, որը եւս չպահպանուեց: Հրադադար հաստատելու 3-րդ փորձը ձեռնարկուեց 26 հոկտեմբերին` Միացեալ Նահանգներու միջնորդութեամբ, սակայն այն եւս խախտուեց: Ազրպէյճանը` Թուրքիայի եւ ահաբեկիչ վարձկանների աջակցութիւնից եւ իր յաջողութիւններից ոգեւորուած, չէր պահպանում հրադադարը: Հայկական կողմին արուած զիջումների առաջարկութիւններն էլ մերժւում էին վարչապետ Փաշինեանի կողմից: Պատերազմի հէնց սկզբից ակնյայտ էր, որ հայկական բանակը ազրպէյճանականին զիջում է նորագոյն զինատեսակներով, յատկապէս օդում: Թուրքական եւ իսրայէլական արտադրութեան անօդաչու թռչող սարքերի դէմ պայքարը անարդիւնաւէտ էր` չնայած յաջողուել էր շարքից հանել մեծ թուով սարքեր: Հայկական բանակը զիջում էր նաեւ ծանր հրետանային միջոցներով, որոնք վճռական դեր խաղացին պատերազմի ընթացքում: Յետոյ պարզ դարձաւ, որ Արցախի Պաշտպանութեան բանակի հակաօդային ուժերի շուրջ 50 եւ հրետանու 40 տոկոսը թշնամու կողմից շարքից հանուել է պատերազմի հէնց մեկնարկին: Ոչ մխիթարական լուրեր էին ստացւում հայկական ընդհանուր զօրաշարժի ներուժի ոչ արդիւնաւէտ զօրահաւաքի եւ գործադրման ուղղութեամբ: Հետագայում պարզ դարձաւ, որ Արցախեան պատերազմի փորձառու բարձրաստիճան նախկին հրամանատարներին իշխող վարչախումբը չի թոյլատրել մասնակցել պատերազմի վարման գործողութիւններին:
Հադրութը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց յետոյ` մնաց թշնամու հսկողութեան տակ: Հոկտեմբերի կէսերին թշնամական ուժերը արդէն գրաւել էին Իշխանաձոր գիւղը` սպառնալիք ստեղծելով Սանասարի (Ղուբաթլու) եւ Բերձորի (Լաչին) համար: Միաժամանակ Հադրութից թշնամու զօրքերը հոկտեմբերի վերջերին շարժուել ու յայտնուել էին Շուշիի մատոյցներում: 25 հոկտեմբերին ընկաւ Ղուբաթլուն. թշնամին մօտեցաւ Սիւնիքի սահմաններին: 30 հոկտեմբերին Արցախի նախագահը յայտարարեց, որ Շուշին վտանգի տակ է: Այս ամբողջ ընթացքում, հայ հանրութիւնը սնւում էր պաշտօնական տեղեկատուութեամբ` «Հաղթելու ենք» կարգախօսով: Թշնամին պատերազմի ընթացքում մի քանի անգամ թիրախաւորեց նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանները. թուրքական «Էֆ. 16» կործանիչից արձակուած հրթիռից Հայաստանի տարածքում ոչնչացուեց հայկական «Սու-25» ինքնաթիռը, հարուածներ հասցուեցին նաեւ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի. Վարդենիսի տարածքում անօդաչու թռչող սարքը հարուածեց մարդատարի: Հայկական զինուած ուժերի կողմից հարուածներ հասցուեցին Գեանջայի օդանաւակայանին եւ Գեանջայ քաղաքի ռազմական սարքերին. հայ հասարակութիւնը սպասում էր, որ Հայաստանը վերջապէս կը ճանաչի Արցախի անկախութիւնն ու հարուածներ կը հասցուեն Ազրպէյճանի համար կենսական նշանակութիւն ունեցող նաւթամուղներին, ինչը տեղի չունեցաւ պատերազմի 44 օրերի ընթացքում: Վարչապետ Փաշինեանը, որ պատերազմի սկզբում խուսափում էր ՀԱՊԿ-ին եւ դաշնակից Ռուսաստանին դիմելուց, 31 հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնութեանը դիմեց` աջակցութեան խնդրանքով. որպէս պատասխան ստացուեց, որ Հայաստանին վտանգ սպառնալու դէպքում այդ օժանդակութիւնը կը լինի` համաձայն կնքուած պայմանագրերի, միաժամանակ մատնանշւում էր, որ ռազմական գործողութիւնները ընթանում են Հայաստանի տարածքից դուրս: Հայաստանին աջակցութիւն չցուցաբերեցին նաեւ հարեւան Իրանն ու Վրաստանը, աւելին, Վրաստանն արգելեց իր օդային տարածքով զինամթերքի տեղափոխումը, իսկ Իրանն իր տարածքում` Արաքսի ափին, տեղակայեց մեծաթիւ զօրաբանակ` հնարաւոր ներխուժումը կանխելու համար: Հետագայում պարզ դարձաւ, որ Հայաստանը օժանդակութեան հարցով չի դիմել նոյնիսկ Ֆրանսիային` ոչ պատերազմի ընթացքում եւ ոչ էլ հրադադարը կնքելու ժամանակ, իսկ Ռուսաստանը տրամադրել է այն անհրաժեշտ սպառազինութիւնն ու զինամթերքը, ինչի համար դիմել է Հայաստանը:
Նոյեմբերի առաջին շաբաթուան ընթացքում արդէն մարտեր էին մղւում Շուշիի համար. ազրպէյճանցիները խնդիր էին դրել Ազրպէյճանի դրօշի օրը` 9 նոյեմբերին, գրաւել քաղաքը: Հետագայում, Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հարցազրոյցից բացայայտուեց, որ մի քանի անգամ առաջարկութիւն է եղել Փաշինեանին, որոնց շրջանակում Շուշին պէտք է մնար Լեռնային Ղարաբաղի կազմում, եւ այնտեղ միայն պէտք է վերադառնային ազրպէյճանցի փախստականները, սակայն Փաշինեանը մերժել էր այդ առաջարկները: Անմատչելի Շուշին, որ Արցախեան յաղթանակի խորհրդանիշն էր, ընկաւ անսպասելի. 7 նոյեմբերին թշնամու յատուկ զօրաջոկատները յայտնուեցին քաղաքում: 9 նոյեմբերին Արցախի նախագահի խօսնակը յայտարարեց, որ Շուշին անցել է թշնամու հսկողութեան տակ եւ վտանգուած է մայրաքաղաք Ստեփանակերտի գոյութիւնը: Մինչ այդ հայ հասարակութիւնը սպասում էր հուժկու հակահարուածի, լուրեր էին պտտւում, որ այդ հակահարուածով Արցախի տարածքում հարաւից մխրճուած զօրաբանակին նախատեսւում է առնել շրջափակման մէջ` Ղուբաթլուի, այնուհետ Շուշիի մատոյցներում կասեցնելով նրա առաջխաղացումը: Շուշիի անկման լուրը սառը ցնցուղ էր, հանրութիւնը մի քանի ժամ չէր հաւատում լուրին: Յաղթութեան ակնկալիքից ու ոգեւորութիւնից խաբուած հայ հանրութիւնը շոքի մէջ էր: 9 նոյեմբերի երեկոյեան Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը ստորագրեցին 9 կէտից բաղկացած եռակողմ յայտարարութիւն, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում 10 նոյեմբերի կէսգիշերին լիակատար դադարեցւում էր ռազմական գործողութիւնները, եւ կողմերը կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում. Ակնայի (Աղդամի) շրջանը մինչեւ 20 նոյեմբեր 2020 վերադարձւում էր Ազրպէյճանին, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում էր Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր ինքնաշարժ եւ յատուկ սպառազինութիւն), Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը ծաւալւում է հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի գտնուելու ժամկէտը սահմանւում է 5 տարի` հերթական հնգամեայ ժամանակահատուածով ինքնեկ երկարաձգմամբ, եթէ կողմերից ոչ մէկը ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չյայտարարի այդ դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին, ստեղծւում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կեդրոն, Հայաստանի Հանրապետութիւնը մինչեւ 15 նոյեմբեր 2020 Ազրպէյճանին պէտք է վերադարձներ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչեւ 1 դեկտեմբեր 2020` Բերձորի (Լաչինի) շրջանը: Լաչինի միջանցքը (մօտ 5 քմ լայնութեամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, շրջանցելու է Շուշին, մնալով Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տակ: Կողմերի համաձայնութեամբ առաջիկայ երեք տարում պէտք է որոշուի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով ինքնաշարժներու երթեւեկութեան նոր երթուղու կառուցման ծրագիրը, Ադրբեջանը երաշխաւորում է Լաչինի միջանցքով երթեւեկութեան անվտանգութիւնը, ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները պէտք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ, պէտք է իրականացուի ռազմագերիների եւ պատանդների, ինչպէս նաեւ զոհուածների դիակների փոխանակում, տարածաշրջանում պէտք է բացուեն բոլոր տնտեսական եւ փոխադրութեան կապերը: Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Ազրպէյճանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան արեւմտեան շրջանների միջեւ փոխադրութեան եւ հաղորդակցութեան անվտանգութիւնը, որի վերահսկողութիւնը պէտք է իրականացուի Ռուսաստանի Դաշնակցային անվտանգութեան գրասենեակի Սահմանապահ ծառայութեան մարմինների կողմից:
Փաստացի Ազրպէյճանին անցան ոչ միայն ազատագրուած 7 շրջանները, այլեւ Արցախի Հադրութի շրջանը, Ասկերանի եւ Մարտունու մի քանի գիւղեր, Շուշին, Թալիշն ու Մատաղիսը:
Հայաստանի եւ Արցախի համար այս ամօթալի եւ անձնատուուական յայտարարութիւնն ալեկոծեց հայ հասարակութեանը: Փաստաթուղթը ստորագրելիս վարչապետ Փաշինեանը չէր խորհրդակցել ոչ երկրի նախագահի, ոչ արտաքին գործոց նախարարի, ոչ Ազգային ժողովի խմբակցութիւնների հետ, այնինչ խոստացել էր Արցախին վերաբերող որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ ծաւալել լայն ժողովրդային քննարկումներ: Փաստաթղթի ստորագրման գիշերը մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան, Ազգային ժողովի շէնքեր եւ կառավարական ամառանոց. ծեծի ենթարկուեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը:
10 նոյեմբերին Հայաստանի ընդդիմադիր 17 կուսակցութիւնների խորհուրդը յայտարարեց այդ ամօթալի փաստաթղթի անընդունելիութեան մասին ու յաջորդ օրը Ազատութեան հրապարակում հրաւիրեց հանրահաւաք: Նոյն օրը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը յայտարարեց, որ Փաշինեանի կառավարութիւնը վայրկեան առաջ պէտք է հեռանայ, պէտք է ձեւաւորուի ազգային իշխանութիւն, որը կը կարողանայ փրկել իրավիճակը: 11 նոյեմբերին մեծաթիւ քաղաքացիներ հաւաքուեցին Ազատութեան հրապարակում, տեղի ունեցաւ ոստիկանութեան հետ բախումներ, այնուամենայնիւ քաղաքացիներին եւ ընդդիմադիր ուժերին յաջողուեց անցկացնել բազմամարդ հանրահաւաքը:
ՀՅԴ Բիւրոն խստօրէն դատապարտեց հրադադարի այդ խայտառակ փաստաթուղթը եւ իրավիճակից որպէս ելք, մատնանշեց Փաշինեանի անցնցում հեռացումը վարչապետի պաշտօնից, հայութեան ուժերի համախմբումն ու առկայ խնդիրների միասնաբար լուծումը:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն անցան գրեթէ ամէնօրեայ բողոքի ցոյցերով` հանրահաւաքներով, երթերով, հացադուլներով, գործադուլներով, դասադուլներով, փողոցներ փակելով եւ այլ գործողութիւններով: 17 կուսակցութիւնները, ընդլայնելով համագործակցութեան ձեւաչափը, դեկտեմբերի 3-ին ձեւաւորեցին համահայկական եւ վերկուսակցական` «Հայրենիքի փրկութեան շարժում»: Վերջինիս խորհրդի տարածած յայտարարութեան մէջ ասւում էր, որ Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատուել Հայաստանի աղէտաբեր վարչակազմից` ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարութիւն, որը կը կանխի Հայաստանի պետականութեան կորուստը, կ՛իրականացնի երկրի յետպատերազմեան առողջացումը, կ՛աշխատի ազգային-պետական շահերի վրայ հիմնուած ներքին եւ արտաքին քաղաքականութեան, քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորման բարձրացման ուղղութեամբ եւ կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Որպէս անցումային կառավարութեան վարչապետ առաջարկւում էր Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետ ու պաշտպանութեան նախարար, Արցախեան շարժման առաջնորդներից Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը: Վերջինս, վարչապետ դառնալուն պէս, պէտք է կասեցնի իր կուսակցական գործունէութիւնը, չպէտք է անձամբ մասնակցի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին եւ չպէտք է յաւակնի վարչապետի պաշտօնին: Միաժամանակ նա ստանձնում էր պարտականութիւն` մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ` Ընտրական օրէնսգիրքի համապատասխան հաւասար պայմաններ երաշխաւորելով քաղաքական բոլոր ուժերի համար: Շարժման համակարգողն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը:
Վարչապետի հրաժարականի պահանջով հանդէս եկան Սիւնիքի համայնքապետերը, այնուհետ` Հայաստանի բազմաթիւ այլ համայնքների ղեկավարներ, աւագանիներ, երկրի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը, Երեւանի պետական համալսարանը, Գիտութիւնների ազգային ակադեմիան, Մանկավարժական համալսարանը, Պետական երաժշտանոցը, մեծ թուով բժիշկներ, մտաւորականներ, հանրութեան բազմաթիւ այլ շերտեր ու հանրայայտ գործիչներ: Սփիւռքի 50-է աւելի կառոյցներ եւ կազմակերպութիւններ եւս հանդէս եկան Փաշինեանի եւ Հայաստանի իշխանութիւնների հրաժարականի պահանջով: Իշխանական «Իմ քայլը» Ազգային ժողովի խմբակցութիւնը լքեցին մի քանի պատգամաւորներ, սակայն այն շարունակեց մնալ վարչապետի կարեւոր յենարանը: Ըստ էութեան, վարչապետը կառչեց աթոռից` յենարան ունենալով, հիմնականում, իր Ազգային ժողովի խմբակցութիւնն ու ոստիկանութիւնը: Բարձրագոյն դատական խորհուրդի նախագահը կոչ արեց դատաւորներին` զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից եւ ազդեցութիւններից եւ, իրօք, յաջորդող օրերին ոստիկանութեան կողմից նախաձեռնուած անօրինական ձերբակալութիւնների եւ այլ գործողութիւնների դէպքում բերման ենթարկուածներն ու մեղադրեալները արագ կերպով ազատ էին արձակւում ոստիկանութեան բաժանմունքներից եւ դատարանների դահլիճներից: Ակնյայտ էր, որ իշխանութիւնը կորցրել էր եւ՛ ներքին, եւ՛ արտաքին գործընթացների վրայ ազդելու կառավարման լծակները: Անմխիթար էր նաեւ զինուած ուժերի վիճակը. բանակը կորցրել էր իր արդիւնաւէտ կառավարելիութիւնը, մարտունակութիւնը, սպառազինութեան գերակշիռ մասը: Չնայած Պաշտպանութեան նախարարը հեռացաւ պաշտօնից, սակայն նոր նախարարը ոչ մի էական քայլ չկարողացաւ ձեռնարկել իրադրութիւնը շտկելու համար:
Իշխանութիւնները չկարողացան լուծել անհետ կորածների եւ գերիների ճակատագրի հետ կապուած խնդիրները: Ռուսական կողմի միջնորդութեամբ վերադարձուեցին միայն 44 գերիներ: Հայկական կողմի զոհերի թիւը նշւում էր շուրջ 5000, վիրաւորների թիւը` շուրջ 10.000 հոգի: Նոյնիսկ հրադադարի պայմաններում Արցախում 2 գիւղերի ուղղութեամբ Ազրպէյճանի սադրած գործողութիւնների արդիւնքում գերի ընկան եւս 62 հայ զինծառայողներ, որոնց վերադարձի հարցը մնաց առկախուած:
Հրապարակումներով, հարցազրոյցներով, ասուլիսներով հանդէս եկան պատերազմի մասնակից մի շարք բարձրաստճան զինուորականներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ: Մասնաւորապէս, Փաշինեանի հասցէին ծանր մեղադրանքներով հանդէս եկաւ գնդապետ-զօրավար Մովսէս Յակոբեանը, որը պատերազմի օրերին զինուորական ղեկավարման կէտից դուրս էր հրաւիրել Փաշինեանի կնոջը, որի պատճառով նա հեռացուել էր պատերազմի կառավարման մասնակցութիւնից: Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ հնարաւոր էր փրկել իրավիճակն ու հարաւում Արցախի տարածք ներխուժած ազրպէյճանական ուժերին առնել շրջափակման մէջ եւ թոյլ չտալ նրանց առաջխաղացումը: Ընդհանուր տրամաբանութիւնն ու բերուող փաստերը յանգեցնում էին այն եզրակացութեան, որ պարտուել է ոչ թէ բանակը, այլ Հայաստանի եւ նրա գործակից Արցախի իշխանութիւնները: Շրջանառւում էր տեսակէտ` դաւաճանական եւ պատերազմում պարտութեան տանող քայլեր ձեռնարկելու մասին: Մասնաւորապէս, փաստեր էին բերւում, որ Փաշինեանը մի քանի անգամ հրաժարուել է աւելի բարենպաստ պայմաններով հրադադար կնքելուց, պատերազմի 4-րդ օրը կասեցրել է ընդհանուր զօրաշարժի աշխուժ զօրահաւաքը, հրաժարուել է դիմել ՀԱՊԿ-ին. շրջանառութեան մէջ դրուեց նաեւ մի հեռախօսազրոյց, որում Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը բողոքում է, որ 10 օր է Հայաստանը օգնութիւն չի տրամադրել:
Ծանր վիճակ էր Ազրպէյճանին վերադարձուող Քարվաճառի եւ Բերձորի շրջաններում. բնակիչները իրենց գոյքը հանելուց յետոյ այրում էին տները` թշնամուն չթողնելու համար: Դժգոհութեան նոր ալիք բարձրացաւ սահմանազատման գործընթացում` Սոթքի ոսկու հանքի շրջանում եւ Սիւնիքում: Հայաստանի պարտուած իշխանութիւնները, կորցնելով բանակցելու եւ դիմակայելու ներուժն ու կարողականութիւնը, ազրպէյճանցիներին կատարում էին անտրամաբանական ու անընդունելի զիջումներ: Սիւնիքում 13 գիւղերի ուղղութեամբ ազրպէյճանական զինուժը զբաղեցրեց ռազմավարական կարեւոր բարձունքներ` հասնելով Գորիս-կապան մայրուղի եւ պահանջներ ներկայացնելով նաեւ հայկական Շուռնուխ եւ Որոտան գիւղերի տարածքի մի հատուածի նկատմամբ: Իշխանութիւնների պահանջով հայկական ուժերը, որ մինչ այդ Ղուբաթլուի եւ Զանգելանի ուղղութեամբ առաւել նպաստաւոր դիրքեր էին զբաղեցնում, ստիպուած հետ քաշուեցին: Իշխանութիւններն իրենց քայլերը հիմնաւորում էին` Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ազրպէյճանի միջազգայնօրէն ճանաչուած սահմանների վերականգնման պայմանաւորուածութեամբ, որը, իբր, բխում էր 9 նոյեմբերի յայտարարութիւնից: Սակայն 3 հանգամանք հաշուի չէր առնւում. նախ` սահմանազատման նման գործընթացներն այդպիսի արագութեամբ եւ անփութութեամբ չեն կատարւում, երկրորդ` նոյնիսկ յայտարարութեամբ նախատեսուած է, որ հակամարտող ուժերը մնում են իրենց զբաղեցրած բնագծերում, եւ երրորդ, հարեւան խորհրդային հանրապետութիւնների միջեւ սահմանները յաճախ փոփոխուել են եւ այդ փոփոխութիւնների քարտէզներով նոյնիսկ ազրպէյճանցիներին անմտութիւն էր նման բնագծերին մօտ թողելը: Սահմանագիծը մօտեցաւ նաեւ Կապանի օդանաւակայանին, ըստ այդմ Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհը տեղ-տեղ յայտնուեց Ազրպէյճանի հսկողութեան տակ:
22 դեկտեմբերին յայտարարուեց համահայաստանեան գործադուլ եւ դասադուլ: Նոյն օրը բազմամարթ հանրահաւաք տեղի ունեցաւ Հանրապետութեան հրապարակում: Մինչ այդ` 19-21 դեկտեմբերը յայտարարուել էր եռօրեայ սուգ: Ամսի 20-ին ազատամարտիկներն ու զոհուած ազատամարտիկների հարազատները խոչընդոտեցին Փաշինեանի մուտքը Եռաբլուր: Ոստիկանների միջոցով վարչապետը մի կերպ կարողացաւ անցնել բողոքաւորների միջով: Յաջորդ օրը սիւնեցիները խոչընդոտեցին վարչապետի այցը Գորիս, Կապան եւ Մեղրի` փակելով ճանապարհը: Փաշինեանը ստիպուած Սիսիանից հետ դարձաւ Երեւան: Հայստանի բազմաթիւ հանրայայտ իրաւաբանների եւ փաստաբանների կողմից նախաձեռնուեց վարչապետ Փաշինեանին իրաւական պատասխանատուութեան ենթարկելու գործընթաց:
25 դեկտեմբերին վարչապետը յայտարարեց, որ խորհրդակցութիւնների է հրաւիրում շահագրգիռ քաղաքական ուժերին` 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու նպատակով: Սակայն «Հայրենիքի փրկութեան շարժումը» անմտութիւն նկատեց այդ առաջարկը` պնդելով իր նախորդ առաջարկները:
Տարին աւարտուեց` քաղաքական մեծ անորոշութիւններով եւ սպասումներով, առանց տօնական տրամադրութեան, սգաւոր, անհետ կորածների եւ գերիների վերադարձին սպասող բազմաթիւ ընտանիքներով, մեծաթիւ տեղահանուածներով:
Հայաստանի ներքաղաքական առաջնահերթութիւնը մնաց «Հայաստանն առանց Նիկոլ» պահանջը` անցնցում իշխանափոխութիւնն ու Հայաստանի եւ Արցախի վերազարթօնքի յոյսը: