2019-ին Ատրպէյճանը թող նոր անակնկալներ սպասի. ՀՅԴ Հայ դատի եւրոպայի գրասենեակի պատասխանատու
- (0)

Եւրոպայի մէջ Արցախի Հանրապետութեան եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղուած աշխատանքներուն, Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հակահայկական քաղաքականութեան դէմ իրականացուող միջոցառումներուն եւ ներհայաստանեան կեանքին վերաբերող հարցերուն մասին Yerkir.am-ը զրուցած է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանին հետ:
Հարց.– Եւրոպայի Հայ դատի գրասենեակն ընթացիկ տարում եւս կազմակերպել է եւրոպացի պատգամաւորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդեօ՞ք յանգեցրել են կամ նպաստել Արցախի խնդրի շուրջ տրամադրութիւնների եւ պատկերացումների փոփոխութեանը:
Պատ.– Եւրոպայի Հայ դատի գրասենեակի աշխատանքն ընդգրկում է ոչ միայն Արցախի խնդիրը, այլեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցերը: Մենք տարբեր խորհրդաժողովներում եւ խողովակներով հաղորդում ենք այս պնդումը` Թուրքիան պէտք է ստանձնի Հայոց ցեղասպանութեան իրականացման պատասխանատուութիւնը: Ժամը կը գայ, եւ մենք կ’որոշենք, թէ ինչպէ՛ս պէտք է պարտադրենք մեր պահանջները Թուրքիային: Այս տարի եւրոպական խորհրդարանի բանաձեւի մէջ դարձեալ նշուեց Թուրքիայի պատասխանատուութեան հարցը: Մեր տեղական շրջանների հետ լաւ յարաբերութիւններ ունենք եւ մեր օժանդակութիւնն ենք ցուցաբերում, որ նրանք այս ուղղութեամբ աշխատանքներ տանեն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր նպատակն Արցախը մեկուսացումից դուրս բերելն է: Այդ իսկ պատճառով կազմակերպում ենք այցեր Եւրոպայից Արցախ եւ Արցախից Եւրոպա: Վերջին երկու տարուայ ընթացքում 23 եւրոպացի պատգամաւորներ են այցելել Արցախ, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի 10-15 անդամ: Նրանք իրենց աչքով տեսան, որ ատրպէյճանի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականութեան հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան, ինչպէս նաեւ ժողովրդի հետ: Մենք ցանկացել ենք, որ նրանք շուկայ այցելեն, լսեն քաղաքացիներին եւ ծանօթանան նաեւ նրանց ապրումներին: Բոլորն էլ վերադարձել են իրենց երկիր` սիրահարուած Արցախին: Այսինքն` Ատրպէյճանի «սեւ ցուցակը» որեւէ արդիւնք եւ ազդեցութիւն չի ունենում: Աւելին` դրանով նրանք գրգռում են եւրոպացիներին, որովհետեւ նրանք` որպէս ազատ մարդիկ, չեն ընդունում այն, որ դիկտատորական ռեժիմն իրենց պիտի ասի, թէ ուր գնան, ուր չգնան: Վերջին այցելողներից` պելկիացի բարձրաստիճան պատգամաւոր, իր անձնագրում դրեց Արցախի վիզան, իսկ մի եւրոպացի պատգամաւոր անգամ նկարել տուեց վիզան, որ բոլորը տեսնեն, որ այցելել է Արցախ:
Ատրպէյճանը ծիծաղելի ձեւով փորձեց դէմ դուրս գալ Եւրոպայի Հայ դատի գրասենեակին` Ինտերպոլից պահանջելով հետապնդել ինձ: Ատրպէյճանն ինձ դատապարտել է բանտարկութեան, դրա համար էլ Ինտերպոլից պահանջել է իմ ձերբակալութիւնը: Սա ծիծաղելի է, քանի որ քաղաքական հետապնդում է, ուստի Ինտերպոլը սրանով չի զբաղւում: Պելկիացի 24 պատգամաւոր բաց նամակ ստորագրեցին` դատապարտելով Ատրպէյճանին, որ իրենց երկրում գործող կազմակերպութեան նախագահին զրպարտում է: Բացի այս` 3 մեծ կուսակցութիւնների խորհրդարանական խմբակցութիւնների ղեկավարները Պելկիայի արտգործնախարարին նամակ գրեցին, որ Ատրպէյճանին ասուի, որ չեն կարող Պելկիայում գործող կազմակերպութեան ղեկավարի հասցէին սպառնալիք հնչեցնել: Սրանից յետոյ Ատրպէյճանը դեսպանութեան միջոցով փորձեց խոչընդոտներ ստեղծել արցախցիների համար Եւրոպա մուտք գործելու հարցում: Պրիւսէլը Եւրոպայի կենտրոնն է, ուստի խաղն այստեղ էր արւում: Բայց Ատրպէյճանի այս խաղը եւս արդիւնք չտուեց, եւ միայն վերջին շրջանում Արցախի նախագահ Բակօ Սահակեանը 2 անգամ այցելեց Պրիւսէլը: Ատրպէյճանին չի յաջողւում Արցախին մեկուսացնել: 2019-ին Ատրպէյճանը թող նոր անակնկալներ սպասի: Ի դէպ, Ատրպէյճանը փորձեց նաեւ միջամտել արցախցի ուսանողների մուտքին, բայց մեր պարտադրանքով եւրոպացի պատգամաւորներից մէկը եւրոպական Միութեան համապատասխան յանձնակատարին նամակ գրեց, թէ ազատ տեղաշարժի իրաւունքի մասին սկզբունքը պէտք է տարածուի նաեւ արցախցի ուսանողների վրայ, եւ ստացուեց դրական պատասխան: Այս համատեքստում ուզում եմ ասել, որ «Վահան Յովհաննիսեան» ծրագրով երիտասարդներ ենք բերում մեզ մօտ` սովորելու, որ նրանք տեսնեն, թէ ինչպէս է աշխատում Եւրոպան: Մէկ այլ ծրագրով արցախցի երիտասարդների ենք բերում. այս պահին Արցախից երիտասարդ դիւանագէտ կայ մեզ մօտ:
Հարկ է նշել, որ զբաղւում ենք նաեւ Սիրիայի մեր հայրենակիցների հարցով. նրանց անվտանգութեան խնդրով Եւրոպայի կարեւոր դերակատարների հետ հանդիպումներ ենք ունեցել: Մարդասիրական օգնութիւններ ենք ուղարկել Իրաք եւ Սիրիա Միջին Արեւելքի քրիստոնեայ համայնքների միութեան միջոցով: Քեսապի իրադարձութիւններից յետոյ պատուիրակութիւններ ենք ուղարկել Սիրիա, որ դէպքերը ճիշդ ներկայացուեն: 14 երկրում կառոյց ունենք, որտեղ հայութեան հարցերով ծրագրերին օժանդակութիւն ենք ցուցաբերում:
Հարց.– Ատրպէյճանի կողմից կաշառուած եւրոպացի պատգամաւորների նկատմամբ պատշաճ գործողութիւններ կատարուեցի՞ն:
Պատ.– Սթրասպուրկում եւ Պրիւսէլում մեծ աղմուկ բարձրացաւ, եւ այդ կաշառուած եւրոպացի պաշտօնեաները ստիպուած եղան հրաժարուել իրենց պաշտօններից: Ես անցած տարի յայտարարել էի, որ մենք նրանց հանգիստ չենք թողնելու, եւ այդպէս էլ եղաւ` իրենց պաշտօններից հրաժարուեցին 2 պելկիացի, գերմանացիներ: Բացայայտումը մենք չարեցինք, բայց պատկան մարմիններին տեղ հասցրեցինք խնդիրն ու իրավիճակը, յատկապէս Պրիւսէլում լուրջ աշխատանք տարանք: Մեր պատուիրակութիւններն էլ լուրջ գործ արեցին, եւ այդ պաշտօնեաներին նոյնիսկ արգելուեց մուտք գործել շէնք: Այսքան կոշտ եղաւ ԵԽԽՎ-ի պատիժը: Հիմա Ատրպէյճանը խաղը Սթրասպուրկից տեղափոխել է Պրիւսէլը, բայց այստեղ աւելի բարդ է լինելու, որովհետեւ մոնիթորինգն ուժեղ է: Ի հարկէ, դարձեալ փորձեր արւում են, բայց մենք էլ ձեռքերը ծալած նստած չենք: Սա է պատճառը, որ, փորձելով հաւասարակշռել իրավիճակը, ինձ սկսեցին մեղադրել, թէ ադամանդի գործ եմ անում, մեծահարուստ եմ եւ աշխարհի կէսն իմ ձեռքում է: Եթէ այդպէս լինէր, հայկական հարցը լուծուած կը լինէր: Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Շատ կարեւոր է նաեւ հայատեացութեան հարցը: Մենք օտարներին բացատրել ենք, որ պատմութեան մէջ պարտադրուած ենք եղել միասին ապրել, բայց Ատրպէյճանի` երիտասարդներին թունաւորելու քաղաքականութիւնն անհնարին է դարձնում արցախցու` նրանց կողքին ապրելը: Մենք ասում ենք, որ խնդիրը նրանց մէջ է, իսկ մենք մեր ժողովրդի անվտանգութեան մասին ենք մտածում` սա կեանքի եւ մահուան հարց է:
– Եւրոպայի հայերն ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի նոր իշխանութիւնից եւ առաջիկայում սպասուող խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից: Կը ցանկանայինք տեղեկանալ նաեւ, թէ Դո՞ւք ինչ ակնկալիքներ ունէք:
– Եւրոպայի հայերը մեծ ոգեւորութեամբ ընդունեցին թաւշեայ յեղափոխութիւնը, ի վերջոյ, նրանց մէջ մեծ թիւ են կազմում Հայաստանից արտագաղթածները: Ըստ իս, սակայն, այդ խանդավառութիւնը, յեղափոխութիւնը պիտի վերածի իրական արդիւնքի, գործի: Այո, նախկին իշխանութիւններն այլեւս չէին կարող շարունակել, եւ հիմա յառաջիկայ ընտրութիւնը կը տայ լուծումը: Եւրոպայի հայերը սպասում են ընտրութիւնների արդիւնքին: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրութիւնները պիտի անցնեն թափանցիկ, եւրոպական չափանիշներին համապատասխան, որպէսզի միջազգային դիտորդները նոյն կարծիքը յայտնեն, ինչ Արցախի ընտրութիւնների դէպքում: Բոլոր կուսակցութիւնները պիտի ունենան նոյն իրաւունքները: Ես բոլորին պատրաստ եմ օժանդակել հայութեան հարցերով: Բայց ես դաշնակցական եմ, եւ ինձ համար կարեւոր է Դաշնակցութեան յաջողութիւնն ու ներկայութիւնը նոր խորհրդարանում: Շատ երկրներ կ’երազէին, որ Դաշնակցութեան նման կառուցողական ուժ լինէր իրենց երկրում` թէ´ ներքին խնդիրների համատեքստում, թէ´ արտաքին: Արմէն Ռուստամեանը ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան ամենահին անդամն է եւ կարող է վկայել, որ իր շնորհիւ հայերի համար կրիտիկական հարցերում Հայաստանը ստացել է սոցիալիստական խմբի աջակցութիւնը եւ պաշտպանութիւնը:
Զրուցեց Մարիամ Պետրոսեանը