ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Անկախութեան տօնին առթիւ


 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Անկախութեան տօնի կապակցութեամբ:

Արդէն քսաներկու տարի մենք շարժւում ենք մի նոր ճանապարհով, որը յաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պէս: Մենք քայլում ենք զգոյշ ու շրջահայեաց, որովհետև մեծ պատասխանատուութիւն ունենք մեր ուսերին: Սա Երուանդունիների ու Արտաշէսեանների Հայաստանն է, սա Արշակունիների և Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետութիւնն է, որ արդէն մտել է Քրիստոսից յետոյ երրորդ հազարամեակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարուած ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դէպի լոյսն ենք գնում: Եւ ետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցեալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Ետ ենք նայելու և հպարտօրէն արձանագրելու ենք, որ միասին նրբօրէն անցանք միակ հնարաւոր նեղ կածանով: Անկասկած:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպուած եղել լուծել ոչ թէ զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխուած է. այժմ մենք կեանքի ենք կոչում Հայոց պետութեան ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգութիւնը թիւ մէկ առաջնահերթութիւնն է աշխարհում բոլորի համար, և մենք բացառութիւն չենք:

Անվտանգութեան հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրութեան կեդրոնում, ինչպէս որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտռում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսութեանը: Արդիւնքներ էլ ունենք: Հնարաւորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպէսզի յստակ պարբերականութաեմբ ամէն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականօրէն զարգացում են ապահովում ժողովրդավարութեան խորացման, արդիւնաւէտ կառավարման, իրաւունքի գերակայութեան ապահովման և մնացած բոլոր ուղղութիւններով: Մեր քաղաքականութիւնը այս նպատակներին է միտուած:

Հայաստանի իշխանութիւնների, ինչպէս նաև հասարակութեան կեցուածքը շատ յստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրութիւններից: Մեզ անհրաժեշտ է յուսալի պաշտպանութիւն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցէ դանդաղում ենք, գուցէ սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական: 

Հայոց պետութիւն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրուայ տօնի մեծագոյն խորհուրդը: 1991 թուականին անկախութեան վերականգնմամբ իրողութիւն դարձաւ մեր ժողովրդի դարաւոր երազանքը: Սփիւռքի մեր քոյրերն ու եղբայրները, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականութիւն դարձած սեփական երազանքի: Արդեօ՞ք ներկայ աշխարհում մենք ի զօրու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածուած մեր երազանքը: Այո՛, եթէ չգերագնահատենք և չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատուածների կանխաւ ճիշդ գնահատելը:

Երուանդունիների Հայաստանը և Արտաշէսեանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, և մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողութիւն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանուելով, բայց և հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգութեան վրայ: Հետադարձ հայեացքը յստակ ցոյց է տալիս, թէ ինչ հսկայ ճանապարհ ենք անցել և ինչ հսկայ վտանգներ ենք շրջանցել: Նաև համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք աւելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակ իր դերակատարութիւնն ունի այս գործում: Եթէ դեռ որևէ մէկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանայ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախութիւնը միաժամանակ նպատակ է և կենսակերպ: Այն պիտի նուաճել ամէն օր` իւրաքանչիւր րոպէ ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպէս անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, և ամէն ինչ կարող ենք քննարկման առարկայ դարձնել: Մի բան, սակայն, կայ և անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն է: Իրականացուած երազ և պարտաւորութիւն, որ միշտ մեզ հետ է: Տօն, որ ժառանգել ենք մեր հերոսների արեան գնով, և պարտաւորութիւն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին:

Կրկին շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին և համայն հայութեանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրութիւն մեր ընտանիքների և մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշդ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում և յաջողութեամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչւում է Հայաստանի Հանրապետութիւն:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:

Փա՛ռք հայ ժողովրդին:


Leave a Comment

You must be logged in to post a comment.