1918 Թ.` Յանուն Ազգային Նպատակների Իրականացման, 2018 Թ.` Ընդդէմ Ազգային Նպատակների (Արամ Մանուկեանի Ծննդեան 142-րդ Տարեդարձի Առիթով)

ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մարտի 19-ը հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր, հայ ժողովրդի սիրելի զաւակ Արամ Մանուկեանի ծննդեան օրն է (ծննդեան անուամբ` Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան, 1879-1919 թթ.)(1):

Օգտուելով առիթից` կը ներկայացնենք Արամ Մանուկեանի բովանդակալից, հայրենաշէն եւ արգասաբեր գործունէութեան մի փոքրիկ, բայց մեր օրերի համար խիստ արդիական ժամանակահատուած` արձանագրելու, որ կազմակերպուած, նպատակամղուած ու սրտացաւ աշխատանքի դէպքում մեր օրերում էլ հնարաւոր էր կանխել հայ ժողովրդին պատուհասած ողբերգութիւնը:

1918 թ. փետրուար-մարտ ամիսներին թուրքական 30000-անոց բանակը, յաղթահարելով նոր կազմաւորուող հայկական փոքրաթիւ զօրամասերի յամառ դիմադրութիւնը, աւարտին էր հասցնում Արեւմտեան Հայաստանի նուաճումը` անթաքոյց նպատակ ունենալով ներխուժելու նաեւ Արեւելեան Հայաստան: Ակնյայտ էր, որ հայութեան գլխին կախւում էր վերջնական ոչնչացման վտանգը: Թուրքիան կարծես մօտ էր իր վաղեմի պետական ծրագրի իրականացմանը:

Պատմական այդ ծանր օրերին հայ ժողովուրդն իր փրկութիւնը տեսաւ իշխանութեան կենտրոնացման մէջ եւ 1918 թ. մարտի 24-ին զօրքի ու Երեւանի Հայոց ազգային խորհրդի հետ Արամ Մանուկեանին(2) ընտրեց Երեւանի նահանգի «դիկտատոր»` նրան օժտելով անսահմանափակ իշխանութեամբ: Արձանագրենք մեր օրերի համար անհաւանական թուացող մի իրողութիւն. «դիկտատոր» ընտրուած Արամ Մանուկեանը կենցաղավարութեան մէջ մնաց զուսպ եւ ոչնչով չտարբերուեց ժողովրդից, չդարձաւ բռնապետ, գործիչների ու հասարակութեան հետ յարաբերութիւններում դրսեւորեց յարգալից կեցուածք եւ ստացած անսահմանափակ իշխանութիւնն ամբողջութեամբ ծառայեցրեց յօգուտ ազգային խնդիրների լուծման: Նա ամէն ինչ արեց հասարակութեան համախմբման, պետականութեան բաղադրիչների ձեւաւորման եւ թշնամուն կազմակերպուած հակահարուած հասցնելու համար:

Այդ առումով յատկանշական է Արամի` 1918 թ. մարտի 28-ին ժողովրդին ուղղած կոչը, որը, ըստ էութեան, նրա գլխաւորութեամբ Երեւանի իշխանութեան մարմինների ձեռնարկելիք քայլերի ծրագիր էր. «Պատերազմական գործողութիւնների դժբախտ ընթացքը ցնցեց ամբողջ հայութիւնը, նամանաւանդ` հայութեան սիրտը կազմող Երեւանը:

«Ստեղծուած կացութեան տպաւորութիւնների տակ Երեւանի հայ ժողովուրդը, զինուորականութիւնը, հրամանատարութիւնն ու սպայութիւնը հարկ համարեց[ին] արտակարգ լիազօրութիւններ տալ ինձ` ճակատն ուժեղացնելու, ներքին անիշխանութիւնները սանձելու եւ առհասարակ մեր ներքին ու արտաքին կռիւներին վճռական ու կտրուկ միջոցներով արագ ընթացք տալու:

«Ստանձնելով այդ պատասխանատու պարտականութիւնը ճգնաժամային այս ծանր օրերին ես հրապարակով յայտարարում եմ բարձրաձայն, որ գոյութիւն ունեցող բոլոր մարմինները` Ազգային խորհուրդ, ճակատի բարձրագոյն հրամանատարութիւն, պետական հիմնարկութիւններ, կան ու մնալու են իրենց դերի ու դիրքի մէջ:

«Իմ անելիքը պէտք է լինի մի կողմից արագացնել աշխատանքը եւ միւս կողմից` ամէն մի մարմինի եւ գործող ուժերի դնել իր վայելող դերի մէջ եւ հաստատել զինուորական օրինակելի կարգապահութիւն:

«Այդ մտահոգութեամբ ստանձնելով իմ նոր պաշտօնը` հրահանգում եմ հետեւեալը.

  1. Բոլոր գոյութիւն ունեցող մարմինները` զինուորական թէ քաղաքացիական, պէտք է շարունակեն իրենց նախկին աշխատանքները աւելի եռանդով եւ մեծ զոհողութիւններով:
  2. Թիկունքում գործող մարմինների մէջ գտնուող զինուորական ուժերի` ճակատ մեկնելը պէտք է կատարուի որոշ կարգով եւ որոշ ժամանակամիջոցում, որպէսզի մի նոր գործ շինելու ժամանակ միւսը` հինը, չքանդուի:
  3. Հայ ժողովրդի բոլոր սրտացաւ ու գիտակից տարրերին հրահանգում եմ ընդառաջ գնալ թիկունքի եւ նամանաւանդ ճակատի կարեւոր աշխատանքներին, որպէսզի այդ աշխատանքները կատարուեն արագ ու կանոնաւոր:
  4. Մի անգամ վստահելով ինձ եւ գործի ղեկավար ուժերին` հասարակութիւնը եւ անհատները պէտք է խորին հաւատ ընծայեն մեզ, որպէսզի մենք մեր դժուարին աշխատանքները ազատ կատարենք:
  5. Պէտք է վերջ տալ աննպատակ քննադատութիւններին, որոշ մարդկանց շուրջը կատարուող ասէ-կօսէներին:
  6. Հասարակութեան իւրաքանչիւր անհատ անկեղծօրէն պէտք է լայն օժանդակութիւն ցոյց տայ դասալիքներին ձերբակալելու եւ պատժելու գործին:
  7. Կտրականապէս հրահանգում եմ խուսափել ազգամիջեան անմիտ ընդհարումներից: Իւրաքանչիւր մարդ ամէն կերպ պէտք է նպաստի թուրք հարեւանական յարաբերութիւնները անխախտ պահելուն:
  8. Չմիջամտել ո՛չ զինուորական եւ ո՛չ էլ կառավարական գործերին:
  9. Ինձ եւ իմ գործակիցներին չզբաղեցնել մանր-մունր խնդիրներով:
  10. Ուժեղացնել քաղաքի թաղային պահպանութիւնը:
  11. Վերջ տալ զանազան ֆանտաստիկ ծրագրերին:
  12. Հսկել հասարակական ընդհանուր կարգապահութեան ու ապահովութեան վրայ, չհաւատալ զանազան սուտ ու սխալ լուրերի, որոնք առասպելական գունաւորումներով տարածւում են հասարակական լայն խաւերում ու լքում առաջ բերում:

Վստահեցէք Ազգային խորհրդի հաղորդած լուրերին, որոնք ստացւում են ճիշդ աղբիւրից:

«Հայրենակիցնե՛ր,

«Հասարակական շարժման յաջողութիւնը գերազանցապէս կախուած է զոհաբերութիւնից եւ կարգապահութիւնից: Զոհեցէք ձեր անհատականը, ձեր ուժերի եւ ստացուածքի մաքսիմումը, քանի դեռ հնարաւորութիւն կայ փրկելու ընդհանուրը, այլապէս դուք եւ ձեր կարողութիւնը, ձեր կայքերն ու դրամը, ձեր կանայք ու երեխաները կը տրորուեն ներս խուժող թշնամու ձիերի սմբակների տակ (ընդգծումը մերն է – Ա.Ա.):

«Զոհաբերութիւն եւ կարգապահութիւն. սրանք կարդինալ հարցեր են, որոնցից կախուած է մեր ժողովրդի փրկութիւնը: Խորին հաւատ, անվերապահ վստահութիւն եւ ղեկավարների կարգադրութիւնները կատարելու պատրաստակամութիւն` ահա թէ ինչ պէտք է լինի հայ ժողովրդին ղեկավարող սկզբունքը: Այլապէս մեզանում էլ տեղի կ՛ունենայ այն, ինչ որ տեղի ունեցաւ ու հիմնովին քայքայեց մեծ Ռուսաստանը:

«Հայ զինուորներ, նամանաւանդ հայ սպաներ, վերջին խօսքս ձեզ եմ ուղղում. տոգորուեցէք վայրկեանի գերագոյն ոգով: Հայրենիքի փրկութիւնը ձեր ձեռքին է: Դուք` սպաներ ու զինուորներ, կա՛մ պէտք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինէք, կա՛մ նրա գերեզմանափորները (ընդգծումը մերն է – Ա.Ա.): Գործի դիմենք, վերջ տանք սին խօսքին ու ժողովներին: Թշնամին հրէշային ախորժակներով առաջանում է. հուժկու գրոհով պէտք է քշենք նրան հայրենի սահմաններից:

«Դէպի շինարար գործ. խօսքը, քննադատութիւնը, գնահատումները թողէք ապագայ ազատ ու խաղաղ օրերին, իսկ այժմ` միմիայն գործ:

Հայ ժողովուրդը վճռել է ապրել, ապացոյց, որ նա այժմ հերոսական ճիգեր է գործ դնում ֆրոնտն ուժեղացնելու, թշնամու ընթացքը դանդաղեցնելու համար:

Ներքին սեւ ուժերին նա պատասխանատուութեան է կանչում եւ անարգանքի սիւնին գամում:

«Քաղաքացինե՛ր,

«Գօտեւորուած ձեր վստահութեամբ եւ օժանդակութեամբ` գործի եմ անցնում:

Անխնայ պատժի ու պատասխանատուութեան պիտի ենթարկուեն բոլոր դասալիքները, բոլոր պրօւօկատորները, ժողովրդի բոլոր թշնամիները:

«Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի:

«Այժմ կամ երբեք»(3):

Արամի այս կոչը մէջբերեցինք ամբողջութեամբ, որպէսզի ընթերցողին հնարաւորութիւն տանք նաեւ ինքնուրոյն եզրակացնելու, թէ ինչպէս հայոց պատմութեան բարդագոյն ժամանակաշրջաններից մէկում` 1918 թ. մարտին, հնարաւոր դարձաւ պետականութեան աւանդոյթները գրեթէ մոռացած, պետականութեան բաղադրիչներից ու կանոնաւոր բանակից զուրկ, դարեր շարունակ օտարների տիրապետութեան տակ ապրած, հոգեկերտուածքի առանձնայատկութիւններ, բազում հարցերի վերաբերեալ տարբեր հայեացքներ, նիստուկաց ունեցող հայութեան երկու` արեւելեան եւ արեւմտեան հատուածներին, հասարակական շերտերին, քաղաքական հոսանքներին ու զինուորականութեանը համախմբել եւ կազմակերպուած պայքարի առաջնորդել յանուն համազգային խնդիրների լուծման:

Ընդգծենք, որ Արամը լրիւ հարազատ մնաց իր խօսքին. նրա հետագայ բոլոր քայլերը միտուած էին այդ կոչի դրոյթների գործնականացմանը: Նրա շրջահայեացութեան, ազգային-պետական մտածելակերպի, ազնուութեան եւ արդարամտութեան շնորհիւ ընդհանուր գործի շուրջ համախմբուեցին բոլորը` անկախ իրենց ընկերային դիրքից ու քաղաքական հայեացքներից: Իսկ համազգային խնդիրներից շեղուողների, հասարակական կարգն ու անդորրը խախտողների, յատկապէս անիշխանական տարրերի, դաւաճանների դէմ ծաւալուեց անզիջում ու հետեւողական պայքար:

Հեռատես, ռազմավարական մտածողութիւն ունեցող Արամը քաջ գիտակցում էր, որ առաջիկայ ճակատագրական ամիսներին վճռական դերը պատկանելու է հայոց նոր-նոր կազմաւորուող բանակին, այդ իսկ պատճառով յատուկ կերպով արժեւորում էր նրա դերը, շեշտում նրանից ունեցած մեծ ակնկալիքները: Անշուշտ Արամին քաջ յայտնի էր, որ հայոց բազմահազարամեայ պատմութեան ընթացքում մեր բանակը մշտապէս պատուով է կատարել հայրենիքի պաշտպանութեան գործը, տարել է բազում փայլուն յաղթանակներ, նոյնիսկ այն դէպքերում, երբ թշնամին ունեցել է ուժերի բազմակի առաւելութիւն:

Անշուշտ, նա գիտէր նաեւ, որ հայոց բանակի երբեմն կրած պարտութիւնները հետեւանք են եղել քաղաքական իշխանութեան թուլութեան, սխալների, ոչ շրջահայեաց քայլերի եւ, ի հարկէ, ազգային միասնութեան խախտման: Դա է պատճառը, որ բանակի կազմակերպման գործն ընդհանուր առմամբ վստահելով արհեստավարժ, նուիրուած ու հեղինակաւոր զինուորականներին, որպիսիք էին զօր. Մ. Սիլիկեանը, Դրոն եւ ուրիշներ, Արամն անվերապահ աջակցութիւն էր ցուցաբերում նրանց:

Դեռեւս 1918 թ. մարտի 21-ին ստորագրած հրամանով Արամը թաղային մարմիններին հրահանգել էր ցուցակագրել 18-ից բարձր բոլոր տղամարդկանց ու իրենց տներում գիշերող զինուորներին եւ մինչեւ մարտի 27-ը ցուցակները ներկայացնել իրեն: Երեւանի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծուեցին արտակարգ յանձնաժողովներ` զօրահաւաքն արագացնելու նպատակով: 1918 թ. մարտի 31-ի հրամանով Ազգային խորհուրդը Նոր Պայազետի շրջանի հայ գիւղացիութեանը, որի մի մասը երբեմն փորձում էր խուսափել զօրակոչից, տեղեկացնում էր այդ շրջան յատուկ պատուիրակութիւն ուղարկելու մասին, որի խնդիրն էր լինելու տեղական Ազգային խորհրդի եւ իր լիազօրների հետ իրականացնել 19-32 տարեկան տղամարդկանց զօրահաւաք: Սահմանւում էր, որ զօրահաւաք իրականացնող մարմինին չենթարկուողները խստօրէն կը պատժուեն(4):

Ձեռնարկւում էին արտակարգ միջոցառումներ հայկական զօրամասերի զինական, փոխադրամիջոցների ու պարենային կարիքները հոգալու ուղղութեամբ: Երեւանի Ազգային խորհուրդն այդ նպատակով որոշեց հաւաքել նահանգի բոլոր ձիերը: Այդ կապակցութեամբ Արամը հրահանգեց անվերապահօրէն ենթարկուել հաւաքող յանձնաժողովի նախագահին` զգուշացնելով, որ խուսափողները կը յանձնուեն զինուորական դատարանին: Զօրքի ռազմամթերքի պահանջը բաւարարելու համար իշխանութիւններն օգտագործում էին բոլոր հնարաւոր տարբերակները: Դեռեւս Սարիղամիշի անկումից առաջ Արամի յանձնարարութեամբ այնտեղից որոշ քանակութեամբ ռազմամթերք էր տեղափոխուել Երեւան: Ազգային խորհուրդը պատրաստւում էր վարձատրութեան խոստումով հայ բնակչութիւնից հաւաքելու մոսին հրացանի փամփուշտների դատարկ պարկուճներն ու պահունակները:

Մշտապէս իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում էր նաեւ թիկունքի կայունութեան ապահովումը: Դասալքութեան եւ անիշխանական այլ երեւոյթների դէմ տարուող անզիջում պայքարը երբեմն յարուցում էր ապազգային տարրերի դժգոհութիւնն ու դիմադրութիւնը: Արամը, Դրոն եւ միւս հայրենանուէր գործիչները վճռականօրէն զսպում էին նրանց` միանշանակօրէն հասկացնելով, որ նրանց ապազգային գործողութիւնները չեն հանդուրժուելու:

(Շար. 1)

Յղումներ

  1. Արամ Մանուկեանը ծնուել է Արցախի Շուշի քաղաքում: Տե՛ս Ա. Ասրեանի անձնական արխիւ, Սեդա Մանուկեանի 2000 թ. յունուարի 24-ի նամակը Ա. Ասրեանին:
  2. Արամ Մանուկեանին հայ իրականութեան ղեկավար մարմինները 1917 թ. դեկտեմբերին գործուղել էին Երեւան` երկրամասի իշխանութեան մարմիններ եւ կանոնաւոր զօրք ստեղծելու, սպասուող թուրքական վտանգը դիմագրաւելու համար (տե՛ս Ասրեան Ա., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը (ազատագրական շարժման եւ անկախ պետականութեան վերականգնման ուղիներում), Եր., 2009):
  3. Հայաստանի ազգային արխիւ (ՀԱԱ), ֆ. 289, ց. 1, գ. 9, թ. 1:
  4. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 8, թ. 2:

«Դրօշակ», թիւ 3 (1649), մարտ, 2021 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.