Ուղեվարձերու Բարձրացման Դէմ Շարժումին Միացաւ Նաեւ Դաշնակցութիւնը
ԵՐԵՒԱՆ, «Փան Արմինիըն», «Ազատութիւն».- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը եւս կը դատապարտէ հանրային փոխադրամիջոցներու սակերը անհիմն կերպով 50 տոկոսով բարձրացնելու իշխանութիւններու որոշումը:
«Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրաւական տեսանկիւնից անընդունելի է», նշուած է այս առիթով կուսակցութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ:
Դաշնակցութիւնը յիշեցուցած է, որ իշխանութիւնները նախընտրական շրջանին կը վստահեցնէին, թէ գիներու կտրուկ բարձրացում տեղի պիտի չունենայ, եւ խոստացած էին կենսամակարդակի իսկական աճ: Բայց եւ այնպէս, յետընտրական հանգրուանին կազի, ելեկտրականութեան, այլ հիմնական ապրանքներու ու ծառայութիւններու գիներու աճին յաջորդեց հանրային փոխադրամիջոցներու գիներու բարձրացումը:
«Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրութեանը՝ առաջացնելով անապահովութեան, անպաշտպանուածութեան զգացողութիւն, ապագայի հանդէպ անվստահութիւն։
«Անտրամաբանական է պաշտօնատար անձանց բացատրութիւնը, թէ գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների աճը կապ չունի հանրային տրանսպորտի թանկացման հետ: Եթէ այդ պնդումը ճիշդ է, ուրեմն իշխանութիւնը վարում է մի խումբ անձանց շահերը հանրութեան շահերից գերադասելու քաղաքականութիւն: Եթէ պնդումը ճիշդ չէ, ապա իշխանութիւնը եւս մէկ անգամ խաբում էր հանրութեանն ու մասնագիտական շրջանակներին՝ նշելով, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը երկրում բերելու է ընդամէնը մինչեւ 2.7 տոկոս գնաճի: Երկու դէպքում էլ քաղաքական իշխանութիւնը գործում է ի վնաս հասարակութեան:
«Սոցիալական եւ տնտեսական տեսանկիւնից քաղաքական իշխանութեան քայլը հակասում է միջազգային փորձի տարրական կանոններին, երբ գնային քաղաքականութեան լաւագոյն գործիք է մրցակցութիւնը: Մինչդեռ հանրային տրանսպորտի, օրինակ՝ երթուղային տաքսիների ոլորտում, ձեւաւորուել է քաղաքական եւ տնտեսական ոլորտները զուգակցող՝ ազդեցիկ անձանց մենաշնորհ: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ գների մակարդակի օբյեկտիւ բարձրացմանը նախորդում կամ անմիջապէս յաջորդում է հանրութեան եկամուտների աւելի բարձր աճը: Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Միջազգային լաւագոյն փորձի օրինակ է նաեւ բազմասակագնային պլանների, զեղչային համակարգերի, տրանսպորտային երթեւեկութեան կորպորատիւ փաթեթների, միասնական փոխադրական փաստաթղթերի եւ այլ միջոցների գործադրումը, ինչն առողջացնում է հանրային տրանսպորտի ֆինանսական համակարգը, մեծացնում է հանրային վերահսկողութիւնը, աւելացնում է ուղեւորահոսքը, յանգեցնում ուղեվարձերի նուազեցմանն ու մատչելիութեանը:
«Առ այդ՝ ՀՅԴ Գերագոյն մարմինը
«ա. դատապարտում է Հայաստանի իշխանութիւնների նման անհեռատես քաղաքականութիւնը,
«բ. պահանջում է կասեցնել հանրային տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը եւ որեւէ բարձրացում իրականացնել սակագնի ձեւաւորման թափանցիկ մեխանիզմով, բնակչութեան եկամուտների աճին համապատասխան,
«գ. առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ մշակելու եւ ներդնելու բազմասակագնային պլանների, զեղչերի, տրանսպորտային երթեւեկութեան կորպորատիւ փաթեթների իրաւական-միասնական համակարգ,
«դ. ողջունում եւ իր աջակցութիւնն է յայտնում այն քաղաքացիական խմբերին եւ երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դէմ եւ ակտիւ կեցուածքով պաշտպանում են իրենց եւ հանրութեան իրաւունքները», գրուած է հաղորդագրութեան մէջ։
Այս նիւթով «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին հետ ունեցած զրոյցին ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան յայտնած է, որ գիներու այս բարձրացումը ակնկալելի էր: «Երբ որ գազի թանկացման մասին էր խօսւում, եւ այդ ակցիան կատարեցինք, այդ ժամանակ էլ յայտարարում էինք, որ սա շղթայական ռէակցիա է առաջացնելու: Բայց բնական է, մեզ խոստանում էին, որ դա տեղի չի ունենայ: Սա առաջին ծաղիկներն են, որ երեւում են, սրա հետեւանքները դեռ շարունակուելու են: Մենք մեծ խնդիրներ ունենք ճշդելու համար, թէ որքանով է հիմնաւորուած սակագնի բարձրացման այս չափը, եւ եթէ մենք հէնց սկզբից չդնենք քաղաքական, քաղաքացիական վերահսկողութիւն այս ամէնի վրայ, ես կարծում եմ, որ այս ամէնը կարող է անսանձ կերպով իրականացուել եւ որեւէ մէկը պատասխան չտայ, որեւէ լուրջ հիմնաւորում չներկայացնի», հաստատած է ան։