ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւնը Եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը Կոչ Ուղղեցին Միանալու Իրենց Բողոքին
- (0)

ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնները հրապարակած են յայտարարութիւն մը, որուն մէջ կոչ կ՛ուղղեն միանալու իրենց կողմէ քաղաքային իշխանութիւններուն` Երեւանի աւագանիին հասցէագրուած պահանջներուն` կապուած ուսման վճարումներուն եւ փոխադրամիջոցներու գիներու սղութեան հետ: Ստորեւ` յայտարարութիւնը.
«Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից վարած անհեռանկար քաղաքականութեան հետեւանքով երկրում ստեղծուել են ընկերային-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակութեան զգալի հատուածի, յատկապէս երիտասարդութեան արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշեալ քաղաքականութեանն աւելացաւ իշխանութիւնների նոր որոշումը` կապուած ուսման վարձավճարների եւ փոխադրամիջոցների գների թանկացման հետ, որով է՛լ աւելի բարդացաւ հանրութեան խոցելի հատուածներից մէկի` ուսանողութեան առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:
ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնները, ելնելով երկրում տիրող անարդարութիւնից, ուսանողների իրաւունքների անտեսման մտահոգութիւնից, փոխադրամիջոցների գնի թանկացման արդիւնքում հանրութեան լայն զանգուածների դժգոհութիւններից, ինչպէս նաեւ այն ընկերային-տնտեսական քաղաքականութիւնից, որը վարում են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները` կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողութեանն ու երիտասարդութեանը` միահամուռ եւ համախմբուած կերպով պայքարել իր ոտնահարուած իրաւունքների համար:
Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանութիւններին` Երեւանի աւագանուն հասցէագրուած այն պահանջներին, որոնք երկուշաբթի` յուլիսի 22-ին, ժամը 15:00-ին կը ներկայացուեն քաղաքապետարան»: