Օսկանեան Անդրադարձաւ Ատրպէյճանի Անվերջանալի Պահանջներուն Դիմաց Հայաստանի Թուլութեան
Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ անդրադարձած է Ատրպէյճանի՝ Հայաստանէն մնայուն եւ աւելցող պահանջներուն, որոնք կանգ պիտի չառնեն, այնքան ատեն որ Հայաստան կտրուկ դիրքորոշում ցոյց չի տար:
«Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մէջբերում անել Նիկոլ Փաշինեանի վերջերս հնչեցրած մի ելոյթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, եւ միեւնոյն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մէջ: Թւում է՝ սա աբսուրդ (անհեթեթ) ձեւակերպում է, բայց ադրբեջանական խօսոյթների մեր վերլուծութիւնը ցոյց է տալիս դա»:
Ցաւալի է, որ երկրի վարչապետին այս «յայտնագործութեան» համար անհրաժեշտ էր աւելի քան երկու տարի եւ, իր իսկ ձեւակերպմամբ, «ադրբեջանական խօսոյթների վերլուծութիւն»: Ի՞նչ վերլուծութեան կարիք կար, երբ արդէն աւելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը (առաւելագոյնը)՝ Հայաստանին չտալով նոյնիսկ ակնկալուող մինիմումը (նուազագոյնը): Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը: Աբսուրդը Հայաստանի կառավարութեան բանակցային կարողութիւններն են:
Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց յամառօրէն անտեսել տասնեակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները: Իսկապէս աբսուրդ է: Սա նման է 2018ի «բանակցութիւնները սեփական կէտից» սկսելու յայտարարութեանը: Ի՛նչ եղաւ դրանից յետոյ, տեսանք: Հիմա նոյնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամէն ինչին ասում ես այո՛, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում: Երբ դեռ հնարաւոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարաւորութիւն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերութիւն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցութիւնը: Արցախի հայաթափումից յետոյ զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու:
Էլի՝ քար լռութիւն: Վստահ եմ՝ այս մարդը համոզուած էր, թէ մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդիւնքի: Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու եւ, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որեւէ հակընդդէմ պահանջ ներկայացնել: Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիւանագիտական բոլոր կանոններով ընկալելի եւ ընդունելի կը լինի միջազգային հանրութեան բոլոր կողմերի ու խաղացողների համար: Լաւագոյն վերջին ապացոյցը Շուէյցարիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ընդունած բանաձեւն է: Աւելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրայեղ անհրաժեշտութիւն է առաջին հերթին Հայաստանի անվտանգութեան համար, որպէսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանութիւններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով: Եւ ես շարունակում եմ պնդել, որ եթէ օրուայ իշխանութիւնները անկարող են բանակցային օրակարգ ձեւաւորել, ապա պէտք է թոյլ տան, որ դա անեն աւելի կարող ուժեր», գրած է Օսկանեան:
Comments are closed.