Քաղաքական Գալիքը Չի՞ Ուշանալու

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Արցախեան պայքարի եւ Հայաստանի անկախացման գործընթացի ճանապարհով Հայաստանում իշխանութեան եկած ուժի հակախորհրդային տրամադրութիւնները սահուն կերպով վերափոխուեցին հակառուսական կողմնորոշման: Շատ շուտ պարզ դարձաւ, որ Ռուսաստանին հեռու վանելու եւ դէպի Արեւմուտք շրջադարձի ճանապարհը պէտք է անցնի Ազրպէյճանի եւ, յատկապէս, Թուրքիայի հետ եղբայրութեան մայրուղով: Պատահական չէր, որ անկախ պետութեան առաջին ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանը վերածուեց իր իսկ գլխաւորած շարժման նպատակների հակառակորդի, պատերազմին հակադրեց խաղաղութեան գաղափարը եւ յայտարարեց, թէ խաղաղութեան պէտք է հասնել ամէն գնով: Իր հերթին, Թուրքիան լաւ հասկանալով, թէ ի՛նչ բարդ խնդիր է ինքն իր առջեւ դրել Հայաստանի ղեկավարութիւնը, որպէս մերձեցման գին` նրա առջեւ դրեց ծանր պայմաններ, որոնք վերաբերում էին Արցախի հարցի ազրպէյճանանպաստ լուծմանը, Ցեղասպանութեան հարցից հրաժարմանը, միմեանց տարածքային ամբողջականութեան, իսկ աւելի որոշակի, առկայ սահմանների ճանաչմանը եւ այլն: Միաժամանակ պատերազմող Հայաստանը չէր կարող կապերը խզել Անդրկովկասի նկատմամբ քաղաքական ազդեցութիւնը պահպանող Ռուսաստանից` նկատի ունենալով նաեւ տնտեսական մեծ կախուածութիւնը:

Այնուամենայնիւ, կառավարման գրեթէ ողջ ընթացքում Հայաստանի իշխանութեան այս ոչ հեշտ կացութիւնը հնարաւոր եղաւ պահպանել, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարն ինքը Արեւմուտքի դուդուկի տակ էր պարում: Ռուսաստանի քաղաքական ընդերքից ազգային տրամադրութիւնների աճը սկսեց վերափոխել իշխանութեանը` մասնաւորապէս Հայաստանի իշխանութեան համար փոքրացնելով երկու լարի վրայ խաղալու հնարաւորութիւնը: Իշխանութեան անակնկալ փոփոխութեամբ Հայաստանի իշխանութեան համար շաբաթը ուրբաթից շուտ եկաւ, իսկ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարի եւ նրա խմբակը ճակատագրի նկատմամբ կրաւորականութիւն դրսեւորեց: Անդրադառնալով երեք տասնամեակ առաջուայ իրադարձութիւններին` ցանկանում ենք ցոյց տալ այն բազմաթիւ նմանութիւնները, որոնք մինչ այս պահը գոյութիւն ունեն ՀՀՇ-ական եւ նրա քաղաքական ժառանգորդ ՔՊ-ական իշխանութիւնների միջեւ:

Նմանութիւններից մէկն էլ երկու իշխանութիւնների քարոզչամեքենաների հետեւողական ճիգն է` հայ հանրութեանը համոզելու, որ Ռուսաստանը կործանման ճանապարհին է, եւ Հայաստանը հարկադրուած է փնտռելու այլընտրանքներ: Թերեւս այն տարբերութեամբ, որ ազգային շահերը աւելի զգօն գիտակցող այն օրերի հասարակութիւնը չվարակուեց հակառուսականութեամբ, ինչը տեղի ունեցաւ, երբ Քպ-ական իշխանութիւնը պատերազմում կրած խայտառակ պարտութեան մեղքը բարդեց ընդդիմութեան եւ Ռուսաստանի վրայ:

Հայաստանի նոր իշխանութիւնը, երբեք չհաւատալով ու հաշուարկ չանելով սեփական ժողովրդի վրայ, փորձեց Արեւմուտքի միջնորդութեամբ դուրս բերել հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների գործընթացը ռուսական միջնորդութեան դաշտից եւ, բերելով արեւմտեան ազդեցութեան ներքոյ` վերջինիս միջոցով պարտադրելու Ազրպէյճանին կնքել խաղաղութեան պայմանագիր: Ազրպէյճանը, սակայն, սթափ գնահատելով Ռուսաստանի հնարաւորութիւնների ներուժը` ցոյց տուեց, որ շարունակում է հաւատարիմ մնալ վերջինիս միջնորդական դերին եւ փաստացի ընդդիմանում է նախաձեռնութիւնը խլելու արեւմտեան ջանքերին: Միաժամանակ շարունակելով թուրքական աւանդական քաղաքական գիծը, լաւ յարաբերութիւններ է պահպանում Արեւմուտքի հետ` այդ յարաբերութիւնները ամրապնդելով իր տնտեսական, հաղորդակցական եւ տարածաշրջանային առաւելութիւններով:

Միւս կողմից, Արեւմուտքը Հայաստանին յստակօրէն հասկացրել է, որ իր հետ լինել` Հայաստանի համար նշանակում է մաս կազմել այն բեմագրութեան, որն Արեւմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջոցով:

Այս բարդ կացութեանը վերջին շրջանում աւելանում է այն հանգամանքը, որ պատերազմում դրական յստակութեան հասնելով եւ Արեւմուտքի դիմաց իրեն աւելի ինքնավստահ զգալով` Ռուսաստանը, ինչպէս պատահել է 30 ու 100 տարի առաջ, փորձում է վերականգնել իր դերակատարութիւնն անդրկովկասեան տարածաշրջանում: Ասուածի վկայութիւններն են` տարբեր առիթներով Նիկոլ Փաշինեանին Ռուսաստան մեկնելու հրաւէրները, որոնք նա չի կարողանում մերժել, տարբեր յայտարարութիւնները հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում Ռուսաստանի միջնորդական դերի մասին եւ, գործնական քայլ որպէս, սոյն թուականի հոկտեմբերի 18-ին Պոլսում 3+3 ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի իշխանութիւնը, չնայած լիակատար անձնատուութեանը արեւմտաթուրքական դաշինքին, չի կարող հաշուի չնստել այն փաստի հետ, որ Հայաստանը տնտեսական, ուժանիւթային եւ այլ կենսական կապերով կապուած է Ռուսաստանի հետ: Պահի թելադրանքով գրկից գիրկ թռչելու այս քաղաքականութիւնը ոչ միայն ոչնչի է հաւասարեցրել Հայաստանի իշխանութեանը, այլեւ երկիրը դուրս է դրել պատմական փոփոխութիւնների այն գործընթացից, որի մէջ շատ երկրներ ձգտում են գտնել ու պաշտպանել սեփական շահերը:

Հայաստանի իշխանութեան նեղ կացութիւնը տեսնելով` ազրպէյճանցիներն ու թուրքերը մղում են նրան նորանոր զիջումների: Իշխանութիւնը ակնդէտ հետեւում է ԱՄՆ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին, Վրաստանում ծաւալուող իրադարձութիւններին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ գործընթացներին` դրանցում անուղղակի եւ ուղղակի վտանգներ տեսնելով իր համար: Միւս կողմից` Ռուսաստանի դիրքորոշումների կարծրացման ու գործնականացման պայմաններում իշխանութիւնը սարսափով է նայում դէպի հիւսիս եւ մղձաւանջային երազներ է տեսնում, թէ ինչպէ՛ս է Ռուսաստանը յեղաշրջում կազմակերպում եւ տապալում իրենց: Հայաստանի ղեկավարն ու իշխանախումբը, հեռու լինելով ազգային շահերի գիտակցութիւնից եւ վեց տարուայ ընթացքում փաստացի տապալելով ամէն գործ, ինչին առնչուել են, հիմա ունեն մէկ գլխաւոր մտահոգութիւն` ինչպէ՞ս պահպանել իշխանութիւնը, իշխանութեան միջոցով սեփական անձերը պաշտպանելու համար:

Քանի դեռ կարող են իրենց օգտին ընտրութիւններ կազմակերպել, նրանք դռնից դուռ ընկած, անգամ թուրքերի միջնորդութիւնն են մուրում, որպէսզի Ազրպէյճանը խաղաղութեան պայմանագիր կնքի: Այս ոչինչ չարժեցող թղթի կտորը նրանց անհրաժեշտ է արտահերթ ընտութիւններ անցկացնելու համար, որպէսզի ընտրողին ասեն, թէ 2021 թուականին չեն խաբել, խաղաղութեան տեսքով ահա իրականացրել են «ապագայ կայ» կարգախօսը: Սրա կողքին, ժողովրդին եւս մէկ անգամ խաբելու գայթակղիչ խաղալիք են դարձրել, Եւրամիութեանը եւ անգամ ՕԹԱՆ-ին միանալու ցնորական հեռանկարը: Նիկոլ Փաշինեանը մտածում է, որ մէկ անգամ եւս յաղթելով ընտրութիւններում` ձեռքերը ազատ կը լինեն նորանոր զիջումների համար, երկրի ներսում անելու համար ցանկացածը` հասնելով արտաքին ուժերի մէկ դէպքում աջակցութեանը, մէկ այլ դէպքում` հարկադրուած չէզոքութեանը: Իր նպատակին հասնելու համար իշխանութիւնը գնում է հապշտապ քայլերի` ոտնահարելով երկրի հիմնական շահերը, անտեսելով որեւէ կարծիք երկրի ներսում, ինչպէս եւ` ոտնահարելով պետութեան հիմնական օրէնքները: Խորհրդարանական ընդդիմութեանը հրաժարականի դրդելու խաղը նոյնպէս թելադրուած է իշխանական քուլիսներից, որպէսզի գործող վարչապետը կարողանայ ազատօրէն երկու անգամ հրաժարական տալ, այդ ընթացքում ոչ ոք չառաջադրուի յանկարծ եւ ձեռք բերի արտահերթ ընտրութիւններ անցկացնելու իրաւունք:

Այո՛, աշխարհը մեծ փոփոխութիւնների շրջապտոյտի մէջ է, սակայն ամենաճակատագրական իրողութիւնները սեփական իշխանութիւնների ձեռքով պատուհասում են հայ ժողովրդին: Արդեօք չի՞ ուշանալու չտրորուած ճանապարհով երկիրն անդունդից դուրս բերելու քաղաքական գալիքը:

«Դրօշակ» թիւ 10 2024 թ.

Comments are closed.