Փոքր Մարդու Մեծ Սուտը

Photo: AP

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ

1938 թուականի սեպտեմբերի 30-ին, Միւնխենից վերադառնալով, Մեծն Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմպեռլէյնը, դիմելով ժողովրդին, թափահարելով Միւնխենեան համաձայնագիրը, յայտարարեց. «Ես մեր ժամանակների համար խաղաղութիւն եմ բերել»: Չեմպեռլէյնն անկեղծ էր իր մոլորութեան մէջ, նա իրօք հաւատում էր, որ խաղաղութիւն է բերել, կարողացել է «փոքրը զիջելով` մեծը պահել»: Եկէք` անկեղծ լինենք. բրիտանացիների զգալի մասը ցնծաց` ստանալով «Չեխոսլովաքիայի հարցի լուծման» մասին լուրը: Ա. Համաշխարհային պատերազմը քսան տարի էլ չկար ինչ վերջացել էր եւ «քոնթինենթում» հաւանական նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու ցանկութիւնը շատ մեծ էր: Սակայն ժողովրդի կողմից ընտրուած առաջնորդը սխալ էր գնահատել թշնամու մտադրութիւնները, հաւատացել էր, որ թշնամին կը բաւարարուի ստացածով ու կը զսպի իր նկրտումները, մինչդեռ Սուտեթները ոչ թէ «կշտացրեցին» Հիթլերի ախորժակն, այլ աւելի այն գրգռեցին: Ինչ ժամանակներ թեւակոխեց աշխարհն այդ համաձայնագրի ստորագրումից յետոյ, բոլորին է յայտնի: Միւնխենեան համաձայնագրով հաստատուած «խաղաղութիւնը» մէկ տարի էլ չտեւեց եւ աւարտուեց մարդկութեան պատմութեան ամենաարիւնալի ու դաժան պատերազմով: Չեմպեռլէյնը հասկացաւ իր սխալը, գիտակցեց, որ ինքն է անմիջական պատասխանատուն, չփորձեց մեղաւորներ նշանակել, չյայտարարեց, թէ պատերազմն անխուսափելի էր, քանի որ Գերմանիան քսան տարի զինւում էր, իսկ Անգլիան նոյնիսկ բաւարար թուով հրացան չունէր ու ստիպուած է լինելու Միացեալ Նահանգներից լենտ-լիկով հրացան վարձակալել: Չեմպեռլէյնն արժանապատուութիւն ունէր. նա հեռացաւ…

2020 թուականի նոյեմբերի 9-ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինեանը ստորագրեց մի եռակողմ յայտարարութիւն, որը, շատերի կարծիքով, Հայաստանի ամբողջական ու անվերապահ անձնատուութիւնն էր Ազրպէյճանի առաջ: Փաշինեանը չհանդիպեց ցնծացող ամբոխի հետ, ցոյց չտուեց իր եւ Ալիեւի ստորագրութիւնը կրող փաստաթուղթը: Նա գերադասեց թաքնուել ինչ-որ ծածուկ պունքերում ու դիմատետրեան ուղիղ եթերով դիմել յուսահատուած, պարտուած ու զայրացած ժողովրդին: Փաստաթղթի բնօրինակն էլ երեւի միայն Փաշինեանի մերձակայ շրջանակն է տեսել:

Իր տխրահռչակ «լայվում», որն այնուհետեւ անհետացաւ Փաշինեանի դիմատետրեան էջից, եւ դրան հետեւած ուղերձներում ու հարցազրոյցներում Փաշինեանն արդարացաւ, որ ստեղծուած պայմաններում այլ հնարաւորութիւն չունէր, այլապէս կը վտանգուէր 20.000 զինուորի կեանքը (այդ թիւը յետոյ սահուն մեծացաւ մինչեւ 35.000), մեղադրեց «նախկիններին», որոնց վարած սխալ քաղաքականութիւնը եւ ձախողած բանակցութիւնները յանգեցրեցին պատերազմի, մեղադրեց ժողովրդին, որ 30 հոգանոց կամաւորական ջոկատներ չկազմեց, մեղադրեց օլիկարխներին, որոնց ջոկատները Շուշի չհասան, Շուշին անուանեց «տժգոյն ու դժբախտ քաղաք» եւ դարձեալ օգտագործեց բանականութեան հետ անհամատեղելի «եօթ շրջան, ներառեալ` Շուշին» արտայայտութիւնը: Սակայն հիմնական ուղերձը, որ նա յղեց, որը երկրորդեցին նրա կողմնակիցները, որը տարածեցին նրա ենթակայութեան կամ ազդեցութեան տակ գտնուող լրատուամիջոցները եւ ֆէյքերը, հետեւեալն էր. «Ես խաղաղութիւն եմ բերել»:

Դարձեալ անկեղծ լինենք. ժողովրդի մի հատուած համաձայն էր եւ հիմա էլ համաձայն է «Խաղաղութիւն ամէն գնով» մօտեցման հետ, մանաւանդ որ կշեռքի մի նժարի վրայ «տժգոյն ու դժբախտ քաղաքն» էր, որի տեղը քարտէսի վրայ քչերը կը կարողանան գտնել, իսկ միւս նժարի վրայ` 35.000 երիտասարդի կեանքը: Եթէ նկատել էք, զինուորականութիւնը չհաստատեց շրջապատման վտանգի մէջ գտնուող 35.000 զինուորի մասին պնդումը, բայց դա թաւշեայ քարոզիչների մօտ խղճի խայթ չառաջացրեց: Իսկ պատերազմի սարսափի միջով անցած ժողովուրդը դա երեւի չնկատեց էլ. պատերազմի 44 օրերի ընթացքում ճիշդն ու սուտն այնքա՜ն հմտօրէն էին իրար միախառնել…

Փաշինեանի որոշ համախոհներ, ոգեւորութեան պահին, խաղաղութիւնից բացի` նաեւ տնտեսական զարգացման հնարաւորութիւններ տեսան այդ փաստաթղթում եւ դրանից յետոյ հաստատուելիք հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում: Ընկերային-տնտեսական ճգնաժամի եզրին կանգնած մեր պետութեան հպարտ քաղաքացիներին, որոնք իրենց մաշկի վրայ են զգացել քորոնավիրուսի տնտեսական հետեւանքները, եւ որոնք դեռ զգալու են պատերազմի տնտեսական հետեւանքները, պէտք էր ոչ միայն խաղաղութիւն հրամցնել, այլեւ` բարեկեցութիւն. Ղարաբաղի հարցը լուծուեց, հիմա մարդիկ լաւ կ՛ապրեն: Այժմ չքննարկենք այդ «հնարաւորութիւնների» հարցը: Ուղղակի ասեմ, որ լուրջ չէ ակնկալել, որ Թուրքիան, ում առաջ թէկուզ վեց ամսով փակում ես քո շուկան, պատրաստ է քո համար բացել իր նաւահանգիստները: Ազնիւ չէ գործարարներին կոչ անել ներդրում կատարել, օգտուել թուրքական ապրանքների նկատմամբ վեցամսեայ արգելքով պայմանաւորուած «հնարաւորութիւններ պատուհանից», իսկ յետոյ էլի հայկական շուկան բացել թուրքերի առաջ եւ կառավարութեանը հաւատացած պիզնեսներին կանգնացնել սնանկացման վտանգի առաջ: Բայց հիմա լրջութիւնն ու ազնուութիւնը յարգի չեն:

Արդեօ՞ք մենք թեւակոխեցինք կայուն խաղաղութեան ժամանակաշրջան: Խաղաղութիւն կը հաստատուի միայն, եթէ հակամարտող բոլոր կողմերը խաղաղութիւն ուզեն: Միակողմանի միայն անձնատուութիւնն է լինում, միակողմանի խաղաղութիւն չի լինում: Իսկ արդեօ՞ք թուրք-ազրպէյճանական հրոսակապետութիւնները պատրաստ են խաղաղութեան: Ազրպէյճանցիները երբեք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդէպ: Հիմա, երբ Հայաստանը պարտուած է, մի՞թէ ճիշդ ժամանակը չէ Էրիվանն ու Գեոքչան «հետ բերել» ու վերջապէս լուծել Զանգեզուրի պատկանելիութեան հարցը: Նոյնիսկ, եթէ Ազրպէյճանը իրեն կատարեալ երջանիկ զգայ նոյեմբերի 10-ից յետոյ ձեւաւորուած սահմաններում, արդեօ՞ք աւագ եղբայրը` Թուրքիան, կը բաւարարուի միայն Արցախի հարաւային շրջանները Հայաստանից պոկելով: Կասկածում եմ: Պատահական չէր, որ Պաքւում Էրտողանը յիշատակեց Էնվէրին. Էնվէրի գործը կիսատ է մնացել:

Նացիստական Գերմանիային Սուտեթները պէտք չէին, նրանց համաշխարհային տիրապետութիւն էր պէտք, եւ նրանք միայն Սուտեթներով չբաւարարուեցին: Թուրքերին ու ազրպէյճանցիներին միայն Արցախի հարաւը  պէտք չէ: Նրանց ախորժակը շատ աւելի մեծ է: Ցաւօք, մեր հայրենակիցներից ոմանք, որ համարեա երեսուն տարի կրկնում էին. «Ինչո՞ւ մեր երեխեքը պէտք է ղարաբաղցիների համար կռուեն» չեն հասկանում, որ Արցախը պահում է Հայաստանի թիկունքը, գրաւելով Արցախը` վաղը թուրքերն ու ազրպէյճանցիները կը պահանջեն Երեւանը: Իսկ միգուցէ՞ շատ լաւ հասկանում են….

Հասկանանք, թէ ի՛նչ վիճակում են յայտնուել Հայաստանն ու նրա արցախեան հատուածը անձնատուական յայտարարութեամբ աւարտուած պատերազմից յետոյ: Մենք երբեք այսքան խոցուած չենք եղել: Ժողովուրդը յետպատերազմեան անկումային տրամադրութեան մէջ է: Ողբերգութիւնը թակել է հազարաւոր ընտանիքների դուռը: Մարդիկ հարազատներ ու ընկերներ են կորցրել: Հազարաւոր որբեր, այրիներ, որդեկորոյս մայրեր: Որքան էլ կառավարութիւնը ձգձգի զոհերի ընդհանուր թիւը հրապարակելու պահը, 5.000 թիւն արդէն որեւէ մէկը չի վիճարկում: Անյայտ են գերի ընկածների անունները, ընդհանուր թուաքանակը, նրանց ճակատագիրը: Ազրպէյճանցիները, որպէս «բարի կամքի» դրսեւորում, վերջերս հայկական կողմին վերադարձրեցին երեք տարեց քաղաքացիական անձի (եւ քաղաքացիական անձի մէկ խոշտանգուած դի): Վերադարձուածները ռազմագերիներ չէին, պարզ պատանդներ էին: Այդպիսի պատանդներ կարող են ապագայում տասնեակներ լինել` հաշուի առնելով հայ-ազրպէյճանական շփման գծի երկայնքով ստեղծուած անհասկանալի իրավիճակը: Անհետ կորած զինուորների հարազատները երանի են տալիս նրանց, որոնք իրենց զոհերին բաց դագաղով են յուղարկաւորել… Վիրաւորների թիւը միտումնաւոր չի յայտարարւում:

Հասարակութիւնն ելեկտրականացուած է: Երկուս եւ կէս տարի հասարակութեան պառակտումը տուեց իր պտուղները: Հասարակութեան համերաշխութիւնն ապահովելու փոխարէն` Փաշինեանը քաղաքացու վրէժի կոչ է անում ու սպառնում, թէ հեսայ տղերքն առաջնագծից կը գան ու վա՜յ վնգստացողներին: Տղերքն «առաջնագծից» եկան ու պարզուեց, որ մէկը Քելբաջարում է կռուել` Ջէբրայիլի կողմերը, իսկ միւսի եղբօր որդին դեռ Հադրութում է, չնայած Հադրութում արդէն միայն թշնամին է: Փաշինեանի հրաժարականն են պահանջում` երկրի գործող նախագահը, նախկին նախագահները, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներն ու եպիսկոպոսաց դասը, մտաւորականները, գիտնականները, ուսուցիչները, բժիշկները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնութիւնը, սփիւռքեան ամենաազդեցիկ կառոյցները: Ի պատասխան, քաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչները յայտարարում են. «Էլ ոչ մի թաւիշ» ու ցուցարարների դէմ ոստիկանական ուժեր նետում:

Արցախն իր գոյութեան ամենածանր ժամանակներն է ապրում: Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցն առկախուեց, եւ յայտնի չէ` ո՞վ, ե՞րբ եւ ինչպէ՞ս է այն դարձեալ դնելու բանակցութիւնների սեղանին: Հանրապետութեան իշխանութիւնը կաթուածահար է: Նոյնիսկ վառելիքի ու դպրոցների շահագործման հարցերը լուծում են խաղաղապահները: Այո՛, Արցախն իր պատմութեան որոշ ժամանակահատուածում եղել է օտարի տիրապետութեան տակ: Բայց Արցախը եղել է ամբողջական: Այժմ Խամսայի մելիքութիւններից Դիզակի մելիքութիւնը (Հադրութի շրջանը) ամբողջութեամբ, Վարանդայի, Խաչէնի ու Շուշիի մելիքութիւնների (համապատասխանաբար` Մարտունու, Ասկերանի ու Շուշիի շրջաններ) մի մասը պոկուել են Արցախից: Որպէս ամբողջական վարչաքաղաքական միաւոր` Արցախն այս պահին գոյութիւն չունի: Արցախը կանգնած է անգլավացման իրական վտանգի առաջ: Գորիսից մինչեւ Ստեփանակերտ ընկած հատուածում ընդամէնը մի քանի հայկական ընտանիք է մնացել Բերդաձորի ենթաշրջանի գիւղերում եւ Քաշաթաղի շրջանի Արիավան գիւղում: Վերջիններս, դաշնակցական գիւղապետի հրամանատարութեամբ, գիւղը պաշտպանում են ազրպէյճանցի զինուորներից ու հայ թալանչիներից: Բանակի մարտական ոգին ու մարտունակութիւնն այն չեն, ինչ մի քանի ամիս առաջ էր: Հրամանատարական կազմը լուրջ կորուստներ է կրել, ռազմական զինատեսակների մի զգալի բաժինը կա՛մ ոչնչացուած է, կա՛մ մնացել է թշնամիներին: Քաղաքական իշխանութիւնները, միտումնաւոր, անհետ կորածների հարազատներին ուղղորդում է դէպի բանակ` փորձելով խուսափել այդ հարցի քաղաքական լուծման պատասխանատուութիւնից: Ռազմաճակատի գիծը երկարեց մի քանի հարիւր քիլոմեթրով: Դեռ մինչեւ պատերազմը հայկական կողմը դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմի համալրման հետ կապուած խնդիրներ ունէր: Հիմա այդ խնդիրը բազմապատկուեց: Դեռ երեք ամիս առաջ խորը թիկունք համարուող Գեղարքունիքը (Ճամբարակից հարաւ), Վայոց Ձորի արեւելքը, Սիւնիքի արեւելքն այժմ դարձել են սահմանամերձ գօտի: Իսկ որտեղո՞վ է անցնելու սահմանը, GPS-ով որոշում են ազրպէյճանցիները: Ազրպէյճանցիք, 1991-ին իրենց անկախութիւնը հռչակելիս յայտարարել էին, որ հանդիսանում են Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւայաջորդը: Այն ժամանակ, ի դէպ, GPS չկար: Խորհրդային Միութեան ժամանակ այդ սահմանները ետ ու առաջ են տրուել, որպէս կանոն, ի վնաս հայերի: Սահմանագիծն անցնում էր բարձունքների գագաթներով (որտեղ, որ բարձունքներ կան): Ինչպէ՞ս են հիմա Հայաստանն ու Ազրպէյճանն այդ բարձունքները «կիսելու»: Հայաստանի Հանրապետութիւնը սահմանազատման գործընթացում չկայ, կան GPS-ով զինուած ազրպէյճանցիներ: Ի՞նչ է իրենից ներկայացնելու «Մեղրիի միջանցքը», հաւանաբար գիտեն միայն ազրպէյճանցիները: Յիշեցնեմ, որ դեկտեմբերի 2-ին Ալիեւը խօսել է ոչ թէ միջանցքի, այլ միջանցքների մասին: Ակնյայտ է, որ ազրպէյճանցիք կը պահանջեն «Լաչինի միջանցքին» համարժէք միջանցք: Միգուցէ՞ սա է պատճառը, թէ ինչո՛ւ կազմակերպուած տարհանուեց Բերձորի ու Բերդաձորի խաղաղ բնակչութիւնը:

Ի տարբերութիւն Հայաստանի ու նրա արցախեան հատուածի, Թուրքիան ու Ազրպէյճանը երբեք այսքան յարձակողապաշտ, ռազմատենչ ու յաղթանակով ոգեւորուած չեն եղել: Ուրեմն ի՞նչը նրանց ետ կը պահի նոր պատերազմից: Միայն սահմանային անխուսափելի վէճերը նոր պատերազմի հրաշալի casus belli (պատերազմի առիթ) են: Մի փոքրիկ սադրանք ու… Թուրքական զօրքն արդէն ռազմական խարիսխ ու մշտական ներկայութիւն ունի Ազրպէյճանում, ռուսական զօրքն Արցախում է եւ կարեւոր չէ նրանց կարգավիճակը, իրանցիները զօրք են կուտակել իրենց հիւսիսային սահմանի վրայ: Իրանը ռեւերանս է անում Ազրպէյճանին, բայց ԱԳՆ է կանչում Թուրքիայի դեսպանին` բացատրութիւն պահանջելու էրտողանի` Պաքւում կատարած վերջին յայտարարութեան վերաբերեալ: Ռուսական կողմը նուրբ ակնարկ է անում երբեք բարեվարքութեամբ աչքի չընկած Էրտողանին: «Կովկասեան կաթսան» շարունակում է եռալ:

Այս լոյսի ներքոյ դարձեալ հարց տանք մեզ. «Պատերազմն աւարտուե՞ց: Անձնատուութեամբ աւարտուած մարտական գործողութիւնները մեզ խաղաղութիւն բերեցի՞ն»: Փաշինեանը մեզ աւելի մօտեցրեց աւելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ աւելի անբարենպաստ վիճակում ենք, քան` 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հաստատուածը խաղաղութիւն չէ, այլ ժամանակաւոր անդորր` մեծ փոթորիկից առաջ: Ամբոխային տրամաբանութեան մեծ մասնագէտը ժողովրդին խաղաղութիւն չբերեց, այլ` անպատուութիւն, իսկ ի՞նչ է սպասում անպատուութիւնն ընտրողին, բոլորին է յայտնի….

Հ.Գ. Յօդուածը գրուել էր մինչեւ 44 հայ գերիների վերադարձն ու Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի վրայ ազրպէյճանական զօրքերի գրոհն ու գիւղերի բռնակցումն Ազրպէյճանին, Շուշիի շրջանի Հին Շէն գիւղի շրջափակումը եւ Տեղ համայնքի հատուածում Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի «ճշդումը»: Նախորդ 4 օրերի զարգացումները եւս մէկ անգամ փաստեցին, որ մեր տարածաշրջանում խաղաղութիւն հաստատուելու մասին լուրերը, ինչպէս կ՛ասէր Մարկ Տուենը, «մեծապէս չափազանցուած են»:

«Առաւօտ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.