Փոփոխուող աշխարհակարգը վաղ թէ ուշ ստեղծելու է հնարաւորութիւնների պատուհան. Արա Այվազեան
- (0)

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազեանի յօդուածը.
Պատմական օրինաչափութիւն
Պատմութեան ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզօր կայսրութիւնների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածաւալ տարածքների վրայ, ձեւաւորել են համաշխարհային քաղաքականութիւնը եւ ուղղորդել քաղաքակրթութիւնների ընթացքը։ Հռոմէական կայսրութիւնից մինչեւ Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրութիւնից մինչեւ Խորհրդային Միութիւն՝ այս տէրութիւնները կուտակել են աննախադէպ ազդեցութիւն եւ հարստութիւն։ Սակայն, որքան հզօր էլ որ դրանք թուացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մէկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանուել յանկարծակի եւ գրեթէ երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Իւրաքանչիւր կայսրութեան անկումը ունեցել է իր պատճառահետեւանքային առանձնայատկութիւնները, սակայն բոլորի դէպքում միաւորորղը եղել են գերագնահատուած ինքնավստահութիւնը, մեծամտութիւնը եւ իրականութիւնից կտրուած լինելը։
Դարերի ընթացքում ձեւաւորուել է մի անժխտելի օրինաչափութիւն․ այն կայսրութիւնները, որոնք սկսում են հաւատալ իրենց յաւերժութեանն ու գերակայութեան ճակատագրական արդարացուածութեանը, մի օր փլուզւում են հենց այդ նոյն մեծամտութեան պատճառով։ Պատմութիւնը՝ անաչառ եւ անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիութեան հետ։ Այն, ինչ սկսւում է որպէս գերիշխանութիւն, յաճախ աւարտւում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիութեան պատրանքը, այնքան թոյլ է կայսրութեան դիմադրողականութիւնը փոփոխութիւններին։
Ամենավտանգաւոր դրսեւորումներից մէկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանութիւնը ոչ միայն արդարացուած է, այլ նաեւ պատմականօրէն, բարոյապէս ու ի վերուստ կանխորոշուած։ Նման մեծամտութիւնը խաթարում է իրականութեան ընկալումը, յատկապէս երբ իշխանաւորները շրջապատւում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատութիւնը դիտւում է որպէս դաւաճանութիւն, իսկ փաստերը մնում են ստուերում։ Որպէս հետեւանք՝ իրականութիւնից կտրուած առաջնորդները սկսում են գործել ոչ թէ իրողութիւնների հիման վրայ, այլ յաւերժ գերակայութեան պատրանքով։
Կայսրութիւններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարութիւնը ստորադասւում է ընտանեկան կապերին, կլանային պարտաւորութիւններին կամ «պատմական» իրաւունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորւում է ոչ թէ ռազմավարական հաշուարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրութեամբ, կայսրութիւնները սկսում են փլուզուել ներսից։
Հռոմէական կայսրութեան անկումը չսկսուեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսուեց այն պահին, երբ կայսրերը կարեւոր պաշտօններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողութիւններից, եւ աւելի շատ թշնամանքի մէջ էին մրցակից խմբաւորումների, քան օտարերկրեայ զաւթիչների հետ։ Օսմանեան կայսրութիւնը խեղդուեց ներքին ինտրիգների մէջ, իսկ Խորհրդային Միութիւնում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանութիւնից, մինչդեռ երկիրը լճանում եւ քայքայւում էր։
Արցախը՝ կայսերական մտածողութեան զոհ
2023 թուականին Արցախի անկումն աւելի լայն եւ վտանգաւոր հետեւանքներ է ունեցել, քան պարզապէս տարածքային փոփոխութիւն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացայայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիութիւնը։
Այս «հանգուցալուծումից» յետոյ տարածաշրջանում սկսեցին աւելի ակտիւ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը եւ Արեւմուտքը՝ իւրաքանչիւրն իր «պատմական ազդեցութեան գօտին» վերականգնելու մտադրութեամբ՝ ոչ թէ որպէս խաղաղարար, այլ որպէս շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետեւանքով առաջացած վակւումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տէրութիւնները, որոնք կայսերական յիշողութեան կրողն են, կրկին սկսում են պայմանաւորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանութեամբ։
Այս ամէնը տեղի է ունենում կլոպալ համակարգի խոր անկայունութեան ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտութիւնները վերածւում են գերհզօրների մրցակցութեան թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիւանագիտական պրագմատիզմի հանդէպ։ Ակնյայտ է դառնում անտարբերութիւնը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղութեան, անվտանգութեան եւ արժանապատուութեան հանդէպ, երբ սահմանները վերաձեւաւորւում են բռնութեան միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերւում են յանուն այսպէս կոչուած պատմական նպատակայարմարութեան։
Պէտք է յստակ արձանագրել. որոշ տէրութիւնների մեծամտութիւնը, ցինիզմը եւ կայսերական կարօտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը. նրանք պարզապէս աւարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք յարմար էին իրենց կարճաժամկէտ շահերին։ Այդ տէրութիւնները, գործելով որպէս անկում ապրած կայսրութիւնների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թէ որպէս հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտութեամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրաւունքները եւ անվտանգութեան վերաբերեալ հիմնաւոր մտահոգութիւնները։
Արցախի ողբերգութիւնն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ յայտնի պատճառների, այն հնարաւոր դարձաւ, եւ որոշ առումներով ուղղորդուեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպէս «խաղաղութեան» հիմք եւ հաւատացին, թէ գերիշխանութիւնը հաւասար է կայունութեան։
Բայց գերիշխանութիւնը առանց լեգիտիմութեան ծնում է դիմադրութիւն, իսկ վախի ու լռութեան վրայ հիմնուած կայունութիւնը ենթակայ է փլուզման։ Արդարութեան ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրուած խաղաղութիւնը խորացնում են ճգնաժամերը՝ դրանք լուծելու փոխարէն։
Պատմութեան դատաստանը
Կայսրութիւնները չեն փլուզւում, որովհետեւ բախւում են մարտահրաւէրների։ Դրանք փլուզւում են, որովհետեւ չեն կարողանում արձագանգել այդ մարտահրաւէրներին՝ խոհեմութեամբ, յստակութեամբ եւ իրատեսութեամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռութիւնը շփոթում են համաձայնութեան, վերահսկողութիւնը՝ օրինականութեան, իսկ գերիշխանութիւնը՝ իմաստութեան հետ։ Երբ առաջնորդները սկսում են հաւատալ, որ իրենք յաւերժ են, երբ իրենք դառնում են պետութեան մարմնաւորումը, եւ երբ ազգային շահը խառնում են անձնական յաւակնութիւնների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։
Տարբեր դերակատարների կայսերական մտածողութեան մեծամտութիւնն ու կուրութիւնը ողբերգութիւն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմութիւնն անվերջ ցոյց է տուել, որ երբ կայսրութիւնները սխալւում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետեւանքները, ուշ թէ շուտ, անխուսափելիօրէն յետ են վերադարձւում հենց այդ կայսրութիւններին։ Երբ իշխանութիւնը օգտագործւում է իրականութիւնը մերժելու համար, երբ մարդկային կեանքերը դիտարկւում են որպէս աննշան զոհեր, եւ երբ առաջնորդութիւնը վերածւում է անձնական փառքի գործիքի, նման կայսրութիւնները անխուսափելիօրէն գնում են ներքին քայքայման եւ կործանման ճանապարհով։
Ամփոփում
Այդ ամէնի դէմ յանդիման կանգնած Հայաստանն ամենեւին դատապարտուած չէ վերջնական պարտութեան։ Մեծ տէրութիւնների ուժային խաղերի, կայսերական մտածողութեան եւ ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռեւս գոյութիւն ունի իմաստուն եւ նպատակային ընտրութեան հնարաւորութիւնը։ Մեր պատասխանը պէտք է լինի ազգային շահերից բխող հաշուարկուած ռազմավարութիւնը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականութեան յստակ եւ համակարգուած ձեւաւորմամբ եւ ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։
Նոյնիսկ ամենածանր իրավիճակներում հնարաւոր է ձեւաւորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնութիւնը, փորձը, իրատեսութիւնն ու հետեւողականութիւնը։ Փոփոխուող աշխարհակարգը վաղ թէ ուշ ստեղծելու է հնարաւորութիւնների պատուհան, եւ միայն համարժէք պատրաստուածութիւնն է, որ կարող է ապահովել, որպէսզի այդ պատուհանը բացուի ոչ թէ ուրիշների, այլ հենց Հայաստանի առջեւ։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մօտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի յետպատերազմյան վերականգնմանն ուղղուած արտաքին քաղաքականութեան հիմքում։