Փաշինեանը պատուէր է կատարում՝ Ցեղասպանութեան պատասխանատուութիւնը մեր ժողովրդի վրայ դնելով, ստացւում է՝ ոչ թէ ցեղասպան թուրքն է մեղաւոր, այլ ցեղասպանուած հայը. Պատմաբան

Horizon Weekly Newspaper

Եթէ Նիկոլ Փաշինեանը չգիտի թէ ինչու է կամ ինչպէս է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանութիւնը, ապա պէտք է պարզապէս կարդայ, այստեղ որեւէ հարց չկայ ապացուցելու, Հայոց Ցեղասպանութիւնը իրողութիւն է ու դա ապացուցող բազմաթիւ փաստեր կան։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրոյցում ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանեանն՝ անդրադառնալով զուիցերիահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ պէտք է վերադառնանք Հայոց Ցեղասպանութեանը, հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչպէս է տեղի ունեցել ու ում միջացով ենք դա ընկալել։

Պատմաբանն ընդգծեց, որ այս իրողութիւնն ապացուցող փաստերից մէկն էլ հենց թուրքական դատարանի 1915 թ.-ին Հայոց Ցեղապանութեան կազմակերպիչների եւ իրագործողների նկատմամբ հեռակայ կարգով կայացրած դատավճիռն էր։ «Սրանք փաստեր են, որոնց պարտաւոր էր տիրապետել ցեղապանութիւն վերապրած ժողովրդի պետութիւնը ներկայացնող ղեկավարը, քաղաքական գործիչը։

Իսկ եթէ նա այլ նպատակ է հետապնդում ու արհեստականօրէն օրակարգ է ուզում բերել ինչ-ինչ հարցեր, ապա սա արդէն շատ աւելի վտանգաւոր է։ Ինձ համար զարմանալի է, որ նա նման միտք արտայայտել է ցեղասպանութիւնը վերապրած մարդկանց ժառանգների մօտ ու նրանք դրան չեն արձագանգել», ասաց նա։

Հարցին, թէ ինչ խնդիր է լուծում Փաշինեանը՝ փորձելով զոհի վրայ պատասխանատուութիւն դնել՝ նա պատասխանեց, որ ոչ այնքան Փաշինեանն է փորձում խնդիր լուծել, որքան նրա պատուիրատուները։ «Փաշինեանը պատուէր է կատարում՝ Ցեղասպանութեան պատասխանատուութիւնը մեր ժողովրդի վրայ դնելով, թէ իբր՝ ցեղասպան թուրքը մեղաւոր չի, այլ ցեղասպանուած հայն է մեղաւոր, որ իրեն ցեղասպանել են։

Ինչ մնում է նրան, թէ ինչու է եւ ով որոշեց Հայոց Ցեղասպանութեան հարցն օրակարգ բերել, այստեղ էլ կարծում եմ, որոշակի տգիտութեան հարց կայ, քանի որ հայկական սփիւռքում հարցը միշտ էլ օրակարգում է եղել։ «Ինչ մնում է Խորհրդային Միութեան տարածքում հարցի բարձրացմանը, ապա Խորհրդային Հայաստանում այն պարզ պատճառով տարիներէ ի վեր չէր արծարծւում այդ հարցը, քանի որ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների տարիներին այդ հարցը հնարաւոր չէր բարձրաձայնել ու բացայայտ խօսելը, իսկ յետոյ խօսել են, որովհետեւ որոշակի մեղմացում է եղել «խրուշչովեան ձնհալը» նկատի ունեմ։ Մեր ժողովուրդն այդ առիթն օգտագործել է նախեւառաջ ցեղասպանութեան հարցը բարձրացնելու համար։ Ընդ որում, Ցեղասպանութեան ու Արեւմտեան Հայաստանի հողերի հարցը բարձրացուել է նաեւ մեր խորհրդային իշխանութիւնների կողմից 1948 թ.-ին՝ պատերազմի աւարտից յետոյ։ Եթէ հարցն այն է, որ ռուսներն են իրենց շահերից ելնելով հարցն օրակարգ բերել, ապա յետոյ ի՞նչ, դուք էլ այդ հարցն օգտագործէք ձեր շահերից ելնելով»։

Դիտարկմանը, թէ Փաշինեանը վստահ է, որ այդ հարցերը բարձրացնելով, Արարատի մասին խօսելով մենք մեզ հարուածի տակ ենք դնում, թիրախ ենք դառնում, աւելին, ոչ ոք մեզ զէնք չի տայ այդ դէպքում՝ պատմաբանը հակադարձեց, «Բա մինչեւ հիմա ոնց էին տալիս։ Այդպէս չէ, որ երբ դուք հրաժարւում էք պահանջատիրութիւնից՝ քեզ չեն ցեղասպանում, ասորիների, օրինակը դրա վկայութիւնն է։ Ասորիներն ի՞նչ էին պահանջում, որ նրանց թուրքերը ցեղասպանեցին, ոչինչ։ Հետեւապէս այս պնդումը եւս սխալ է ու որեւէ քննադատութեան չի դիմանում։ Փաշինեանը պարզապէս զբաղուած է թուրքական օրակարգ սպասարկելով։ Որեւէ այլ դիսկուրս այստեղ չկայ»։

Comments are closed.