Փաշինեանը կարող է ստանալ ստորագրութիւն, բայց ոչ երբեք պատմութեան ներողամտութիւնը. Վարդան Օսկանեան
- (0)

Հայաստանի քաղաքական իրավիճակին մասին Հայաստանի Հանրապետութեան նախկին արտաքին գործոց նախարարը հետեւեալ գրառումը կատարած է ընկերային ցանցերու վրայ։
Ժամանակակից հայկական դիւանագիտութեան ողբերգականօրէն զաւեշտալի յատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կրկին ի ցոյց է դրել իր քաղաքական անկարողութեան, ռազմավարական կարճատեսութեան եւ անձնատուր լինելու զարմանալի պատրաստակամութեան ամբողջ հմայքը՝ յանուն սեփական աթոռի պահպանման միակ նպատակի: Ատրպէյճանի հետ այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագրի» շուրջ բանակցութիւնների աւարտը դիւանագիտական յաջողութիւն համարելը, ինչն անում է նա, իրականութեան հետ աղերս չունի: Իրականում դա ամենաբացայայտ խոստովանութիւնն է, որ նա բանակցային սեղանի վրայ ամբողջովին զոհաբերել է հայկական ազգային շահը:
Եկէք սկսենք այս խայտառակութեան հիմքում ընկած ակնյայտ, աններելի բացթողումներից: Ըստ առկայ տեղեկատուութեան՝ համաձայնագրում նշում չկայ Ատրպէյճանի՝ Հայաստանի բռնագրաւուած ինքնիշխան տարածքներն ազատելու մասին: Այն ոչինչ չի ասում նաեւ Պաքուում անօրինական պահուող հայ գերիների ազատման մասին, ոչ էլ ընդունում է Արցախի բռնի տեղահանուած հայ բնակչութեան վերադարձի իրաւունքը: Սրանք սոսկ բացթողումներ չեն. դրանք միտումնաւոր բացառումներ են, որոնք անտեսում են հիմնարար ազգային մտահոգութիւնները: Փաշինեանը նոյնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցաւալի լռութիւնը: Հակամարտութեան բուն էութիւնը մի կողմ է դրւում կարծես թէ այն անկարեւոր մի բան էր: Միայն դա բաւարար է համաձայնագիրը որակելու որպէս ազգային խայտառակութիւն եւ դաւաճանութիւն, իսկ Փաշինեանի ղեկավարութեան ներքոյ Հայաստանից կորզուած զիջումների կուտակային օրինաչափութիւնը դրա վրայ դնում է նրա դրոշմակնիքը:
Ըստ Փաշինեանի յայտարարութիւնների՝ Հայաստանը կատարել է երկու վերջնական զիջում, որոնք այժմ, նրա խօսքով, համաձայնագիրը դարձնում են «պատրաստ ստորագրման»: Բայց պատրաստ ո՞ւմ համար: Պատրաստ, թերեւս, Ատրպէյճանի համար, որն արդէն իսկ հասել է տարածքային եւ քաղաքական շօշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի եւ դիւանագիտական ճնշման միջոցով: Այս գործարքը ոչ թէ խաղաղութիւն ձեռք բերելու, այլ Հայաստանի հպատակեցման «օրինականացման» մասին է: Այն խրախուսում է ուժի կիրառումը, օրինականացնում պատերազմի աւարը եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը ատրպէյճանական պահանջների ցուցակի մէջ դիտարկում է որպէս բանակցելի կէտ:
Բայցեւայնպէս, անգամ ինքնանուաստացման այս գործողութիւնը վերջնական լուծում չի բերում: Այժմ ուրուագծւում է երկու հնարաւոր սցենար՝ մէկը միւսից աւելի մռայլ:
Առաջինի դէպքում, Ատրպէյճանը, կորզելով Հայաստանի գրաւոր զիջումները, կարող է ընդհանրապէս չստորագրել փաստաթուղթը: Փոխարէնը, այն կարող է ընտրել սպասելու տարբերակը՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիօրէն կ’իրականացնի համաձայնեցուած միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրութեան փոփոխութիւնը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
Երկրորդ սցենարով, Ատրպէյճանը կարող է արարողակարգով ստորագրել փաստաթուղթը, բայց խուսափել խորհրդարանական վաւերացումից՝ ճիշդ այնպէս, ինչպէս Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական արձանագրութիւնների դէպքում: Այս մարտավարութիւնը Պաքուին թոյլ կը տայ շարունակել ճնշումներ գործադրել՝ Հայաստանից հետագայ զիջումներ կորզելով «չկատարուած պարտաւորութիւնների» պատրուակով: Այդ ցաւալի փորձառութիւնը պէտք է դրոշմուած լինէր հայկական դիւանագիտութեան յիշողութեան մէջ: Սակայն Փաշինեանի օրօք մենք ականատես ենք լինում այդ նուաստացման գրեթէ ճշգրիտ վերարտադրմանը: Կրկին, Հայաստանն միակողմանիօրէն հիմնարար զիջումներ է անում, իսկ նրա գործընկերն իրեն իրաւունք է վերապահում յետաձգել դրանց իրականացումը, պահանջել աւելին եւ, ի վերջոյ, մերժել ամէն ինչ, եթէ հայկական կողմից որեւէ դիմադրութիւն ի յայտ գայ:
Անկախ նրանից, թէ Ատրպէյճանը որ ուղին է ընտրում, արդիւնքը նոյնն է՝ հայկական արժանապատուութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան շարունակական քայքայում: Ամենայուզիչ տարրերից մէկը օտար ճնշման ներքոյ սահմանադրական փոփոխութիւնների հեռանկարն է՝ գործողութիւն, որը հաւասարազօր է քաղաքական ինքնաոչնչացման: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային կանիբալիզմ: Այն գաղափարը, որ Հայաստանը կարող է վերաձեւակերպել իր հիմնարար օրէնքները՝ բաւարարելու ագրեսոր պետութեան նախապայմանները, ժամանակակից պատմութեան մէջ յետկոնֆլիկտային ամենավատ զիջումների աղէտների մռայլ արտացոլումն է:
Եթէ այս համաձայնագիրը ստորագրուի, դա չի նշանակի խաղաղութեան նոր դարաշրջանի լուսաբաց: Աւելի շուտ, դա կ’ազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմութեան հայկական էջի պաշտօնական աւարտը: Սա երկխօսութեան եւ հաշտութեան միջոցով ձեռք բերուած խաղաղութիւն չէ. սա հարկադրանքի, անհաւասարակշռութեան եւ ռազմավարական վակուումի միջոցով պարտադրուած խաղաղութիւն է: Այն չի ստորագրուի արժանապատուօրէն, այլ հրաժարումով ու յուսաբեկութեամբ:
Եւ թող պատրանք չլինի. Ատրպէյճանը շատ լաւ է հասկանում դա: Նրանք գիտեն, որ համաձայնագիր չեն ստորագրում հայ ազգի կամ Հայաստանի ժողովրդի հետ: Նրանք համաձայնագիր են ստորագրում Նիկոլ Փաշինեանի եւ նրա քաղաքական հաւատարիմների նեղ շրջանակի հետ, որոնց գերակայ մտահոգութիւնը ոչ թէ ազգային ամբողջականութիւնն է, այլ անձնական գոյատեւումը:
Այդքան շատ բանի զիջման դիմաց այդքան քիչ ստանալով՝ Փաշինեանը կարող է ստանալ ստորագրութիւն, բայց ոչ երբեք խաղաղութիւն, անվտանգութիւն, եւ, ի հարկէ, պատմութեան ներողամտութիւնը: