Փաշինեանը խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին

Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան 114-րդ յօդուածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրէնքի 37-րդ յօդուածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամաւորների նախաձեռնութեամբ 2023 թուականի Մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, գումարուել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով։

Նիստի ընթացքում պատգամաւորական յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՀ Աժ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը.

Յարգարժա՛ն ԱԺ նախագահ, յարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինեանի այսօրուայ ասուլիսի մանրամասներին մեր գործընկերներից շատերը արձագանգեցին։ Ես չեմ անդրադառնայ այն հակաիրաւական գործընթացին, որը փաստօրէն խախտում է ոչ միայն ՀՀ եւ ԱՀ Սահմանադրութիւնն ու Գերագոյն խորհրդի որոշումը, այլեւ մի շարք ասպեկտներ։

Ես կը ցանկանայի անդրադառնալ Ն․ Փաշինեանի արած այն յայտարարութիւններին, որով նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ սեփական ժողովրդին։ 100 հազարաւոր քուէներ ստանալու մանիպուլիացիաները արդէն չեն անցնի, որովհետեւ Ն․ Փաշինեանը այլ բան էր նախատեսել Արցախի համար, եւ փաստօրէն ստացւում է, որ նա խաբել է ոչ միայն արցախահայութեանը, այլեւ ՀՀ մեր հայրենակիցներին։

Ասում էր՝ մենք պէտք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որ բաւարարէր Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի ժողովրդին։ Փաստօրէն, Ն․ Փաշինեանը բերում է լուծում, որը բաւարարում է Թուրքիայի ու Ատրպէյճանի ժողովրդին, բայց ոչ երբեք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով հասկանում է իրեն ու ՔՊ (Քաղաքացիական պայմանագիր) վարչախմբին։

Ամէն անգամ մեր յայտարարութիւններին արձագանգում է, որ ճիշդ չենք հասկացել։ Ես մի անգամ էլ եմ հարցնում․ այդ ինչպէ՞ս է ստացւում, որ ամբողջ հայ ժողովուրդը հասկանում է մի ձեւով, դուք եւ ձեր տէրերը, ձեր վարչախումբը՝ այլ ձեւով։

Ակամայից յիշում եմ Հ․ Թումանեանի «Չարի վերջը»։ Գիտէք կկուի պատմութիւնը․ այսօր ՀՀ իշխանութիւննները գործում են կկուի հոգեբանութեամբ։ Ուրիշ հարց էր, որ այնտեղ կկուն միամիտ էր, իսկ արդեօ՞ք նրանք միամտութեամբ են այսքանը անում։ Ես կարծում եմ, որ 2018թ․ թաւշեայ կոչուող յեղաշրջումը ունէր մէկ նպատակ, դաւադիր ծրագիր՝ Հայաստանը մասնատելու։

Ժամանակին, երբ խօսում էինք դրա մասին, մեր հայրենակիցներից շատերը մեզ մեղադրում էին, տանում քաղաքական շահարկումների եւ այլն։ Պատմութիւնը ցոյց տուեց, որ իրականում մենք հասանք այն օրին, ինչ ասում էինք։

Պատմութիւնը կրկնուելու փորձ ունի եւ պատմութիւնը շատ դաժան է նրանց նկատմամբ, ովքեր անհրաժեշտ դասեր չեն քաղում։

Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինեանին եւ նրա վարչախմբին դիմելը արդէն դառնում է անիմաստ, որովհետեւ մենք նրանցից սպասելիք եւ պահանջելիք չունենք։

Ես դիմում եմ համայն հայութեանը՝ օր առաջ կանգնեցնելու, կտրելու այդ դաւադիր ձեռքը, այլապէս մենք չենք ունենայ ոչ միայն Արցախ, այլեւ մայր Հայաստան։

 

Comments are closed.