Տիգրանի համար հայրենիքի պաշտպանութիւնը վեր էր ամէն ինչից․ առողջական խնդիրներ ունենալով՝ նա մեկնեց Արցախ, կռուեց ու անմահացաւ հարազատ հողում
«Իմ որդին չափազանց հայրենասէր էր։ Անբացատրելի, անսահման սիրով սիրում էր յատկապէս Արցախը, որտեղ անցել է Տիգրանի մանկութիւնը։ Սեպտեմբերի 27-ին պատերազմի մասին իմանալով՝ իմ միակ զաւակը՝ Տիգրանը, առողջական խնդիրներ ունենալով, 2020 թուականի սեպտեմբերի 29-ին Երևանից մեկնեց Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու», – «Հորիզոն»-ի թղթաակցին պատմեց Տիգրան Աւագեանի մայրը՝ Գոհար Սեխպոսեանը։
Հերոսի մայրն ասում է՝ Տիգրանն իրեն չհարցրեց ՝ երթայ՞ պատերազմ, թէ՞ ոչ․ չգնալ չէր կարող։
2001 թուականին, երբ Տիգրանը 10 տարեկան էր եղել, մօր հետ Երևանից Արցախ՝ Իշխանաձոր էր տեղափոխուել։ Տիգրանի մայրը՝ տիկին Գոհարը, Իշխանաձորի դպրոցում ֆրանսերէնի ուսուցչուհի է եղել, աւելի ուշ նաև հարևան գիւղում է օտար լեզու դասաւանդել։ Տիգրանն ուսանել էր Արցախի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և ռազմագիտութեան ֆակուլտետում։ 2018 թուականին Երևան էր տեղափոխուել և երկրորդ մասնագիտութիւն ունենալու նպատակով մագիստրոսական կրթութիւն էր ստանում։ Իսկ մայրը շարունակում էր դասաւանդել Իշխանաձորի դպրոցում։
2020 թուականի սեպտեմբերի 27-ին՝պատերազմի մեկնարկի մասին իմանալուց յետոյ, Տիգրանը դիմել էր «Մեծն Տիգրան» աշխարհազօրային հրամանատարին ու յատուկ ջոկատի կազմում մեկնել Արցախ։ Տիգրանը կարող էր չմեկնել Արցախ, բայց յամառեց ու մեկնեց։
Տիգրանը տարիներ առաջ, երբ ժամկէտային զինծառայող էր, զօրամասում՝ մինչև օրս չպարզուած հանգամանքներում գլխի հրազէնային վիրաւորում էր ստացել, ապա երեք ծանր վիրահատութիւն տարել։ Տիգրանի մայրը պատմում է՝ որդու ճակատին մեծ սպի կար, յատուկ մետաղ՝ տիտան էր տեղադրուած այդ հատուածում։ Տիգրանը 40 օր կոմայի մէջ մնալուց յետոյ հրաշքով փրկուել էր։ Մայրն ասում է՝ այն ժամանակ հրաշքով փրկուեց, բայց ի վերջոյ զոհուեց յանուն հայրենիքի, գուցէ, նախախնամութիւն էր․․․
Տիգրանն ապրում էր հայրենիքով․ ո՛չ իր կարգավիճակը, ո՛չ հետվիրահատական խնդիրների առկայութիւնը ետ չպահեցին Տիգրանին։ Բացի այդ՝ Տիգրանը մի քանի ամիս էր, ինչ ամուսնացել էր․ հրամանատարն ասել էր՝ սա քո պատերազմը չէ, Տիգրա՛ն, մի՛ արի, բայց Տիգրանն անդրդուելի էր եղել։
Տիգրանի համար հայրենիքի ազատագրումն ամէն ինչից՝ նոյնիսկ սեփական կեանքից վեր էր։
Տիգրանը 2020 թուականի սեպտեմբերի 29-ին զանգել է մօրն ու ասել․ «Քանաքեռի զօրամասում ենք։ Ես գնում եմ Արցախ, ես չեմ կարող չլինել այն երիտասարդների կողքին, որոնք այժմ պաշտպանում են հայրենիքը»։
«Տիգրանն ասում էր՝ իւրաքանչիւր զաւակ իր մօր համար ամենալաւն է։ Եթէ ամէն մայր չթողնի որ իր զաւակը կռիւ գնայ, ո՞վ է պաշտպանելու հայրենիքը։ Որդիս ասում էր՝ ոչ մէկս ոչինչ չարժենք մեր հայրենիքի առաջ։ Տիգրանն ասում էր՝ դո՛ւ ես ինձ այսպիսին դաստիարակել, և իրա՛ւ, այդպէս է։ Որդիս փոքր էր, երբ Անդրանիկ զօրավարի աճիւնը յուղարկաւորեցին Եռաբլուրում։ Ես, նրա ձեռքը բռնած, Եռաբլուր գնացի։ Հայրենասիրութիւնը փոքրուց Տիգրանի մէջ արմատացած էր։ Ես երբեք չեմ ասել՝ դու վիրաւոր ես, մի՛ գնա պատերազմ, ասել եմ՝ ինձ մենակ մի՛ թող։ Տիգրանն էլ ասում էր՝ բա որ ես չգնամ, քեզ ո՞վ է պաշտպանելու։ Հիմա երբեմն իրեն հարց եմ տալիս՝ իսկ հիմա ինձ ո՞վ պիտի պաշտպանի․․․ », — ասում է հերոս Տիգրանի մայրը։
Տիկին Գոհարն ասում է՝ որդին յամառօրէն Ապրիլեան պատերազմին էլ մասնակցեց։
«Տիգրանը Ապրիլեան պատերազմի օրերին էլ դիմեց «Սև յովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարեանին, որ իրեն էլ ջոկատում ներառեն, բայց մերժում էր ստացել, քանի որ Գասպարեանը գիտէր, որ որդիս գլխի հատուածում հրազէնային վիրաւորում ունէր։ Տիգրանն ասել էր՝ եթէ դուք ինձ ձեզ հետ չտանէք, ես ոտքով կը հասնեմ Թալիշ։ Ու որպէսզի որդիս գոնէ իր աչքի առաջ լինէր, «Սև յովազ» ջոկատի հրամանատարը՝ Ռուստամ Գասպարեանը, Տիգրանին էլ ներառեց ջոկատում», — պատմեց Տիգրանի մայրը՝ Գոհար Սեխպոսեանը։
44-օրեայ պատերազմի ընթացքում Տիգրանը մարտնչել է Տօնաշէնում, հոկտեմբերի 19-ին անմահացել է։
«Տիգրանը պատերազմի օրերին գոնէ մի օր հեռու չի եղել դիրքերից։ Միակ օրը հոկտեմբերի 19-ն է եղել, որ իրեն մարտական առաջադրանքի չեն ուղարկել՝ հաշուի առնելով, որ մէկ օրով տուն պիտի իջնի, և հէնց այդ օրը բլինդաժում թշնամու ինքնաթիռի հասցրած հարուածից Տիգրանն իր 5 ընկերների հետ միասին զոհուել է։ Հինգ հերոսների մարմինները Արցախից Երևան է տեղափոխել նրանց վաշտի հրամանատարը։ Նա ասել է՝ իր տղաների մարմինները ինքը անձամբ կը հասցնի Հայաստան, որ յանկարծ ճանապարհին որևէ բան չպատահի, մարմինները ճանապարհին չկորեն․ ցաւօք, նման դէպքեր էլ են եղել․․․», — պատմում է տիկին Գոհարը։
Տիգրանն այժմ յուղարկաւորուած է Եռաբլուրում։ Հերոսի մայրն ասում է՝ Եռաբլուր գնալիս հասկանում է՝ որքան տղաներ իրենց կեանքը տուեցին յանուն հայրենիքի, բայց ցաւօք, կորցրինք և՛ տղաներին, և՛ հայրենիքի մի մասը։ Իշխանաձորը, որտեղ երկար տարիներ ապրել են Տիգրանն ու իր մայրը, թշնամին զաւթել է։ Տիկին Գոհարն ասում է՝ անմխիթար ցաւ է զգում, երբ գիտակցում է, որ Տիգրանը զոհուեց, Իշխանաձորի հարազատ օջախն էլ թշնամին զաւթեց։
«Իմ միակ զաւակին կորցրի, մնացի միայնակ։ Իմ 20 տարիների աշխատանքը ներդրել էի Իշխանաձորում գտնուող տան վրայ, որը թշնամին զաւթեց․․․ Ես միայն այդ յոյսով եմ ապրում։ Մենք բոլորս յոյս ունենք, որ մի օր կը վերադառնանք Արցախ․․․», — ասում է հերոսածին տիկին Գոհարը։
Յասմիկ Բալէեան