Տեղի ունեցաւ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի պաշտօնական բացումը
- (0)

Այսօր, Փետրուարի 26-ին «Էլիտ պլազա» բիզնես կեդրոնի «Մանթաշով» սրահում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութիւնը, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 30 երկրներից ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հրաւիրեալներ հայաստանեան քաղաքական շրջանակներից։
Ժողովի բացման արարողութիւնը մեկնարկեց Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ ՀՅԴ օրհներգներով։
Իր ելոյթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը ասաց՝ Հայրենիքի պաշտպանութիւնը պէտք է դառնայ մեր գլխաւոր ուղենիշը:
«Պայքար բոլոր ճակատներում ու ամէնուր, պայքար հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար․ սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մէջ պէտք է լինենք ե՛ւ կազմակերպիչը, ե՛ւ զինուորը, ե՛ւ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցութեան ճակատագիրը միահիւսուած է: Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան վերականգնումն այլընտրանք չունի», ասաց նա։
Տէրունական աղօթք կարդաց Գերաշնորհ Տէր Նաթան Արքեպիսկոպոս Յովհաննիսեանը ապա, դիմելով ներկաներին, ասաց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնութիւնն է յղում Վեհափառ Հայրապետը՝ յոյսով ու հաւատքով, որ այս հաւաքն իր ներդրումը կ’ունենայ մեր հայրենական կեանքում»:
Նրա խօսքով՝ եթէ մենք այսօր զիջեցինք մեր պատմութիւնը, զրկուելու ենք նաեւ վաղուայ պատմութիւնից:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձն ընթերցեց Արաբական միացեալ էմիրութիւնների, Քուէյթի եւ յարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ եւ կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տէր Մեսրոպ Արքեպիսկոպոս Սարգսեանը։
«Գտնւում ենք անդունդի եզրին։ Համապատասխան դիրքորոշումներ պէտք է որդեգրենք՝ հեռու ամէն տեսակ անիրատեսական մօտեցումներից ու մակերեսային դատողութիւններից։
Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, կրաւորական ու հետեւողի դերում լինել, երբ մեր հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներն են նահաջում, երբ ներքին ճեղքերը խախտում են մեր ազգի միասնականութիւնը, երբ ժամանակաւոր ու խաբուսիկ խաղաղութեան դիմաց զիջման քաղաքականութիւնը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականութիւնը», նշուած էր Արամ Առաջինի ուղերձում։
Իր եզրափակիչ խօսքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանն ասաց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը Հայաստանում գումարում ենք տագնապահար հայութեան եւ վտանգուած հայրենիքի բախտորոշ օրերին:
«Ակնյայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկայ հանգրուանին Հայաստանը եւ ողջ հայութիւնը կանգնած են ճգնաժամի եւ լրջագոյն մարտահրաւէրների առջեւ», շեշտեց նա։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական արարողութեան նիստն աւարտուեց հիւրասիրութեամբ։
Նշենք, որ Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառոյցի բարձրագոյն ժողովն է, գումարւում է 4 տարին մէկ անգամ։ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը կը տեւի մինչեւ Մարտի 6-ը։