Ջաւախքը` Արցախեան ազատամարտում

Հատուած

Պատմական Մեծ Հայքի թագաւորութեան Գուգարաց նահանգի գաւառներից մէկն է Ջաւախքը, իսկ ջաւախքցին հայի լաւագոյն տեսակի որակական գծերն է կրում իր մէջ: Ջաւախքցին ունի անբասիր, անխառն հոգու կերտուածք, ազգային դիմագիծ, աւանդապահ է, ազգասէր ու քաջ, արմատներով ամուր կառչած է մայր հողին: Նա իր տեսակարար կշիռն ունի մեր ազգի հոգեւոր, աշխարհիկ ու քաղաքական կեանքում: Ջաւախքը հայ ազգին տուել է բազում քաջորդիներ, հայ ազգի նուիրեալներ, գուսաններ, Տէրեան…

Այսօր ջաւախահայութիւնը յայտնուել է բարդ աշխարհաքաղաքական զարգացումների տեսադաշտում, լուրջ մարտահրաւէրների առջեւ է կանգնած: Այդպիսի մարտահրաւէրներ շատ է տեսել ջաւախքցին, բայց երբեք չի ընկճուել. «Ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կ’երթան»: Ազգային աւանդոյթներով ապրող հայ ժողովրդի այս հատուածը փոթորկալից այս օրերում շարունակում է պահել իր ազգային դիմագիծը եւ վառ հաւատով կերտել իր արժանահաւատ ապագան: Թերթենք ջաւախքցու պատմութեան մատեանները եւ ծանօթանանք վերջին տասնամեակների նրա տարեգրութեանը:

1988թ. Ղարաբաղեան շարժում, ազգային ինքնագիտակցութեան զարթօնք, ազգային-ազատագրական պայքար…

Հայրենի հողի կանչով շատերը դարձան զինուոր, անմասն չմնաց նաեւ Ջաւախքը: Վրէժի ցասումով պոռթկաց ջաւախքցու աննկուն ոգին եւ դուրս եկաւ ահեղ կռուի հրապարակ: Դէպի Արցախ տանող բազմաթիւ ուղիներից մէկը դարձաւ Ջաւախք-Արցախ ճանապարհը: Պատուախնդիր ու հայրենասէր Ջաւախքը չէր կարող լռել: Սումկայիթում հայերի նկատմամբ կատարուած եղեռնագործութիւնից 13 օր անց` 1988թ. Մարտի 13-ին, Ախալքալաքի շրջանային մշակոյթի տան առջեւ տեղի ունեցաւ հանրահաւաք` ի պաշտպանութիւն Արցախի: Դրանից մի քանի օր անց տեղի ունեցաւ 2-րդ ցոյցը, որին մասնակցում էին 5000-ից աւելի ջաւախքցիներ: Ցուցարարների ձեռքերին կային տասնեակ պաստառներ հետեւեալ գրութիւններով. «Ղարաբաղը հայկական է», «Արցախը մերն է», «Ձեռքերդ հեռու Ղարաբաղից»… Այնքան զօրեղ էր ցասումն ու ոգեւորութիւնը, որ հանրահաւաքից յետոյ հարիւրաւոր երիտասարդներ ոտքով ճանապարհ ընկան դէպի Արցախ: Ղարաբաղեան ազատամարտին կազմակերպուած ու խելամիտ օգնութիւն ցոյց տալու համար Ջաւախքում ստեղծուեցին մի շարք հասարակական կազմակերպութիւններ: Ախալքալաքում կազմաւորուեց «Ջաւախք» ժողովրդական շարժումը, Բոգդանովկայում` «Փարվանա» կազմակերպութիւնը, Ախալցխայում` «Շառլ Ազնաւուր» բարեգործական միութիւնը: Փոքրիկ կազմակերպութիւններ ստեղծուեցին նաեւ Ջաւախքի հայաբնակ շատ գիւղերում` «Աղբիւր», «Անդրանիկ» եւ այլն:

Ջաւախքի մասնակցութիւնը հայ ժողովրդի ազգային պայքարում նշանաւորուեց պատմական դերակատարմամբ, որը դրսեւորուեց հիմնականում երեք գործօններով: Առաջինը՝ Ջաւախքի հայ քաջորդիների ֆիզիքական (խմբգր. մարմնական) ներկայութիւնն էր Արցախում: Ջաւախքցին դժուարին, օրհասական պահին կանգնեց իր եղբօր` արցախցու կողքին: Պայքարի մէջ նետուեց հայորդիների մի հաւաքական աստղաբոյլ: Նրանք քաջ գիտակցեցին պատերազմի իրողութիւնը` որպէս ազգային ազատագրութեան անհրաժեշտութիւն: Հարիւրաւոր ջաւախքցիներ զոհուեցին «վասն հայրենեաց» Արցախի այսօրուայ անկախութեան համար: Արցախեան գոյամարտի ամէն ազատամարտիկ չգրուած վէպի մի հերոս է, յաւերժ կենդանի լեկենտ (խմբգր. առասպելական հերոս): Այդ պատերազմում ծնուեցին հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկէ տառերով են գրուած մեր գալիք պատմութեան էջերում: Ծանօթանանք այդ հերոսներից մի քանիսի կենսագրութեանը:

Վահան Միասնիկի Զատիկեան

Ծնուել է 1956թ. Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գիւղում: 1970թ., երբ նա 14 տարեկան էր, ընտանիքով տեղափոխւում են Երեւան: 1973թ. աւարտում է Երեւանի թիւ 90 միջնակարգ դպրոցը` նա այդ դպրոցի պարծանքն ու սիրելի սանն էր, ապա` Երեւանի ֆիզկուլտուրայի (խմբգր. մարմնամարզական), ժողովրդական տնտեսութեան ինստիտուտները (խմբգր. համալսարան): Ծառայել է խորհրդային բանակում: 1989-1991թ.«Մալաթիա» երկրապահ կամաւորական ջոկատի հրամանատարն էր: Վահանենց տանը յարգի էին գիրն ու գրականութիւնը: Նա իր հայրենասիրութեան առաջին մկրտութիւնն ստացել է իրենց տանը: Վահանը տատից է իմացել, որ Յարութիւն պապը չի վերադարձել Հայրենական մեծ պատերազմից, խորապէս զգացել է նրա վիշտը, ատելութեամբ լցուել պատերազմի ու այն հրահրողների դէմ: Վահանը կոփուած ու մեծ ուժի տէր էր, ութ տարի մարզուել է «Սպարտակ» ակումբում: Ազատ ոճի ըմբշամարտիկ էր, մասնակցել էր բազմաթիւ մրցումների եւ արժանացել պարգեւների: Նա երբեք չի ընկճուել, մնացել է միշտ անպարտելի: Յետոյ անուանի մարզիկը դառնում է մարզիչ: Նրա ձեռքի տակ աճած մարզիկները միանում են «Մալաթիա» ջոկատին եւ մեկնում Արցախ: Վահանը գտնում էր, որ Արցախի հարցը միայն զէնքով է լուծուելու:

…Վահանն իր ջոկատով հերոսական մարտեր էր մղում Մաճկալաշէնի, Կոռնիձորի, Երասխաւանի, Աղդամի, Գետաշէնի, Մարտունաշէնի, Նոյեմբերեանի եւ Իջեւանի ամէն մի թիզ հողի համար: Նա կանխազգում էր, թէ Հայաստանին ու Արցախին ինչ վտանգ է սպառնում, եւ թէ դրանք ինչ զարգացումներ են ստանալու: Պատահական չէր, որ ընդհանուր մարտերի հրամանատարը` Վազգէն Սարգսեանը, որոշումներ կայացնելիս յաճախ էր խորհրդակցում Վահան Զատիկեանի հետ: Ռազմական գործում նրա տաղանդն արտայայտուեց Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ Ատրպէյճանի խորհրդային ղեկավարների կանխամտածուած «Օղակ» գործողութիւնից գետաշէնցիներին մէծ դժուարութեամբ, առանց զոհեր տալու տեղափոխելիս: 1991թ. Զատիկեանն ընտրվում է Շահումեանի գործկոմի նախագահ: Նրա համար դժուար էր բաժանուել մարտական ընկերներից, դրա համար Վահանը մարտնչում էր երկու ճակատով` թիկունքից աջակցում էր «Մալաթիա» ջոկատի մարտական գործողութիւններին, զէնք ու զինամթերք էր հայթայթում, միւս կողմից աշխատում էր շրջանը դուրս բերել ծանր ճգնաժամից: Ժողովուրդը հաւատում, վստահում եւ սիրում էր նրան եւ համոզուած էր, որ կը յաղթահարուեն բոլոր դժուարութիւնները, քանզի իրենց հետ է Վահանը: Եւ ժողովրդի վստահութիւնը պարտաւորեցնում էր Վահանին: Նա քաջ գիտէր, որ պաշտօնը ոչ թէ արտօնութիւն է, այլ` պարտաւորութիւն, որ ինքը պատասխանատու է իր խղճի ու ժողովրդի առաջ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բարգաւաճումն ու զարգացումը կապուած է Վահան Զատիկեանի անուան հետ: Նրա անժամանակ ու հանկարծակի մահը ցնցեց մարդկանց: Կորուստը մեծ էր, վիշտը` անչափելի: Վահանն ընկաւ 1999թ…. Ինչքան լուսաւոր երազներ անկատար մնացին….

Հերոսի աճիւնն ամփոփուած է Եռաբլուրում: Զատիկեանը մարմնապէս չկայ, բայց նրա հոգին անմահ է եւ ապրելու է բոլոր սերունդների հետ:

Արթիւր Վլադիմիրի Ղարիպեան

Ծնուել է 1965թ. Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գիւղում: Սովորել է Երեւանի 142-րդ դպրոցում եւ զուգընթաց հաճախել Յ. Կոճոյեանի անուան նկարչական դպրոցը: 8-րդ դասարանն աւարտելուց յետոյ ընդունուել է Փ. Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարան, ապա ուսանել Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտում (համալսարան):

1988թ. կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին: Արթիւրի նման զգայուն հոգու տէր մտաւորականն ու հայրենասէր երիտասարդը ի՞նչպէս կարող էր անտարբեր մնալ, երբ Արցախում արեան մէջ ուզում էին խեղդել հայի ազատատենչ ոգին: Արուեստի զինուորը դարձաւ պայքարի զինուոր` արծուային հպարտ ու քաջ էութեան համար ստանալով «Արծիւ» մականունը: Նա համոզուած էր, որ միայն ազգափրկիչ զէնքով կը լուծուի Արցախի ազատութեան խնդիրը: Արթիւրը ստեղծում է մարտական խմբեր, ձեռնարկում զինուորական գործին անհրաժեշտ աշխատանքներ, Խորհրդային Միութեան տարբեր վայրերից զէնք է հայթայթում Արցախեան պատերազմի համար: Նա մասնակցել է գրեթէ բոլոր խոշոր մարտերին, որոնց արդիւնքում ազատագրուեց Արցախի զգալի մասը, եւ քաջ գիտակցում էր, որ ազատութիւնը զէնքով են նուաճում, իսկ հողը` արեամբ պաշտպանում: Հարուստ է նրա մարտական կենսագրութիւնը: Անցել է Երասխաւանի, Բերդաձորի, Շահումեանի, Շուշիի, Կրկժանի, Լեսնոյի, Խոճալուի, Գետաշէնի, Լաչինի ու Մարտակերտի ազատագրական թէժ կռիւների բովով: Ցաւոք, 1992թ. Մարտակերտի շրջանի Սրխաւենդ գիւղի համար մղուած մարտի ժամանակ ականի պայթիւնից զոհուեց աննկուն զինուորը` Արցախեան հերոսամարտի քաջ ազատամարտիկը: Տաղանդաւոր քանդակագործի տաք արիւնը ոռոգեց հայրենի հողը: Արթիւրն անմահ է, նրա անունը հայ ժողովրդի սրտում է, քանզի հերոսները չեն մեռնում: Հերոսի աճիւնը ամփոփուած է Եռաբլուրում:

Գառնիկ Շմաւոնի Աբրահամեան

Ծնուել է 1947թ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գիւղում: Աւարտել է գիւղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում:

1915թ. մէկուկէս միլիոն հայերի կոտորածը հանգիստ չէր տալիս Գառնիկին, չէր կարողանում ազատուել մղձաւանջային պատկերներից: Տէր Զօրից, ասես, նրա ականջին էր հասնում հարիւր հազարաւոր անմեղ զոհերի վրէժի կոչը` Զոհրապ, Վարուժան, Սիամանթօ, Սեւակ… Գառնիկը միշտ մտածում էր-. «Մեր տունը մենք պիտի պահենք ու պաշտպանենք»: Պատահական չէր, որ Գառնիկը 1993թ. Յունուարի 3-ին, հրաժեշտ տալով հարազատներին, մեկնեց Արցախ:

…Արիւնալի ու յամառ մարտեր են մղւում Սարսանգի ջրամբարի համար: Կարծախցիները կռւում էին կողք-կողքի` յաղթանակի անսասան հաւատով: Սարսանգի ջրերը յաճախ էին ներկւում նրանց ազնիւ ու տաք արիւնով: Թէժ կռիւներից յետոյ վերջապէս ջրամբարն ազատագրուեց, բայց, աւաղ, զոհուեց Գառնիկ Աբրահամեանը: Ջաւախքի խիզախ որդին հանգչում է Եռաբլուրում: Կարծախում՝ Ջիւանու յուշարձանի կողքին, Կարծախի քաջորդիների յիշատակը յաւերժացնող յուշարձան-կոթողի վրայ դրոշմուած են Արցախում նահատակուած ազատամարտիկներ Աղասի Վարդերեսեանի, Համբարձում Մհերեանի և Գառնիկ Աբրահամեանի անունները:

     Սամուէլ Ալեքսանի Անտոնեանը

Ծնուել է 1967թ. Բոգդանովկայի շրջանի Ղուլալիս գիւղում: Գերազանց առաջադիմութեամբ աւարտել է Աբովեանի 8-րդ միջնակարգ դպրոցը: 1985թ. մեկնել է խորհրդային բանակ: 1988թ. կամովին զինուորագրուել է արցախեան ազատագրական պայքարին:

Սամուէլը ազատ ոճի ճանաչուած ըմբիշ էր, յաղթել էր բազմաթիւ մրցումներում: Մինչեւ Ղարաբաղ մեկնելը Սամուէլը ՀԱԲ-ի (խմբգր. Հայոց Ազգային Բանակ) զինուոր էր: Նա մասնակցել էր Երասխաւանի, Սիւնիքի, Վայքի և Իջեւանի սահմանամերձ գիւղերի մարտերին:

…Սամուէլ Անտոնեանին կոչել են Քեռի, որովհետեւ սիրում էր հանրայայտ Քեռուն նուիրուած երգը, մարտի գնում էր այդ երգելով ու վերադառնում էր` այդ երգը շուրթերին: Գուցէ նաեւ Քեռուն նմանուել էր ուզում…Նա մարտական բոլոր գործողութիւններում առաջինն էր եւ որեւէ դժուարութիւն յաղթահարելու առաջին քայլը ինքն էր անում: … Ընկերոջ հրաւէրով՝ Սամուէլը մասնակցում էր խնճոյքի: Հացկերոյթից յետոյ գիւղացիներից մէկը տղաներին խնդրում է, որ երկունքի ցաւեր ունեցող իր կնոջը տեղափոխեն Գիշի գիւղի ծննդատուն: Օմօնականները (խմբգր. Ատրպէյճանի ներքին ամենավայրագ զինուած ուժերը) փակում են մեքենայի ճանապարհը եւ կացնահարում յղի կնոջ ամուսնուն: Խուժանը հաւատարիմ կենդանական բնազդին՝ ուզում է մորթազերծել հայուհուն: Մահը աչքն առած` Սամուէլը միայնակ մարտի է բռնւում օմօնականների հետ: Փորձում է անել անկարելին: Մէջքով պաշտպանում է կնոջը և բռունցքներով դիմագրաւում յարձակողներին: Դանակահարուած, արիւնլուայ մարտնչում է մինչեւ վերջին շունչը: Թուրքերը որսորդական հրացանով կրակում են աննկուն մարտիկին:             1991թ. Սամուէլի դին տեղափոխում են Աբովեան և խոր կսկիծով յանձնում հայրենի հողին: Միշտ թարմ ծաղիկներ են Սամուէլի սրբացած յուշակոթողին:Այդ ծաղիկները դնում է փրկուած հայուհին…

          Միքայէլ Վոլոդիայի Աւագեան

Ծնուել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշէն գիւղում: Աւարտել է տեղի ութամեայ դպրոցը, ապա` Հրազդանի ուսումնարանը: 1975-77թ. ծառայել է Խորհրդային բանակում: Զօրացրուելուց յետոյ սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագոյն ուսումնարանում: 1990թ. կամովին զինուորագրուել է: 1993թ. Ապրիլին նա ծառայութեան է անցնում հարաւային զօրամասերից մէկում՝ որպէս հետախուզական ջոկատի հրամանատար:

Ուր էլ որ եղել է Միքայէլը, հոգում միշտ վառ է եղել հայրենի Ջաւախքի հանդէպ ունեցած սէրն ու կարօտը: Մաքուր ու պարզ հոգի ունէր, աչքի էր ընկնում կոփուածութեամբ ու ճարպիկութեամբ: Յայտնի բան է` թշնամուն յաղթելու համար պետք է իմանալ նրա լեզուն: Տիրապետելով թուրքերէնին` Միքայէլը մի քանի անգամ մտել է թշնամու դիրքերը և իմացել կարևոր տեղեկութիւններ: Ջաւախքցի քաջորդին մասնակցել է Ֆիզուլու, Քելբաջարի, Հադրութի, Մարտունու և Հորադիզի ճակատամարտերին, աչքի ընկել իր խիզախութեամբ, հասել հրամանատարի կոչման: 1994 թ. Մարտին Հորադիզում կամուրջի գրաւման համար մարտեր են մղւում: Միքայէլն է գնում հետախուզութեան: Այդ դժուարին առաջադրանքն իրականացնելիս` նրան նկատում են նշանառու վարձկանները եւ 800 մ. հեռաւորութիւնից վիրաւորում քաջ հետախոյզին: Վէրքը ծանր էր. մինչեւ նրան կը հասցնէին հիւանդանոց, Միքայէլն արնաքամւում է…

Ջաւախքն ու Սիսիանը սուգ էին հագել. հայրենի հողին էին յանձնում ազատութեան համար նահատակուած ազատամարտիկի աճիւնը: Հայրենի Բուղաշէնի դպրոցի բակում քաջ զինուորի յուշարձան-կոթողն է:

Այսպիսով, ջաւախքցին ազգային-ազատագրական պայքարում աշխոյժօրէն մասնակցեց եւ անունը փառքով պսակեց:

Փառք ու պատիւ քաջ ջաւախքցիներին, Արցախեան հերոսամարտի բոլոր մասնակիցներին:

Կեցցե՛ն Ջաւախքի արծիւները` արցախեան արծիւները:

Թող նրանց յիշատակը միշտ վառ մնայ մեր սրտերում:

Leave a Comment

You must be logged in to post a comment.