Պաքւում դժգոհել են ընդդիմադիրներից, եւ Փաշինեանն արգելել է պատգամաւորներին ծանօթանալ բանակցութիւնների փաստաթղթերին

Ատրպէյճանից դժգոհում են, իսկ Փաշինեանը խոստանում է ընդդիմութեան պատգամաւորներին արգելել հետագայում եւս ծանօթանալ փաստաթղթին։ Այս մասին յայտնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։

«Պարզւում է` «Հայաստան» խմբակցութեան գործընկերներ Աննա Գրիգորեանի, Արթուր Խաչատրեանի եւ Գեղամ Մանուկեանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ փոխանակուող փաստաթղթի կէտերին ծանօթանալուց յետոյ մեր կողմից իրականացուող հանրային իրազեկման աշխատանքները յայտնուել են Ատրպէյճանի ուշադրութեան կեդրոնում։

Անցած ամբողջ շաբաթուայ ընթացքում ատրպէյճանական տարբեր հարթակներում քննարկուել է Հայաստանի ընդդիմադիր պատգամաւորների կողմից Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ շրջանառուող փաստաթղթի կէտերին ծանօթանալու փաստը։ Պաքուից ամենատարբեր մակարդակներով դժգոհութիւններ են հնչել այդ առիթով։

Իշխող ուժի ներկայացուցիչները, իշխանական պրոպագանդիստները, Ատրպէյճանի նախկին արտաքին գործերի եւ արդարադատութեան նախարարները խօսել են այս թեմայով։

Ստորեւ կը տեղադրեմ Ատրպէյճանի պետական նաւթային ընկերութեանը պատկանող լրատուականի եթերում նման քննարկումներից մի հատուած։

Պաքուից դժգոհութիւն են յայտնում, որ մեզ թոյլ է տրուել ծանօթանալ շրջանառուող փաստաթղթի կէտերին։

Այժմ, կարծես, ամէն ինչ աւելի պարզ է դառնում։ Վերջին անգամ ԱԳՆ այցելութիւնից յետոյ մեր տարածած համատեղ յայտարարութեան մէջ նշել էինք` ԱԳՆ-ում մեզ նախազգուշացրել են, որ խնդիրներ են առաջացել մեր հրապարակային յայտարարութիւնների հետ, եւ մեր հարցազրոյցներն ուսումնասիրւում են յատուկ բաժնի կողմից։

Այդ պահին մեզ թուացել էր, որ գործ ունենք ազատ խօսքի սահմանափակման հերթական փորձի հետ։ Սակայն, պարզւում է, գործ ունենք Երեւան-Պաքու հերթական պայմանաւորուածութեան հետ։

ԱԺ վերջին քառօրեայի ընթացքում Նիկոլ Փաշինեանն ուղիղ յայտարարեց. «Գնացել էք, կարդացել էք (Ատրպէյճանի հետ պայմանագրի փոխանակուող կէտերը), էնքան էք կարդացել՝ էլ չէք կարդայ»:

Հաշուի առնելով այդ օրը հնչած սկանդալային այլ յայտարարութիւնները՝ այս դրուագը դուրս մնաց հանրային քննարկումներից։

Սակայն, համադրելով փաստերը` ակնյայտ է դառնում, որ ընդդիմադիր պատգամաւորների գործունէութիւնը դժգոհութիւն է առաջացրել Պաքւում։ Այսպիսով` առաջիկայում ընդդիմադիր որեւէ պատգամաւորի կողմից Ատրպէյճանի հետ փոխանակուող առաջարկներին ծանօթանալուն խոչըդոտելը վերածուելու է ատրպէյճանական հերթական պահանջի կատարման»:

Comments are closed.