Պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ, այդ թւում Թուրքիան». Հայկազուն Ալվրցեան

Հիմա յետպատերազմեան մի վիճակ է ստեղծուել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պէտք է աւարտուի, որովհետեւ պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը:

Նրա խօսքով, Թուրքիան նոյնպէս գոհ չէ, քանի որ նրա յաւակնութիւնները շատ էին, բայց ինքը պատերազմից յետոյ ուղղակի դուրս մղուեց տարածաշրջանից. «Թուրքիան իր մասնակցութեամբ նպաստեց Ադրբեջանի յաղթանակին, բայց Ադրբեջանի յաղթանակը նոյնպէս չի կայանում, որովհետեւ Արցախն այսպէս, թէ այնպէս կայ, արցախեան խնդիրը կայ: Մինսկի խմբի համանախագահ երկրները, Արեւմուտքը հակուած են շարունակելու իրենց միջնորդական առաքելութիւնը: Դա իրենց համար շատ կարեւոր է: Այս համատեքստում է, որ Թուրքիան ուզում է պատերազմից յետոյ իր մասնակցութիւնն այս տարածաշրջանում ամրագրել, կապիտալիզացնել»,- ասաց Ալվրցեանը:

Նա յիշեցրեց, որ այսօր Թուրքիայի կողմից առաջարկուող «3+3» ձեւաչափը 10-15 տարի առաջ էլ օրակարգում եղել է ու ջրուել, գնացել է. «Հիմա տարածաշրջանի 6 պետութիւնների համագործակցութեան ձեւաչափով Թուրքիան ուզում է ինչ-որ ձեւով ներգրաւուել Հարաւային Կովկասի եւ հայաստանեան խնդիրների մէջ: Սա նաեւ նշանակում է Զանգեզուրով դէպի Ադրբեջան ճանապարհ բացելու գործընթաց: Իհարկէ, քանի որ նրանք շատ լաւ հասկանում են, թէ Իրանը որքան զգայուն է այս հարցում, որը բացայայտ յայտարարեց, որ բացառւում է հարեւան երկրների սահմանների խախտում, նկատի ունենալով Հայաստանի սահմանները եւ թուրք-ադրբեջանակն նկրտումները միջանցքի հարցով, Թուրքիան մտածում է նաեւ Իրանին ներքաշել այս խնդրի մէջ նրան եւս մի քիչ բաժին յատկացնելով, խնդիրը մեղմելով»,- ասաց նա:

Ալվրցեանի խօսքով, իրականութիւնն այն է, որ նման համագործակցութիւնն առանց միջնորդներ չի լինի. «Ես չեմ կարծում, որ «3+3» ձեւաչափը իրատեսական է: Մի անգամ էլ է շրջանառուել դա եւ դուրս է մնացել, հիմա էլ է դուրս մնալու: Այդ ձեւաչափը Թուրքիայի ցանկութիւնն է, Ռուսաստանը դրանով հարց չի լուծում: Ռուսաստանը ինչ հարց պէտք է առանձին է լուծում եւ աշխատում է իր խնդիրների մէջ ուրիշներին չներգրաւել, լինել միակ կամ հիմնական շահառուն: Ռուաստանը դա կարողանում է անել, իսկ Թուրքիան չի կարողանում համապատասխան քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դէմն առնելու համար: Դրա համար նա ուզում է տարբեր երկրների ներքաշել այդ ծրագրում, դրանով ինքը ներգրաւուելով  հայ-ադրբեջանական խնդրի կարգաւորողների ցանկի մէջ:

Թուրքիայի մասնակցութիւնը պատերազմին մեծ էր, բայց ազդեցութիւնը չի մեծացել: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը Արցախի խնդրի փակումը, բայց հարցը չի փակւում»:

Ալվրցեանը համոզմունք յայտնեց, որ Ադրբեջանն Իրանի դէմ դարձել է պլացդարմ Թուրքիայի եւ Իսրայէլի համար. «Այս ամէնը կարող է բերել ռազմական բախումների, բայց «3+3» ձեւաչափը պատերազմից խուսափելու փորձ է Թուրքիայի համար: Դա ոչ Իրանին է ձեռնտու, ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանին:

Այստեղ Վրաստանի հարցն է հետաքրքիր. Վրաստանը եւ այլ ձեւաչափի մէջ ներգրաւուելով կը շահի, եւ մէկ այլ ձեւաչափի մէջ՝ Իրան-Յունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Վրաստան-Բուլղարիա-Հայաստան: Սա թոյլ կը տայ Իրանի նաւթը, գազը, էներգառեսուրսները Հայաստանով, Վրաստանով հասցնել Եւրոպա: Վրաստանը երկու դէպքում էլ մասնակցութիւն է ունենում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ ձեւաչափի դէպքում դուրս են մնում: Եթէ այդ տարբերակն իրականանայ, դա Ադրբեջանին ու Թուրքիային տարածաշրջանային այս մեծ խաղից դուրս է թողնում, եւ չի կարողանում կասեցնել ոչ միայն Իրանի ելքը դէպի Սեւ ծով, նաեւ ջուրն է լցւում Սիւնիքով իրենց երազած միջանցքի պանթուրքիստական երազանքը»:

Նա ընդգծեց, որ Թուրքիան ու Հայաստանը յարաբերութիւններ չունեն, հետեւաբար, չեն կարող այս ձեւաչափի շուրջ համագործակցել, իրենց պէտք է միջնորդ. «Վրաստանը Թուրքիայի կողմից ընտրուել  է որպէս միջնորդ՝ բանակցութիւնները վարելու համար: Հիմա Նիկոլ Փաշինեանը Բաթում գնաց, այնտեղ ինչ-որ տարբերակներ է առաջարկել»:

Հարցին, թէ ինչու է Հայաստանն ընտրել 3+3 տարբերակը, որտեղ կան նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, Ալվրցեանը պատասխանեց. «Որովհետեւ Թուրքիան ներկայացնում է Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն: Դա պայմանաւորուած  է ՀՀ իշխանութիւնների անհեռանկար քաղաքականութեամբ»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.