Չհաշտուել Կործանարար Ընթացքի Հետ

Horizon Weekly Newspaper

«Դրօշակ»-ի Առաջնորդող

2024 թ. նոյեմբերի 3-ին Մոլտովայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլից յետոյ վերընտրուած նախագահին յղուած Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս ասւում է. «Հայաստանի եւ Մոլտովայի յարաբերութիւնների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից է»: Ինչո՞վ է պայմանաւորուած այս առաջնահերթութիւնը: Եթէ անդրադառնանք անկախացումից յետոյ հայ-մոլտովական յարաբերութիւնների պատմութեանը կը տեսնենք միայն, որ Մոլտովան մաս է կազմել ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ուզպեքստան, Ազրպէյճան, Մոլտովա) կազմակերպութեանը, որը միշտ ունեցել է հակահայկական ուղղուածութիւն: Ուրեմն ինչո՞վ է պայմանաւորուած այս քաղաքական առաջնահերթութիւնը, եթէ Հայաստանի այսօրուայ իշխանութեան համար քաղաքական առաջնահերթութիւն չէ (եթէ չասենք` օրակարգից հանուած է) Հայոց ցեղասպանութեան հարցը, այդ օրակարգում գոյութիւն չունի Արցախի հարցը: Պատասխանը շատ ակնյայտ է` Մոլտովան, Հայաստանի պէս, գործիք է ծառայում Ռուսաստանի շուրջ հակառուսական ճակատ ձեւաւորելու Արեւմուտքի փորձին: Ինչպէս գիտենք, այդ փորձի մէջ փորձարարական կենդանու դեր ստաձնելով` Վրաստանի նախկին իշխանութիւնը կորցրեց Օսեթիան ու Աբխազիան, իսկ հարեւան երկրի այսօրուայ իշխանութիւնը, դիմակայելով Արեւմուտքի կոշտ ճնշումներին, հրաժարւում է կրկին խաղալու նոյն դերը: Ուքրանիայի արեւմտամէտները նոյնպէս որդեգրեցին այդ խաղը եւ նրանց համար դեռ շարունակւում է տարածքային ու մարդկային հսկայական կորուստների ընթացքը: Ամենայն հաւանականութեամբ, տարածքային կորուստների առումով, յաջորդը կը լինի Մոլտովան, եթէ Հայաստանի իշխանութիւնը, շարունակելով իր այս հակազգային քաղաքականութիւնը, Արցախից յետոյ տարածքային եւ ինքնիշխանութեան կորստի առջեւ չկանգնեցնի նաեւ Հայաստանը:

Հայաստանի իշխանութիւնն ժամանակ առ ժամանակ յայտարարում է, որ Ազրպէյճանը ցանկանում է Հայաստանի դէմ սանձազերծել նոր պատերազմ: Սրանով հանդերձ, իշխանութիւնն ու իր պարագլուխը փորձում են համոզել ժողովրդին, որ Հայաստանը Արեւմտեան Ազրպէյճան համարող թշնամի երկրի հետ ոչ միայն կայուն խաղաղութեան պայմանագիր կարելի է կնքել, այլեւ յայտարարում է, թէ վերջինիս ղեկավարին առաջարկել է Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ ռազմավարական գործարք կնքել: Հայաստանի ղեկավարութիւնը նոյն կերպ վարդագոյն է ներկայացնում հայ-թուրքական յարաբերութիւնների ներկան ու ապագան` շրջանցելով Թուրքիայի դերակատարութիւնը արցախեան պատերազմում եւ Փանթուրանական ծրագիրն իրագործելու համար Զանգեզուրի միջանցքին տիրանալու Թուրքիայի ռազմավարական ձգտումը:

Իսկ Նիկոլ Փաշինեանն անձամբ է 2020 թուականի հոկտեմբերի սկզբին քանատական The Globe and Mail պարբերականի հետ հարցազրոյցում յայտարարել. «Անցել է հարիւր տարի, եւ Թուրքիան վերադարձել է Հարաւային Կովկաս` շարունակելու Հայոց ցեղասպանութիւնը»:

Այսօր, նոյն այս իշխանութիւնը, հեռացրել է Ազրպէյճանի հետ սահմանից ռուսական ուժերին, Իրանի հետ սահմանակէտից նոյնպէս դուրս է բերում ռուսական ուժերին եւ դաշնակցային յարաբերութիւնների շրջանակում տասնամեակներով Թուրքիայի հետ սահմանը պահպանած այս երկրի զինուած ուժերի քանակը կիսով չափ նուազեցրել է: Այս ուղղութեամբ շարունակուող գործընթացը յստակօրէն տանում է ռազմական դաշինքի խզման:

Փոխարէնը` Հայաստանի սահմանների վրայ Եւրոմիութեան խաղաղապահների անուան տակ յայտնուել են, ըստ էութեան, ՕԹԱՆ-ական առայժմ սահմանափակ ուժերը:

2024 թ. նոյեմբերի 7-ին yerkir.am կայքէջի vpoanalytics.com-ի աղբիւրից թարգմանաբար ներկայացրած Սերկեյ Անտրէեւի յօդուածում ասւում է. «Փաշինեանի վարչակարգը շարունակում է թէ՛ բաց, թէ՛ քուլիսային ընթացքը դէպի Արեւմուտք եւ ՕԹԱՆ: Հոկտեմբերի կէսերին Հայաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան զինուորականները հաւաքուել էին Ուաշինկթընում: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է. կողմերը` ի դէմս Գլխաւոր սպայակոյտի պետ Էդուարդ Ասրեանի եւ ԱՄՆ բանակի սպայակոյտերի պետերի միացեալ կոմիտէի ղեկավար Չարլզ Պրաունի, «քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցութեան զարգացման ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր»: Ընդ որում, հայկական ռազմական գերատեսչութեան յայտարարութեան մէջ ընդգծւում է` «Ամերիկեան կողմը նշել է` շարունակելու է իր աջակցութիւնը Հայաստանի զինուած ուժերի վերափոխման եւ բարեփոխումների գործընթացին»: Նման հաղորդագրութիւնների խորապատկերին ազրպէյճանական ԶԼՄ-ները շարունակում են աշխուժօրէն նիւթեր տարածել սեպտեմբերի 30-ին Պրիւքսելում ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ ՕԹԱՆ-ի ռազմական կոմիտէի ներկայացուցիչների հանդիպման հնարաւոր մանրամասների մասին: Լրագրողների տեղեկութիւններով, Գրիգորեանը յայտնել է Երեւանի պատրաստակամութիւնը` դառնալու «ՕԹԱՆ-ի նոր հարաւային թեւը» եւ նպաստելու ռազմական օդանաւերի խարիսխների կառուցմանն ու Դաշինքի ՀՕՊ զօրամասերի տեղակայմանը:

Կողմերը կարող էին նաեւ պայմանաւորուածութիւններ ձեռք բերել Հայաստանի հարաւում լեռնահրաձգային զօրքերի համար կենտրոն կառուցելու վերաբերեալ, որտեղ ՌԴ սահմանապահների դուրսբերումից յետոյ ներկայ կը լինեն ՕԹԱՆ-ի զինուորականները: Թէ՛ ռուս, թէ՛ ազրպէյճանցի ռազմական փորձագէտների կարծիքով, ԱՄՆ-ն ու Ֆրանսան աշխուժօրէն ամրագրում են իրենց ռազմական ներկայութիւնը Հայաստանում, իսկ այնտեղ, ՊՆ-ում, արդէն յայտնուել է Ուաշինկթընից խորհրդական: Հայաստանի հարաւն այս դասաւորութիւններում պատահական չէ, քանի որ Սիւնիքի մարզում ամրագրումը կապուած է տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման ու վերահսկողութեան հետ: Այնտեղով է անցնում նաեւ Իրանի հետ սահմանը, որին մօտենալը կարեւոր է Արեւմուտքի համար: Արդէն տեղեկութիւններ են հրապարակուել այնտեղ ամերիկեան հետախուզական խուսանաւող խմբերի համար դիրքերի կահաւորման մասին, որոնք հետեւում են Թեհրանի գործունէութեանը եւ Իսրայէլի ուղղութեամբ հրթիռների արձակմանը: Այդ իսկ պատճառով Երեւանը շտապ լուծում էր ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները այստեղից դուրս բերելու հարցը: Այս գործընթացներին զուգահեռ, Հայաստանի ուժային կառոյցներն աւելի աշխուժօրէն են մաքրում անձնակազմերը, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Արեւմուտքին: Այդ իսկ պատճառով Գրիգորեանի վերոյիշեալ հանդիպման ժամանակ արեւմտեան թելադրողների հետ բարձրաձայնուել է «Հայաստանի անվտանգութեան կառոյցներում մեծ թուով ռուսամէտ մարդկանց խնդիրը»: Ինքը` Գրիգորեանը, որին բացայայտ անուանում են ԱՄՆ ԿՀՎ դրածոյ, միշտ ներկայ է ամերիկացիների հետ բանակցութիւններին եւ պատասխանատու է հէնց ռուսամէտ ուժերից մաքրելու համար:

Հաշուի առնելով նաեւ ամերիկացիների աշխուժ աշխատանքը հայ ուժայիններին կաշառելու ուղղութեամբ` զարմանալի չէ, որ Գրիգորեանը, հանդիպման ընթացքում հերթական անգամ հաճոյանալով, հաւաստիացրեց ՕԹԱՆ-ի իր վերադասներին, որ հայկական ուժային գերատեսչութիւնները նրանցից մաքրելու աշխատանքներն արդէն ընթանում են (եւ ձեռքի հետ էլ արեւմտեան յատուկ ծառայութիւնների փորձագիտական եւ այլ աջակցութիւնն է խնդրել)»: «Մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ) ռուսական ստորաբաժանումները դուրս են բերուել վաղուց: Նաեւ ռուսական ռատիոլոքասիոն խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու շրջանում` Սեւանայ լճի մօտ: Հէնց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողութիւնը եւ տուեալները փոխանցում հայկական կողմին»:

Իսկ ինչ յարաբերութեան մէջ են Ռուսաստանին փոխարինելու եկող Արեւմուտքն ու Թուրքիան, վկայում են հետեւեալ փաստերը. ԱՄՆ նախագահի անվտանգութեան նախկին քարտուղար Ճոն Պոլթընն ասել է. «Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետեւողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Ըստ Հարաւային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարի, «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղութեան հաստատման համար` որպէս տարածաշրջանի առաջատար երկիր»: Ակնյայտ է, որ Արեւմուտքը Թուրքիայի դէմքով է տեսնում Հարաւային Կովկասի խնդիրների լուծումը: Եւ սա այլ բան չի նշանակում քան ՕԹԱՆ-ի միջոցով Անդրկովկասում Ռուսաստանի փոխարինումը Արեւմուտքով` նախ եւ առաջ ի դէմս Թուրքիայի: Հայաստանի իշխանութիւնը հասկանո՞ւմ է, թէ ի՛նչ է անում, երբ իր աչքի առջեւ է կործանուող Ուքրանիոյ կենդանի օրինակը: Կամ չի հասկանում կամ հասկանալով անում է այն ինչի համար բերուել է իշխանութեան: Արցախի յանձնումը, Հայաստանին որպէս Արեւմտեան Ազրպէյճան դիտարկող թշնամի հարեւանի, այդ յաւակնութեան օրինականացումը հաստատում է տուեալ ենթադրութիւնը:

Վերջին շրջանում Ռուսաստանը, արդէն պաշտօնեաների մակարդակով, հասկացրել է, որ իրեն շրջանցելով` հայ-ազրպէյճանական տարածաշրջանային խնդիրներ չեն կարող լուծուել: Վերջին շրջանում նորութիւն էր նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայութեան տարածած հաղորդագրութիւնները Հայաստանում ամերիկացիների կողմից Արեւմուտքի ազդեցութիւնը կրող ուժերի հետ աշխատանքի աշխուժացման, իշխանութեան եւ գալիք համապետական ընտրութիւնների նկատմամբ վերահսկողութեան ծրագրերի ու միջոցառումների մասին: Ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանի համապատասխան ուժերը այս տեղեկութիւնները հրապարակ չեն նետում լրատուական միջոցների, վերլուծաբանների, երկրորդ ու երրորդ մակարդակի պաշտօնեաների միջոցով: Ակնյայտ է, որ սա զգուշացում է այն մասին, որ իրենք տիրապետում են զարգացումներին եւ ուշադրութեամբ հետեւում են տեղի ունեցողին: Պարբերաբար, արդէն բարձր պաշտօնեաների կողմից արուող յայտարարութիւններն ըստ էութեան այն մասին, որ ռուսները հէնց այնպէս այստեղից գնացողը չեն, արդեօք չի՞ յուշում լաւ յիշել թէ՛ Վրաստանի, թէ՛ Ուկրաինայի թէ հէնց սեփական դասերը:

Պէտք չէ լինել ռուսամէտ կամ հակաարեւմտեան, բայց ոեւէ մէկի դէմ կազմակերպուած հակա շարժումներին մաս կազմելը շռայլութիւն է ճակատագրի ալիքների վրայ երերացող Հայաստանի համար: Այս մասին այլեւս աւելորդ է թերեւս զգուշացնելը քաղաքականապէս հակազգային, բարոյապէս սպառուած իշխանութիւններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար, որոնք չեն կարող հաշտուել այս կործանարար ընթացքի հետ:

«Դրօշակ», թիւ 11, 2024 թ.

Comments are closed.