Չեմ կարծում, թէ Արցախում որեւէ մէկը կ’ընդունի Աղտամով օգնութիւն ստանալու առաջարկը. Իշխանեան

Արցախում ստեղծուած իրավիճակի հետ կապուած յայտարարութիւն պիտի ընդունուի, ես այս պահին չեմ կարող ասել բովանդակութիւնը, որովհետեւ տեքստի վրայ դեռ աշխատում են․ MediaHub-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը։

Արցախից այսօր յայտնեցին, որ վաղը ԱԺ պատգամաւորների նախաձեռնութեամբ կը գումարուի Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Իշխանեանը բացառում է, որ Արցախում ստեղծուած հումանիտար աղէտալի վիճակից ելնելով իշխնութիւնը եւ ընդդիմութիւնը տեղի տան, համաձայնուեն ԵՄ նախագահ Շառլ Միշէլի՝ Աղտամով հումանիտար օգնութիւն ստանալու առաջարկին։

«Ես չեմ կարծում, որ որեւէ մէկը այդ առաջարկը կ’ընդունի։ Գոնէ անցած օրերի քննարկումները եւ Պրուքսէլից հնչած այդ տեսակէտից յետոյ որեւէ նախանշան չի եղել, որ Արցախում որեւէ մէկը խօսի հումանիտար բեռները Աղտամով ընդունելու մասին, չկայ նման բան», ասաց նա։

Վերածննդի հրապարակում մի քանի օր առաջ նստացոյց սկսած Արցախհի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի՝ ծայրայեղ քայլերի գնալու մասին յայտարութիւնների յետեւում Իշխանեանը չգիտի, թէ ինչ է թաքնուած։

«Չեմ կարող մեկնաբանել, թէ ինչ նկատի ունի, եւ թէ որն է լինելու այդ ծայրայեղ քայլը։ Մենք չունենք պատասխանն այդ հարցի», ասաց նա՝ նշելով, որ յապաղել է Արցախի իշխանութիւնը։

Ըստ Դաւիթ Իշխանեանի՝ 2020 թ․-ի Նոյեմբերի 9-ից յետոյ Արայիկ Յարութիւնեանը պէտք է այնպիսի քայլեր անէր, որը համահունչ կը լինէր Արցախում ստեղծուած խնդիրներին։

«Մենք միշտ էլ խօսել ենք խնդիրների մասին, յորդորել ենք ականջալուր լինել, փորձել ենք բեկում մտցնել Արցախի ներքին կեանքում, բայց ունենք այն , ինչ ունենք», յաւելեց նա։

Հայաստանում եւ Արցախում այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, Իշխանեանի խօսքով, կառավարւում են մի կէտից՝ ՀՀ իշխանութիւններից։

«Ես կարծում եմ, որ ճշմարիտ են կարծիքները, որ Արցախի իշխանութիւններն ուղղորդւում են Հայաստանի իշխանութիւնից։ Պէտք է նաեւ արձանագրել, որ վերջին մէկուկէս շաբաթուայ ընթացքում Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցողը աւելի շատ իմիտացիա է, քան բնական գործընթաց։ Ցաւօք, ընդանուր որոշումներ չենք կարողանում կայացնել», ընդգծեց նա։

Իսկ ի՞նչ առաջարկ ունի ընդդիմութիւնը։ «Ընդդիմութիւնը վաղուց էր խօսում ճգնաժամային կառավարման համակարգ ստեղծելու մասին, վաղուց էր առաջարկում լուրջ փոփոխութիւններ անել։ Բայց մենք ընդհանուր ոչ մի յաջողութիւն չկարողացանք արձանագրել», յաւելեց Իշխանեանը։

Լիա Սարգսեան

Comments are closed.