Ո՞վ է Ռուբէն Ռուբինեանը․ բրիտանական կամ թուրքական ազդեցութեան գործակա՞լ է․ Նաիրի Հոխիկեան

Յունուարի 17-ին ՀՀ ԱԺ-ում ելոյթի ժամանակ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, ով նաև հայ-թուրքական յանձնախմբում համակարգում է հայկական կողմի աշխատանքը, սպառնաց, թէ այլևս համբերատար չի լինի նրանց նկատմամբ, ովքեր իրեն կ’անուանեն թուրքական ազդեցութեան գործակալ։

Նախ՝ գիտի՞ արդեօք Ռուբէնը, թէ ինչ է նշանակում «ազդեցութեան գործակալ» տերմինը։ 2018-ի աշնանը, երբ այն ժամանակուայ փոխնախարարներից մէկի առաջարկով Երևանի «Շերեփ» ռեստորանում հանդիպեցի այն ժամանակ ԱԳՆ փոխնախարար Ռուբէն Ռուբինեանի հետ, կարճ զրոյցի ընթացքում հասկացայ, որ գաղափար չունի, թէ ինչ պաշտօն է զբաղեցնում, չգիտէր, թէ ինչ է «ժողովրդական դիւանագիտութիւնը (soft diplomacy), որը քաղաքագիտութեան ֆակուլտետի իւրաքանչիւր առաջին կուրսեցի լաւ գիտի։ Դա Ռուբէնի հետ իմ առաջին ու վերջին հանդիպումն էր։ Իմաստ չունէր էլի հանդիպել, թէպետ ոգևորութեամբ իր հեռախօսի համարը տուեց, որ խօսենք։ Այսօր էլ կասկածում եմ, թէ նա գիտի՝ ինչ է ազդեցութեան գործակալի իմաստը, ինչպէս որ չգիտի, թէ ինքը ինչպէս է յայտնուել թուրքական ազդեցութեան գօտում։

Ազդեցութեան գործակալ բառն առաջացել է դեռևս 20-րդ դարի կէսերին՝ սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ և ԱՄՆ յատուկ ծառայութիւնները բարեկամանում ու իրենց ազդեցութեանն էին ենթարկում միմեանց պաշտօնեաներին, հասարակական, քաղաքական ու մշակոյթի գործիչներին, լրագրողներին։ Սրանք էլ, սկզբնական շրջանում, ոչինչ չհասկանալով, իրենց կամքից անկախ, իրենց երկրում քարոզում են հակառակ կողմի արժէքները։ Ժամանակի ընթացքում նրանք այնքան են տարւում միւս երկրով, որ իրենց գործողութիւնները համակարգում են հէնց այդ երկրների յատուկ ծառայութիւնների հետ։ Այսինքն՝ ազդեցութեան գործակալը վերածւում է իրական, մտածուած գործակալի։

Հիմա վերադառնանք Ռուբէն Ռուբինեանին։ 1990 թուականի մարտի 8-ին ծնուած այս տղան ԵՊՀ-ն աւարտելուց անմիջապէս յետոյ՝ 2011-ին յատուկ ծրագրով տեղափոխուել է Մեծ Բրիտանիա, սովորել այնտեղ մէկ տարի, իսկ 2012-ին նոյնպիսի յատուկ ծրագրով սովորել Լեհաստանում։

2017-ին Թուրքիայում գործող «Հրանտ Տինք» հիմնադրամի ֆինանսաւորմամբ տեղափոխուել է Թուրքիա և ուշադրութիւն դարձրէք, «փորձի փոխանակման նախագծի» շրջանակում հետազօտութիւն իրականացրել Ստամբուլի «Սաբանջը» համալսարանում։

Երկու խօսք թուրքական «Սաբանջը» համալսարանի մասին։ Այս բուհի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է, ով 1934 թուականին Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը և նոյն Աթաթուրքի օգնութեամբ տիրացել Ատանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցուածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։ Այս թուրքի զաւակները քարոզչական կրթութեան նպատակներով 1994 թուականին հիմնել են «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ՝ ուղեղների լուացման, ազդեցութեան գործակալ դարձնելու համար։ Թուրքական այդ բուհի դասախօսների մէջ շատ են Թուրքիայի յատուկ ծառայութիւնների աշխատակիցները։

Ռուբէն Ռուբինեանը 2017-2018 թուականներին հետազօտութիւն է արել հենց «Սաբանջը» համալսարանում և Հայաստան է վերադարձել 2018-ի ապրիլեան հանրահաւաքների օրերին։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինեանի Գիւմրի-Երևան քայլերթը և արագաչափեր փակելու արդիւնաւէտութիւնը առաջին անգամ փորձարկուել է 2017-ի յուլիսին նոյն Թուրքիայում՝ Անկարա-Ստամբուլ քայլերթով։

Ռուբէն Ռուբինեանի սիրելի թուրքական «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականութեան կենտրոնում» (IPC) էլ հէնց մշակուել է «ՀԿ-ների դերի բարձրացման և նրանց միջոցով քաղաքական փոփոխութիւններ իրականացնելու նախագիծը»։ Նոյն Ռուբէնը հէնց «Ստամբուլի քաղաքականութեան կենտրոնում» (IPC) եղել 1 տարի։

Հիմա հռետորական հարց։ Ռուբէն Ռուբինեանը բրիտանական կամ թուրքական ազդեցութեան գործակա՞լ է։ Այդ տղան սպառնում է, թէ չկայ մէկը, ով կը կարողանայ իր դիմաց ասել իր մասին նման բան։ Ես կարող եմ»։

 

Նաիրի Հոխիկեան

Լրագրող, մեդիափորձագէտ

Leave a Comment

You must be logged in to post a comment.