Շատերը հարկադրուած լքելու են Հայաստանը, սա բարոյական պատասխանատուութեան հարց է. Լիլիթ Գալստեան

Կառավարութեան որոշմամբ՝ յաջորդ տարուայ գարնանից Արցախից տեղահանուածների աջակցութիւնը կը նուազի եւ կը վերաբերուի կոնկրետ թիրախային խմբերին։ 2025 թ.-ի Յունուար-Մարտ ամիսներին դրամական աջակցութիւնը կը կազմի 50 հազար դրամ եւ «40+10» ծրագիրը կը գործի մինչեւ Մարտ։

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ՝ որոշման հնարաւոր հետեւանքների եւ այն խնդիրների մասին, որոնց առջեւ կը կանգնեն ԼՂ-ից տեղահանուած մեր հայրենակիցները:

Պատգամաւորի կարծիքով՝ այս հարցը սոցիալ-տնտեսական համատեքստից զատ յատկապէս բարոյական պատասխանատուութեան դաշտում է։
«Փաստօրէն կառավարութեան հաստատած որոշման համաձայն՝ փոխւում է Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների աջակցութեան ծրագիրը։ 2025 թ.-ի Ապրիլ ամսից աջակցութեան ծրագրից օգտուելու հնարաւորութիւն կ’ունենան միայն յատուկ խմբերի անձինք։ Բռնի տեղահահանուած, աւելի ճիշդ՝ էթնիկ զտման ենթարկուած մեր հայրենակիցների ճնշող մեծամասնութիւնը՝ 18-63 տարիքային խումբը, զրկուելու է 50 հազար դրամ աջակցութեան ծրագրից։

Այն, որ Փաշինեանի իշխանութիւնը խորը քաղաքական, տնտեսական ճգնաժամի մէջ է, վկայում են թուերն ու անխմբագրելի փաստերը՝ 150 մլր. դրամի հարկային թերհաւաքագրում, խոստացուած տնտեսական աճից շեղում, գնաճ, գործազրկութիւն եւ այլն:

Խնդիրը՝ սոցիալ-տնտեսական համատեքստից զատ, յատկապէս բարոյական պատասխանատուութեան դաշտում է։ Մեր հայրենակիցները հայրենազրկուել եւ ունեզրկուել են հենց այս իշխանութեան վարած ձախողուած եւ ամբողջովին սնանկ քաղաքականութեան հետեւանքով։ Պնդել, թէ մէկ տարում արցախահայութիւնը ինտեգրուել է Հայաստանում եւ նրանք կարող են ինքնուրոյն սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծել, աշխատատեղ գտնել, պարզապէս հիմնազուրկ է եւ անազնիւ», ասաց Գալստեանը:

Նրա կարծիքով՝ ակնյայտ է, որ այս կրճատումը պայմանաւորուած է նաեւ յաջորդ ֆինանսական տարուայ ոչ լաւատեսական սցենարներով։
«Յաջորդ ֆինանսական տարում առհասարակ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում չի սպասւում, սպասուող գնաճի եւ տնտեսական տեմպերի պայմաններում բնականաբար մեծանալու է նաեւ գործազրկութեան թիւը։

Բայց այդ դէպքում բնական հարց ու ընդվզում է առաջանում՝ իսկ իշխող խմբակը ինչո՞ւ չի կարողանում հաւասարակշռել ծախսերը, դրանք դարձնել արդիւնաւէտ, թէ՞ անհեթեթ ու բովանդակազուրկ միջոցառումների վրայ միլիոնաւոր տոլարներ ծախսելով կամ քամուն տալով՝ երկրում կեղծ օրակարգերի եւ կեղծ իրականութեան պատրանք է ստեղծում։ Էլ չեմ խօսում միլիոնների պարգեւավճարների մասին», նշեց նա:

Գալստեանն ընդգծեց նաեւ, որ այս որոշումը կարող է յանգեցնել արցախցիների արտագաղթին։ «Հակաղարաբաղցիական ատելութեան խօսքի, անհանդուրժողականութեան վարքագծի պայմաններում անգամ ՔՊ-ական «էլիտայի» շրջանում եւ հայրենիքում անհրաժեշտ սոցիալական ու բարոյական աջակցութիւն չստանալով՝ արցախցիներից շատերը հարկադրուած լքելու են Հայաստանը։ Սա երկրորդ ցաւոտ հարուածն է լինելու մեր հաւաքական շահերին», ասաց Լիլիթ Գալստեանը:

Յիշեցնենք, որ այս որոշմամբ արդէն Ապրիլից մինչեւ Յունիս աջակցութեան չափը կը նուազի եւ կը կազմի 40 հազար դրամ, եւ այն կը ստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագոյն կրթութիւն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները եւ 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

Comments are closed.