Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմում խրախուսել է նահանջը՝ պարգեւատրումներով, էժանագին PR-ով»․ Սէյրան Օհանեան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին:
Նախկին նախարարը զրոյցի ընթացքում մասնաւորապէս նշել է.
– Իշխանական թիմում կայ կադրային սով. փորձառութիւն չունեցող անձանց պաշտօնի նշանակելով՝ իւրայինների եւ ոչ իւրայինների խնդիր է լուծւում:
– Բանակի քայքայման եւ պատերազմում պարտութեան պատճառներից մէկն էլ հէնց Պաշտպանութեան նախարարութիւնում եւ Գլխաւոր շտաբում կադրային արագ փոփոխութիւններն են:
– Պաշտպանութեան նախարարի պաշտօնում՝ թէկուզ թիմի անդամ, բայց գոնէ կառավարման փորձառութիւն ունեցող մարդիկ պէտք է նշանակուեն:
– Իշխանութեան գալով՝ իրենց էժանագին PR ակցիաների արդիւնքում ստացան բանակում կառուցուածքային ոչ արդիւնաւէտ փոփոխութիւններ, կադրային կախուածութիւններ քաղաքական ղեկավարութիւնից:
– Ոչ միայն բանակում, այլեւ ընդհանրապէս Հանրապետութիւնում տեղի ունեցած որակազրկումը լուրջ հետեւանք ունեցաւ:
– Այսօր իշխանութիւնները եւ այն մոլորուածները, որոնք յունիսի 20-ին իրենց ձայնը տուեցին Նիկոլ Փաշինեանին, չգիտեն, թէ ինչ են բերել հայ ժողովրդի՝ Հայաստանի եւ Արցախի գլխին:
– Նիկոլ Փաշինեանը տեղեա՞կ էր, որ գոյութիւն ունի ռազմական կառավարում, որ պատերազմի ընթացքում պէտք է Կառավարութեան եւ Անվտանգութեան խորհրդի նիստեր անցկացնէր, քննարկէր ռազմաքաղաքական իրավիճակը: Իհարկէ, տեղեակ չի եղել:
– Գերագոյն հրամանատարը պէտք է հագնէր զինուորի համազգեստը եւ խելացի կերպով կառավարէր երկիրը՝ այն, ինչ ինքը չի կատարել: Ամէն ինչ պէտք է անէր բանակին թիկունք կանգնելու համար, այնինչ խրախուսել է նահանջը՝ պարգեւատրումներով:
– Բանակի կառավարումը չի կարելի վերածել էժանագին PR-ի:
– Գալու է պահը, եւ բոլորն իրենց բաժին պատասխանատուութիւնը կրելու են:
– Քաոսը մինչեւ պատերազմն էր ստեղծուել՝ սկսած բանակի վերաբերեալ իրենց էժանագին PR-ից:
– Անդրանիկ Քոչարեանը փորձում է բանակին վերաբերող խնդիրներն իջեցնել կենցաղային մակարդակի:
– Հակառուսական տրամադրութիւնները որեւէ լաւ բանի չեն բերելու:
– Նորմալ ինքնիշխան երկրի ղեկավարն ինքնուրոյն պէտք է իրականացնի երկրի սահմանների պաշտպանութիւնը, ոչ մի այլ դրսի ուժ չի գալու՝ մեզ համար խրամատներ փորի:
– Երբ մարդիկ իրենց գործը չգիտեն, չգիտեն՝ ինչով զբաղուել, փորձում են այլ անձանց դէմ բանսարկութիւններ սարքել, ընտանիքներ մտնել:
– Անդրանիկ Քոչարեանը չէ այն դատաւորը, որը պէտք է գնահատի՝ ինչ է արել Սէյրան Օհանեանը մեր հայրենիքին ծառայելու համար:
– Անդրանիկ Քոչարեանը պատասխան է տալու այն ամէնի համար, ինչը բերեց պատերազմի, ու նաեւ այն ֆրանսիացու առջեւ՝ նրա անձնական տուեալները սոցիալական հարթակում հրապարակելու համար:
– Նիկոլ Փաշինեանը թիրախաւորել է ԶԼՄ-ներին: Եթէ չկայ երկրորդ կարծիք, ինչի՞ց պէտք է ընտրել լաւագոյնը: Խելացի ղեկավարը նաեւ դրան պէտք է ուշադրութիւն դարձնի, մինչդեռ այսօրուայ իշխանութեան գլխին նստածը դա չգիտի:
– Անփորձների կառավարման ընթացքում ամէն ինչի կարելի է սպասել, իսկ իրենց թւում է, թէ դրա համար պատասխան չեն տալու, թէ ամէն ինչ կարող է անհետեւանք անցնել:
– Այս իշխանութիւնների օրօք էլ դատաիրաւական մարմինների որոշ մասը կցորդ է դարձել:
– Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը տեղեկանք է Հայաստանի Հանրապետութեան, Արցախի պարտութեան մասին: Բացի գերիներին վերադարձնելուց, մնացած բոլոր կէտերը կատարուել են:
– Նիկոլ Փաշինեանը երբ ընդդիմադիր էր, ապրիլեան պատերազմից յետոյ իմ կաբինետում հարց է ուղղել, եւ ես նրան պատասխանել եմ…
– Խորհուրդ կը տայի իմ նախկին աշխատակցին՝ Արծրուն Յովհաննիսեանին, քիչ խառնուել ՊՆ գործերին:
– Խաղաղութեան պայմանագիր կոչուածը Հայաստանի Հանրապետութիւնը վերջնականապէս կը բերի կապիտուլիացիայի եւ թուրքացման: Որեւէ այլ իշխանութիւն չի կարող վերադարձնել կորցրածը:
– Այս իշխանութիւնների ասած Խաղաղութեան դարաշրջանը հակառակորդի թելադրանքն է Նիկոլին, խաղաղութեան խաբկանքն է ժողովրդին:
– Ճանապարհների ապաշրջափակումը կը յանգեցնի Հայաստանի եւ Արցախի խորը շրջափակման:
– Մենք կարող ենք փրկել մեր երկիրը, երբ փոխուի այս իշխանութիւնը:
– Այսօրուայ իշխանութիւնները մինչեւ վերջ ձգձգելու են իրենց հեռանալը՝ նախ, որովհետեւ զրկուելու են ունեցած բոլոր բարիքներից, եւ երկրորդ, գիտեն, որ հեռանալուց յետոյ պատասխանատուութեան են ենթարկւելու: