Ներկայ պայքարի ամէն պահը դաս է բոլորիս համար, կեանքի դաս, գաղափարի դաս. Դաւիթ Իշխանեան
- (0)

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը Գիտելիքի և դպրութեան օրուայ առթիւ ուղերձ է յղել.
«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,
Յարգարժա´ն ուսուցիչներ, կրթութեան և գիտութեան նուիրեալներ
Շնորհաւորում եմ ձեզ Գիտելիքի և դպրութեան օրուան առթիւ:
Այս ծանր օրերին Արցախի կրթօճախներում նորից հնչում են առաջին զանգի ղօղանջները:
3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրութեան տօնն Արցախում դիմաւորում ենք բազում մարտահրաւէրներով:
Յանուն մարդու հիմնարար իրաւունքների, մասնաւորապէս, սովորելու իրաւունքի՝ պայքարի առաջին դիրքերում էք դուք:
Արցախի ժողովրդի իւրաքանչիւր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակաւոր ուսուցիչ ու դասախօս, լծուած են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրաւունքի համար:
Ներկայ պայքարի ամէն պահը բաց դաս է բոլորիս համար, կեանքի դաս, գաղափարի դաս, թէ ինչպէս պէտք է ապրել արժանապատիւ, թէ ինչպէս պէտք է յանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:
Արցախի շրջափակման այս պայմաններում յորդորս է ՝ որդեգրել պատասխանատու կեցուածք, կրկնապատկել ջանքերը դժուարութիւնների յաղթահարման, խնդիրների արդիւնաւէտ լուծման ուղղութեամբ՝ յանուն Արցախի վաղուան օրուան, յանուն իւրաքանչիւրիս բարօրութեան ու անվտանգ կեանքի:
Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասութեան պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»: