Յովսէփը ռազմադաշտ մեկնելիս ասել է․ «Եթէ չվերադառնամ, լաց չլինէ՛ք։ Ես գիտեմ՝ ուր եմ գնում եւ ինչի համար»

Հայաստանում 44-օրեայ պատերազմից, Արցախի հայաթափումից յետոյ Հայոց բանակի օրն այլեւս չեն դիմաւորում ու տօնում այնպէս, ինչպէս նախկինում։ Անշուշտ, միշտ նախ եւ առաջ քաղաքացիներն ու պետական այրերը, զինուորականներն այցելում էին Եռաբլուր, խոնարհւում այն քաջերի առաջ, որոնց շնորհիւ մենք յաղթանակներ ենք կերտել։ Նախկինում Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի կազմաւորման օրը շքեղ զօրահանդէս էր լինում։ Մեր հպարտութեան եւ ուրախութեան օրն էր Յունուարի 28-ը։

Հիմա մեծ, սրտում չտեղաւորուելու աստիճան մեծ ցաւ կայ եւ կորսուած Արցախ․․․ Այս տարի Հայոց բանակի օրը Եռաբլուրում էին մեծ ու փոքր։ Այն փոքրիկները, որոնք զօրահանդէսին պիտի այտերին եռագոյնը նկարած, դրօշակները բռնած վազվզէին ու երգէին, այսօր միայն Եռաբլուրում եղան իրենց հարազատների հետ։ 2018 թուականից յետոյ Եռաբլուրը մեծացաւ, ցաւն էլ մեծացաւ…

Մեր թղթակցի հետ զրոյցում Եռաբլուր եկած Անահիտ Առաքելեանը պատմեց իր որդու՝ 44-օրեայ պատերազմում զոհուած Յովսէփ Առաքելեանի մասին։ Նա զոհուել է, կռուել է Հադրութում՝ զոհուելով թէժ մարտերում 25 տարեկանում։

«Իմ որդին բանակում չէր ծառայել, բայց շատ հայրենասէր էր։ Երբ պատերազմը սկսուեց, ասում էր՝ ամաչում եմ, չեմ կարող փողոցում ազատ քայլել, իսկ 18-20 տարեկան տղաներն այնտեղ՝ ռազմադաշտում կռուեն, ես էլ պիտի գնամ։ Ու գնաց, զինուորական պատրաստութիւն անցաւ, որպէսզի զէնքից օգտուել սովորէր, իսկ յետոյ կամաւորների խմբի հետ մեկնեց Արցախ»,- պատմեց Անահիտ Առաքելեանը։

Նա աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնում, վաւերագրական ֆիլմերի նկարահանման կազմում էր աշխատում։ Գործընկերների ու իրեն շրջապատող անձանց կողմից սիրուած էր։ Աչքի էր ընկնում համարձակութեամբ ու նուիրուածութեամբ։

Յովսէփը ռազմադաշտ մեկնելիս ասել է․ «Եթէ չվերադառնամ, լաց չլինէ՛ք։ Ես գիտեմ՝ ուր եմ գնում եւ ինչի համար»։

Տիկին Անահիտը միշտ զգում է Յովսէփի հոգեւոր ներկայութիւնը, երբեք չի մտածել, որ նա այլեւս չկայ կամ չի գայ։

«Նա այնպիսի տղայ չէ, որ գնար ու չգար։ Ես ասես հաւատում եմ, որ որդիս վերադառնալու է։ Ես միշտ զգում եմ, որ նա կայ։ Եթէ այդ զգացողութիւնը չլինի, չեմ կարողանայ ապրել, կը մեռնեմ»,- ասում է տիկին Անահիտը։

Երբ Յովսէփը պատերազմ գնաց, առաջին անգամ էր Արցախում լինելու։

«Նոյնիսկ տղայիս ասացի՝ երբ պատերազմն աւարտուի, Արցախում մի քիչ կը մնա՛ս, կը շրջե՛ս, կը տեսնե՛ս, կը վայելե՛ս Արցախը, նոր կը վերադառնաս»,- յիշում է տիկին Անահիտը եւ զրոյցի վերջում աւելացնում, որ թէեւ Արցախը շատ ծանր օրեր է տեսել, բայց հայի սրտում դեռ հաւատ կայ, որ հայկական Արցախն առանց հայերի չի կարող գոյութիւն ունենալ, ուստի Արցախը մի օր էլի՛ պիտի հայերինը լինի, հայաբնակ լինի…

Յասմիկ Բալէեան