Յայտարարութիւն. Ահաբեկչութեան Կազմակերպման Մասին Պնդումները Ի Սկզբանէ Եղած Են Անհիմն

 ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ այսօր` յուլիսի 13-ին, ձերբակալուածների պահելու վայրերից ազատ են արձակուել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալուած անձանցից հինգը:

Նրանցից ոեւէ մէկի նկատմամբ մինչ այս պահը որեւէ մեղադրանք չի առաջադրուել` իրաւական հիմքերի բացակայութեան պատճառով:

Աւելի վաղ երկու ամսով կալանաւորուել է տասնութամեայ Անդրանիկ Չամիչեանը, ում մօտ յայտնաբերուել էին բացառապէս օրինական եւ «սթրայքպոլ» խաղի համար նախատեսուած պարագաներ:

Ձերբակալուածներից մէկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում աւելի ուշ յայտնաբերուել էր մէկ նռնակ, նոյնպէս կիրառուել է երկամսեայ կալանք: Ուշագրաւ է, որ այս դէպքում մեղադրող կողմը հրաժարուել է ահաբեկչութեան կազմակերպման մեղադրանքից, եւ քաղաքացին կալանաւորուել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով:

Այսպիսով, կրկին փաստում ենք, որ, ինչպէս արձանագրել էինք մեր նախորդ յայտարարութիւններում, ահաբեկչութեան կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանէ եղել են անհիմն: Կրելով բացայայտ քաղաքական ենթիմաստ ու նպատակադրում` դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել եւ ահաբեկել հանրութեանը:

Շինծու այս քրէական գործերի բոլոր մանրամասները հանրութեանը ներկայացնելու նպատակով, երկուշաբթի` յուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում (Հանրապետութեան 30) կը կազմակերպուի մամուլի ասուլիս` գործով ներգրաւուած փաստաբանների մասնակցութեամբ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ