Մոնթրէալում կայացաւ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նուագախմբի համերգը՝ նուիրուած Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին
Պետրոս Շուժունեան
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նուագախումբը եւրոպական եւ ամերիկեան համերգային շրջապտոյտի քաղաքներից մէկը ընտրել էր Մոնթրէալը: Այն հանդէս եկաւ Կիրակի, 19 Նոյեմբեր 2023-ին: Ելոյթը տեղի ունեցաւ քաղաքի «Maison Symphonique» ամենակարեւոր համերգասրահում:
Պէտք է յիշատակենք, որ սոյն համերգի թուականի հաստատման օրը յայտարարելուց յետոյ, միայն երկու շաբաթուայ ընթացքում երաժշտասէր հասարակութիւնը ամբողջութեամբ ապահովել էր ներկայութիւնը, ինչը քիչ պատահող երեւոյթ է: Խանդավառութիւնը մեծ էր նման համերգի ներկայ գտնուելու:
Պէտք է նշել նաեւ, որ հայրենիքում այս ճգնաժամային օրերին նման ծրագիր ոտքի հանելն ու իրականացնելը մեծ զոհողութիւնների արդիւնք էր: Նուագախմբի կայուն ու գիտակից կազմակերպչական անձնակազմը, ոչինչ չէր խնայել այն պրոֆեսիոնալ կազմակերպելու համար:
Մոնթրէալում այս համերգի յաջողութեան համար մեծ ներդրում ունեցաւ մոնթրէալահայ ազգային գործիչ, Քեպէգում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Լեւոն Աֆէեանը, իսկ որպէս կազմակերպութիւն իր նիւթական համեստ մասնակցութիւնն էր բերել Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը այս պատուաբեր համերգին:
Յոբելեանական համերգի այս յայտագիրը ընդգրկում էր Արամ Խաչատրեանից զոյգ գործերը՝ «Սպարտակ Բալետ սիուիթը» եւ «Ջութակի կոնցերտը», տօնելու համար Մեծն Խաչատրեանի ծննդեան 120-ամեակը, իսկ համերգի երկրորդ բաժինը Սերգէյ Ռախմանինովի «Երկրորդ Սինֆոնիան» յիշատակելու սոյն հանրայայտի ծննդեան 150-ամեակը:
Նման յայտագրի կազմումը մեզ բերեց այն գեղեցիկ եզրակացութեան, ուր երկու հանճարեղ երգահանները, որոնք մեծ ներդրում են ունեցել դասական երաժշտական գրադարանին, պիտի յաջորդէին մէկը միւսին, ու ռոմանտիզմը պիտի տիրէր մինչեւ համերգի աւարտը:
«Սպարտակ Բալետը» Խաչատրեանը գրել է 1954-ին եւ ունեցել է շատ հետաքրքիր բեմական առաջընթաց: Յաջորդող 8-ից 10 տարիների ընթացքում այն գրաւել է միջազգային լաւագոյն բեմերը՝ Լենինկրատից մինչեւ Նիւ Եորք, անցնելով եւրոպական բոլոր բալետի բեմերը:
Այս գործի իւրայատուկ բնորոշումներից մէկը՝ «Սպարտակցիներ»ի հերոսական եւ արդար յեղափոխական կերպարները նկարագրւում են հայկական երաժշտական երանգներով, որը մեզ համար կրկնակի հպարտութիւն է:
Մեր նուագախումբը Մայսթրօ Եդուարդ Թոփճեանի ղեկավարութեամբ առաջին իսկ երաժշտական մուտքի նշանից մեր առջեւ բացեց այնպիսի մի հնչողութեան դաշտ, ուր նուագախմբի իւրօրինակ լուծուած ձայնի որակը անկարելի էր չզգալ: Այն մեծ վարպետութեամբ էր տիրապետում Խաչատրեանական մեկնաբանութեանը եւ բովանդակութեան անթերի կատարողականութեանը: Նուագախումբը կատարեալ ցուցաբերում էր յուզական եւ նրբերանգային Խաչատրեանի բոլոր ցուցմունքները: Գործի ռիթմիկ ճոխութիւնը, բազմաձայնային բարդ երաժշտական դարձուածքները յաջորդում էին միմեանց, եւ հայ երաժշտի իրեն պատկանող իւրաքանչիւր «Նոտա» թրթռացնում էր մեր ներաշխարհը: Այս բոլորի ներդաշնակութիւնը անբացատրելի գեղեցիկ էր:
Բալետի ճոխ հնչիւնները հազիւ ամփոփած, հանդիսատեսը ականատես է լինում ջութակահար Սերգէյ Խաչատրեանի բեմ մուտքին, կատարելու համար Խաչատրեանի «Ջութակի կոնցերտ»ը: Խաչտրեանական մի ուրիշ իւրայատուկ գործ. 1940-ը Սովետական Միութեան բուռն վերելքի տարիներն էին, ուր Արամ Խաչատրեանը մեծ ազդեցիկ ներկայութիւն սկսեց ձեւաւորել այս գործով: Աշխարհի լաւագոյն ջութկահարները՝ Դաւիթ Օյստրախ, Լէոնիտ Կոգան, Իսահակ Փերրան եւ ուրիշներ, մէկը միւսի յետեւից նուագել են այն բոլոր միջազգային բեմերում եւ գրաւել երաժշտասէր հանդիսատեսի սիրտը: Ես անձամբ լսել եմ բոլոր այս մեծերի կատարումը, բայց այս համերգի ժամանակ զգացի այս գործի լիարժէք պատկանելիութիւնը՝ հայ լինելու էութիւնը:
Զոյգ Խաչատրեանները միաձուլուած էին իրենց ստեղծագործական եւ կատարողական տաղանդով: Սերգէյի մեկնաբանական արուեստի իւրայատուկ բարձրութիւնը անհասանելի էր, եւ նման երաժիշտները քիչ են: Մենք բախտաւոր ենք նրա նման հայորդի ունենալու համար: Այսօր Սերգէյ Խաչատրեանը համարւում է միջազգային հարթակում ամենալաւագոյն տասը ջութակահարներից մէկը: Նրա բեմական ներկայութիւնը իշխում է իր մեծ երաժիշտ լինելու էութեամբ: Հանդիսատեսը կլանուել էր աղեղի սահուն արագութեան եւ հնչիւնների բացարձակ ճշգրտութեան ներքոյ:
Երաժշտութիւն էր հնչում…
Ինձ մօտ տպաւորութիւն ձեւաւորուեց, որ այս գործը գրուել է Սերգէյի համար…
Ամբողջ դադարի ընթացքին փորձում էի ամփոփել հնչած երաժշտական գոյների փունջը, բայց այնքան մեծ էր, որ հնարաւոր չէր այն ամբարել մի տեղ:
Համերգի երկրորդ բաժինը մի լայնաշունչ գործ էր մեզ սպասւում. Սերգէյ Ռախմանինովի երկրորդ Սիմֆոնիան, որը գրուել է 1906-1907 թուականների ընթացքում: Առաջին անգամ այն կատարուել է Սենթ Փեթերսպուրկում 1908-ին, Ռախմանինովի ղեկավարութեամբ:
Ծանր նախաբանով սկսուած այս տիտանիկ չորս բաժնից բաղկացած, մի ժամանոց գործը ի յայտ բերեց մեր Մայսթրօ Թոփճեանի եւ երաժիշտների ղեկավարական եւ կատարողական արուեստի բարձր մակարդակը: Թոփճեանը ամբողջ համերգը ղեկավարում էր առանց պարտիտուրի, որը քչերն են անում: Ամբողջ գործի ընթացքում, մենք առնչւում էինք նուագախմբային ստեղծագործական բարձր եւ բարդ արուեստի: Երաժշտական իւրաքանչիւր ֆրազ ամփոփում էր իր մէջ խորը եւ դրամատիկ պատկերներ, եւ հանդիսատեսը կլանուած էր մինչեւ իւրաքանչիւր բաժնի վերջը առանց դժուարութեան:
Այս գործի կատարման այսպիսի որակը մեզ թոյլ է տալիս հպարտութեամբ արձանագրել, որ մեր Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նուագախումբը դասւում է միջազգային լաւագոյնների շարքում առանց վարանելու:
Ծափահարութիւններ էր հնչում իւրաքանչիւր բաժնից յետոյ, որը նախընտրելի էր չլինել, բայց ես այն չեմ էլ դիտարկում որպէս վրիպում, այլ քաջալերանք գեղեցիկի համար…
Մեծ գոհունակութեամբ դուրս եկանք դահլիճից, բարիի ոգով լցուած, քանի որ, այս օրերին շատ պէտք ունենք դրան…
Նորանոր յաջողութիւններ ենք մաղթում:
Ձեր բոլորի վարձքը կատար,
Պետրոս Շուժունեան
Comments are closed.