ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ԹԻՒԻ ԱՂԵՏԱԼԻ ՆՈՒԱԶՈՒՄ. ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ

Horizon Weekly NewspaperԱպրիլի 24-ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձեւ ընդունեց »Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը կապուած կրօնական եւ այլ համոզմունքների հետ եւ կրօնական համայնքների պաշտպանութիւնը բռնութիւնից« վերտառութեամբ: Կրօնական համայնքների դէմ բռնութեան թեմայով զեկոյց պատրաստելը եւ բանաձեւի նախագիծ ներկայացնելը յանձնարարուել էր ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան ղեկավար, իտալացի պատգամաւոր Վոլոնտէին: Այս փաստաթուղթը, չնայած իր ձեւակերպումների ընդհանրութեանն ու գործնական երաշխաւորութիւնների պակասին, բարձրակէտն է այն մտահոգութիւնների, որոնք այսօր կան աշխարհում? կապուած քրիստոնեաների նկատմամբ հալածանքի եւ Միջին Արեւելքից նրանց զանգուածային հեռացման հետեւանքների հետ: Փորձենք հասկանալ?ինչո՞ւ են հեռանում քրիստոնեաները քրիստոնէութեան հայրենիքից եւ ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ քրիստոնեայ աշխարհի եւ քրիստոնէական արժէքների պահպանման համար:

 Միայն վիճակագրութիւն

20-րդ դարի սկզբին, այսինքն՝ ուղիղ մէկ դար առաջ, Միջին Արեւելքում քրիստոնեաները կազմել են բնակչութեան մօտ մէկ հինգերորդը: Հայոց ցեղասպանութիւնից եւ արաբական աշխարհի անկախացումից յետոյ քրիստոնեաների թիւը Միջին Արեւելքի տարածաշրջանում նուազման միտում է դրսեւորել: Սակայն նախկինում երբեք այդ նուազման միտումները այնքան մեծ չեն եղել, ինչքան վերջին հինգ տարիներին եւ մասնավորապէս արաբական գարունների ընթացքում: Այսօր Միջին Արեւելքի քրիստոնեաների ընդհանուր թիւը, տարբեր հաշուարկներով, կազմում է 12-15 միլիոն մարդ: Այդ թիւի ուղիղ կէսը Եգիպտոսի ղպտի բնակչութիւնն է, որը կազմում է իր երկրի բնակիչների մօտ տասը տոկոսը եւ 7,5 միլիոն է: Երեսուն տարի առաջ քրիստոնեաները Իրաքում կազմել են բնակչութեան մօտ վեց տոկոսը: 1987թ. Իրաքում վերջին անգամ հաւաստի մարդահամար է իրականացվել, եւ այն ժամանակ քրիստոնեաները կազմել են մօտ 1,4 միլիոն մարդ: Իրաքում ամերիկեան ռազմական ներկայութեան տասը տարիների ընթացքում քրիստոնեաների թիւը պակասել է աւելի քան տասը անգամ: Այս մասին յայտարարել է Ռուս ուղղափար եկեղեցու ներկայացուցիչ, Իլարիոն Արք. Ալֆէեւը մի քանի առիթներով?փոխանցելով եկեղեցու անհանգստութիւնը:

1932թ. Լիբանանում քրիստոնեաները կազմում էին բնակչութեան 55 տոկոսը: 2005թ. »Համաշխարհային քրիստոնէական աղբիւր« կազմակերպութեան տուեալների համաձայն՝ դեռ նախքան արաբական գարունների ծաւալումը քրիստոնեաների թիւը կազմում էր 34 տոկոս կամ 1,35 միլիոն մարդ: Լիբանանի քրիստոնեաները հեռանում են ոչ միայն Արեւմտեան Եւրոպա եւ ԱՄՆ, ինչպէս դա տեղի էր ունենում նախորդ երեսնամեակում, այլ նաեւ Լատինական Ամերիկա: Օրինակ՝ Չիլիի մայրաքաղաք Սաննթիակոյում այսօր գործում է լիբանանցի քրիստոնեաների 80 հազարնոց աշխոյժ համայնք: Քրիստոնեաների թիւի նուազեցման պատճառով Լիբանանի նրանց համայնքը կորցրել է շատ քաղաքական արտոնեալ իրաւունքներ, որոնք ունէր առաջներում: Սակայն այսօր էլ Լիբանանը մնում է Միջին Արեւելքի միակ երկիրը, որտեղ քրիստոնեաները ընդգծուած քաղաքական ներկայութիւն ունեն պետութեան կեանքում:

Սուրիայում անցեալ դարի սկզբին քրիստոնեաները կազմել են բնակչութեան մէկ երրորդը, իսկ քաղաքացիական պատերազմի նախօրէին կազմում էին բնակչութեան միայն 10 տոկոսը: Յորդանանում քրիստոնեաների թիւը բնակչութեան ընդհանուր թուակազմում կրճատուել է մօտ 10 տոկոսով:

Սրընթաց կրճատուեց Պաղեստինի բնիկ քրիստոնեայ բնակչութիւնը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեթղեհէմի արաբ քրիստոնեաները կազմում էին քաղաքի բնակչութեան 85 տոկոսը, իսկ այսօր՝ միայն 12 տոկոսը: Ընդամենը տասը տարի առաջ Նազարէթ քաղաքի բնակիչների մեծ մասը քրիստոնեայ էր, իսկ այսօր բնակչութեան 76 տոկոսը մահմետական է: Երուսաղէմում 1922թ. բնակչութեան 53 տոկոսը քրիստոնեայ է եղել: Այժմ քրիստոնեաները կազմում են Երուսաղէմի բնակիչների 2 տոկոսը կամ 15 հազար մարդ: Բրիտանական մանդատի վերջին տարում (1947) քրիստոնեաները կազմել են Պաղեստինի բնակչութեան 10 տոկոսը: 1949թ. Պաղեստինի ոչ հրեայ բնակիչների շրջանում քրիստոնեաներն արդէն 21 տոկոս էին: Յորդանան գետի արեւմտեան ափին եւ Կազայի տարածքում 3 միլիոն ընդհանուր բնակչութեան մէջ քրիստոնեաները կազմում են 1,5 տոկոս կամ մօտ 50 հազար մարդ: Բուն Կազայի տարածքում մնացել է միայն 2 հազար քրիստոնեայ, որը 1 տոկոսից մի փոքր աւելի է:

Իսրայէլը Միջին Արեւելքի միակ երկիրն է, որտեղ քրիստոնեաները բնական աճ են արձանագրում: Միւս բոլոր երկրներում քրիստոնեաների արտագաղթն ընդունել է սպառնալի չափեր: Կա եւս մէկ հետաքրքրական վիճակագրութիւն: Միջին Արեւելքի մահմետական ընտանիքում կա միջին վիճակագրական 3,9 երեխայ, տիւրզիների շրջանում?2,5 երեխայ, հրեաների ընտանիքում?2,9 երեխայ, իսկ քրիստոնեայ ընտանիքում?2,1 երեխայ: Լիբանանում շիա ընտանիքը ունի մինչեւ 8 երեխայ, սիւննի ընտանիքը՝?4-5 երեխայ, քրիստոնեայ՝?միայն 2:

Իրաքում ամերիկացիների դէմ դժգոհութեան ծաւալման պայմաններում ահագնացան հալածանքները քրիստոնեաների նկատմամբ, եւ 5 տարուան ընթացքում 850 հազար քրիստոնեաներից մնաց միայն 400 հազարը: Վերջին տարիների զանգուածային արտագաղթի պայմաններում, երբ առաւել կրթուած եւ նիւթապէս ապահով քրիստոնեաները սկսել են հեռանալ դէպի Եւրոպա եւ ԱՄՆ, նրանց թիւը էլի 2 անգամ կրճատուել է: Բնակութեան նախկին վայրերից հեռացողները նշում են, որ արտագաղթի հիմնական պատճառներն են բռնութիւնը մահմետականների կողմից եւ անապահով ու անկայուն իրավիճակը:

Բռնութեան ալիք քրիստոնեաների նկատմամբ

Դեռ իրաքեան պատերազմի տարիներին Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդը քննադատութեամբ էր հանդէս եկել պաշտօնական Ուաշինկթընի եւ Լոնտոնի հասցէին, որոնք իրենց մինչեւ վերջ չմտածուած գործողութիւններով քրիստոնեաներին դրեցին վտանգավոր վիճակի մէջ, ինչը սաստկացրեց արտագաղթը: Լիպիայի պատերազմի հետեւանքով քրիստոնեաների ուղիղ կէսը հեռացաւ երկրից: Եգիպտոսի ղպտիները տարբեր առիթներով ահազանգել են իրենց համայնքի անդամների բռնի մահմետականացման եւ կենցաղային հալածանքների դէպքերի մասին: Այդ դէպքերը քննութեան առիթ են դարձել քրիստոնեայ աշխարհի հորգեւոր առաջնորդների մասնակցութեամբ անցած ժողովներում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր Սուրիայում, բռնութեան ծաւալներով եւ տեսակով »գերազանցել է« բոլորին: 2013-ի Ապրիլի 23-ին, Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլը Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փուտինին, ինչպէս նաեւ ԱՄՆ նախագահ Պարաք Օպամային, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Քի Մունին եւ Թուրքիայի կառավարութեան նախագահ Ռեճեփ Թայիբ Էրտողանին ուղերձներ է յղել խոր տագնապով Սուրիայի հիւսիսում Անտիոքի ուղղափառ եկեղեցու Հալէպի առաջնորդ Պողօսի եւ սուրիական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Գրիգորի Յովհան Իպրահիմի առեւանգման կապակցութեամբ: Այս երկու բարձրաստիճան հոգեւորականներն առեւանգուել էին Հալէպի հիւսիսում, այն ժամանակ, երբ հետեւում էին մարդասիրական բեռների բաշխմանը:

Համայն Ռուսիոյ պատրիարքը անթոյլատրելի էր համարել խաղաղ բնակչութեան նկատմամբ ահաբեկութեան եւ բռնութեան գործողութիւննեեւը եւ կոչ էր արել պետութիւնների ղեկավարներին՝ ջանքեր գործադրել շուտափոյթ ազատման համար:

Տարբեր աղբիւրներ գալիս են հաստատելու մէկ իրողութիւն՝ Սուրիայում յեղափոխականների անուան տակ գործող ապստամբները բացառիկ ատելութեամբ են վերաբերւում քրիստոնեաներին: Դեռ քաղաքացիական պատերազմի սկզբում դատարկուեց Հոմս քաղաքի ողջ քրիստոնեայ բնակչութիւնը, իսկ 86-ամեայ վերջին քրիստոնեան, որ ստիպուած էր մնալ քաղաքում, դաժանօրէն սպանուեց: Սուրիայի քրիստոնէական տարբեր ուղղութիւնների ներկայացուցիչները միաբերան հաւաստում են, որ Աստների ընտանիքի կառավարման շրջանում քրիստոնեաների նկատմամբ բացառիկ հանդուրժող եւ բարեացակամ վերաբերմունք է եղել: Ասում են, որ նաեւ այդ պատճառով է, որ վարչակազմի դէմ զինուած պայքար մղող ապստամբները բացառիկ դաժանութեամբ են վերաբերւում քրիստոնեաներին: Հալածւում են նաեւ Հալէպի ասորական թաղամասերի բնակիչները, իսկ քրիստոնեայ փախստականների ճամբարներ գոյանում են Սուորիայի եւ Լիբանանի սահմանագլխին:

Ռուսաստանում ուշադրութեամբ հետեւում են Միջին Արեւելքում ստեղծուած իրավիճակին: Դեռեւս 1882թ. ստեղծուած Ռուսական կայսերական պաղեստինեան ընկերութեան նիստերում (որոնց մասնակցում են բարձրաստիճան պետական պաշտօնեաներ, քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, խոշոր գործարարներ) քննարկման առարկայ են դարձել Միջին Արեւելքի ուղղափառ եկեղեցիների աղետալի վիճակի հարցերը: Հարկ է յիշել, որ Ռուսաստանը դեռ 19-րդ դարի սկզբից մշտապէս հանդէս է եկել Պաղեստինի (Սուրբ Երկրի) քրիստոնեաների հովանաւորի դերում, եւ Ռուս ուղղափառ եկեղեցու այսօրուան առաջնորդները պետութեան քաղաքական առաջնորդներին մշտապէս յիշեցնում են այդ առաքելութեան մասին: Իրենց հերթին անընդհատ նոսրացող հետեւորդների թիւ ունեցող միջին-արեւելեան ուղղափառ եկեղեցիները ապաւինել են Ռուսաստանին, որին համարում են միջին արեւելեան կնճիռները խաղաղութեամբ կարգաւորելու միակ իրական ջատագով:

Ի՞նչ է բխում ԵԽԽՎ բանաձեւից

ԵԽԽՎ ապրիլեան բանաձեւը, որի մասին խօսեցինք յօդուածի սկզբում, կարող էր լինել աւելի հասցէական, սակայն դրա դէմ առարկել են եւրոպացի ուլտրա-լիպերալ պատգամաւորները:

Այնուամենայնիւ խորհրդաժողովը պահանջել է դատապարտել բռնութիւնը եւ ատելութեան քարոզները որեւէ կրօնին պատկանելու հիման վրայ: Ուժեղացնել պայքարն այդ դրսեւորումների դէմ եւ արդարադատութեան ձեռքը յանձնել դրանում մեղաւորներին: Բանաձեւը կոչ է անում  նախաձեռնել միջկրօնական եւ միջմշակութային երկխօսութիւն: Սահմանել կրօնական համայնքների եւ անհատների արդիւնաւէտ պաշտպանութիւն: Պաշտպանել կրօնական հաւաքների վայրերը, յարգել եւ պաշտպանել տարբեր կրօննների մշակութային ժառանգութիւնը: Այս բանաձեւը գտնում է, թէ »այն ժամանակ, երբ բոլորը կարծում են, որ կրօնական համայնքները աւելի լաւ են պաշտպանուած Եւրոպայում, քան Աֆրիկայում, Ասիայում եւ Միջին Աֆրիկայում, Եւրոպայի խորհրդի անդամ երկրներում դեռեւս հիմնախնդիրներ կան«: Բանաձեւը ներկայացնող իր զեկոյցում պարոն Վոլոնտեն բերել է Արեւմտեան Եւրոպայում քրիստոնեաների հալածանքների օրինակներ: Այս բանաձեւի օգուտներից մէկը այն կարող է լինել, որ բանաձեւը նպաստի Թուրքիայում Հայաստանեայց առաքելական եկեղեցու գոյքի վերադարձին եւ իրաւունքների վերականգնմանը: Սա կարող է պատահել, եթէ ԵԽԽՎ-ն ընդհանուր խօսակցութիւններից ու ընդհանուր դատողութիւններից զատ հետամուտ լինի իր բանաձեւի ամբողջական կիրառմանը:

 Արամ Սաֆարեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.