Մեր օրակարգն այս իշխանութեանը վռնտելն է, եւ այդ հարցում փոփոխութիւն չկայ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը պնդում է՝ իրենք արմատական ընդդիմութիւն են, արմատական են իրենց քաղաքականութեամբ, ինչը հակադրւում է Հայաստանի իշխանութեան վարած հակապետական քաղաքականութեանը, իսկ ինչ վերաբերում է մարտավարութեան արմատական լինել-չլինելուն, ապա նախ պէտք է հասկանալ, թէ ի՞նչ են քաղաքացիները ցանկանում տեսնել՝ ընդդիմութիւնից արմատական մարտավարութիւն պահանջելով։

168 TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում ընդդիմութեան հասցէին հնչող քննադատութիւններին այսպէս արձագանգեց Արծուիկ Մինասեանը՝ շարունակելով.

«Իմ գնահատմամբ՝ արմատական մարտավարութիւնն այն է, որ իշխանութեան ցանկացած ստին ընդդիմութիւնը պէտք է հակադարձի ստի բացայայտումով եւ ոչ թէ՝ իշխանութեան վրայ կօշիկ շպրտելով եւ հայհոյելով։ Ի հա՛րկէ, ակնյայտ է, որ մեր հասարակութիւնը սիրում է ամէն անգամ մեղաւոր կարգել ընդդիմութեանը՝ իր օպյեկտիւ եւ սուպյեկտիւ ակնկալիքները նրանից չստանալու պատճառով։ Դրանից բացի, կան ուժեր, որ քննադատում են ընդդիմութեանը եւ փորձում մղել ծայրայեղ գործողութիւնների՝ շատ լաւ իմանալով, որ ելքը չի բերելու պետականութեան փրկութեանը»։

Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութեան քարտուղարի համոզմամբ՝ ընդդիմութեան քննադատների մի էական հատուածի թւում է, թէ իրենք Ֆեյսպուքում շատ աւելի արմատական են, քան խորհրդարանական ընդդիմութիւնը։

«Ուստի, առաջարկում եմ այդ քննադատութեան մէջ գտնել ռացիոնալ հատիկը, իսկ դա այն է, որ մեզ ձայն տուած մարդիկ ասում են՝ գնացէ՛ք եւ իշխանութեան ճակատին ասէ՛ք իրենց ստերն ու սխալները. մենք դա անում ենք», ասաց Մինասեանը։

Դիտարկմանը՝ արդեօք ընդդիմութեան քննադատութեան մէջ ռացիոնալ հատիկ չե՞ն նաեւ հրապարակուած վերջին սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց, 21 տոկոս վարկանիշով 2021 թուականին խորհրդարան մտած ընդդիամադիր դաշինքի ղեկավարն ունի ընդամէնը 2 տոկոսանոց վարկանիշ, Արծուիկ Մինասեանը պատասխանեց.

«Անգամ այս թուերի պարագայում, ցաւօք, աւելի բարձր գնահատական ստացած ընդդիմադիր չկայ, իսկ սա նշանակում է, որ շարունակում ես մնալ ամենահիմնական ընդդիմադիր բեւեռը», ասաց Մինասեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով սոցիոլոգիական հարցման մէկ այլ տուեալի վրայ, ըստ որի՝ հարցուածների 65 տոկոսը որեւէ ուժի ձայն չի տայ։

Ըստ Մինասեանի՝ այս անտարբերութիւնն ամենավատ բանն է, ինչը նաեւ արդիւնք է այն իրողութեան, որ ընդդիմութեան ներսում տարբեր ուժեր շարունակաբար քննադատում են միմիանց։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ իրենք քննադատւում են ոչ միայն իշխանութեան, այլ նաեւ այլ ընդդիմադիր ուժերի կողմից, Մինասեանն արձագանգեց.

«Ես շնորհակալ եմ այն քննադատութիւնների համար, որոնց նպատակն ընդդիմութեանը ուժեղացնելն է։ Բայց կան նաեւ քննադատողներ, որոնց նպատակն էդ անտէր մանդատներն ու կարգավիճակն ունենալն է։ Այս առումով, մեզ մօտ մարտավարական ծրագրերում ունենք անգամ մանդատներից վերջնականապէս հրաժարուելու տարբերակ եւս։ Հրաժարուելու պահն այնժամ է լինելու, երբ կը տեսնենք, որ քաղաքական ճգնաժամի միակ ելքն Ազգային ժողովում 101 պատգամաւորից աւելի ցածր թուով պատգամաւորական մանդատ թողնելն է, որպէսզի այդ մարմինն այլեւս դադարի լինել սահմանադրական մարմին։ Այդ քայլին կարող ենք գնալ, երբ տեսնենք մարդկանց հսկայական քանակ», ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղարը՝ շեշտելով, որ խմբակցութեան օրակարգում շարունակում է մնալ իշխանութեանը վռնտելու հարցը։

«Մենք խորհրդարան ենք գնացել իշխանութեանը վռնտելու համար։ Այո՛, մենք այդ գործի վրայ ենք, մեր օրակարգը չի փոխուել, ամբողջ ցաւն այն է, որ մարդկանց թուում է, երբ ասում ես՝ վռնտել, մի ճտտոցով պէտք է դա անել», ասաց Մինասեանը։

Հարցին՝ այդ դէպքում ինչո՞ւ է իրենց խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանի համար անհասկանալի այն մտայնութիւնը, թէ իրենք գնացել են խորհրդարան՝ իշխանութեանը վռնտելու համար, Արծուիկ Մինասեանը պատասխանեց.

«Մեր խմբակցութեան տեսակէտը կարող են ներկայացնել խմբակցութեան ղեկավարը կամ քարտուղարը։ Եթէ մեր պատգամաւորներից առանձին անձ իր սուպյեկտիւ ընկալմամբ յայտարարութիւն է անում, դա չպէտք է վերագրել ամբողջ խմբակցութեանը։ Կրկնում եմ՝ մեր օրակարգն այս իշխանութեանը վռնտելն է, եւ այդ հարցում փոփոխութիւն չկայ»։

 

 

Comments are closed.