Մեր ժողովուրդը պէտք է հասկանայ, որ երկիրը սրընթաց գնում է դէպի կործանում. ՀՀ ԱԺ պատգամաւոր Արթուր Խաչատրեան
Դեկտեմբերի 19-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արթուր Խաչատրեանը: Նա խօսել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծուած իրավիճակների եւ դրանց պատճառների մասին, անդրադարձել ՀՀ իշխանութեան վարած ներքին եւ արտաքին քաղաքականութեան խնդրայարոյց հետեւանքներին, ընդգծել Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» անպտուղ փորձերի արդիւնքում Հայաստանի համար նոր ու առաւել վտանգաւոր իրավիճակների առաջացման հեռանկարը:
Ներկայացնելով վերջերս խորհրդարանի կողմից ընդունուած 2025 թ. պետական պիւտճէի մասին փաստաթուղթը՝ Արթուր Խաչատրեանը նշել է, որ իշխանութիւններն էլ գիտակցեցին, որ ընդդիմութեանը պարտուեցին պիւտճէդային քննարկումներում: «Առաջին եւ երկրորդ բանավէճերի ընթացքում, երբ մենք ասում էինք, որ այն կանխատեսումները, որ դուք դրել էք, այն գնահատականները, որ դուք տալիս էք, իրատեսական չեն, եւ իրենք Ալեքսանդր Մոտրոսովի պէս փորձում էին լռեցնել մեր քննադատութիւնը, մի քանի օր յետոյ հասկացան, որ սխալ են գնահատել եւ 10 տոկոսով կրճատեցին աճի իրենց կանխատեսումները 2025 թուականի համար», ասել է պատգամաւորը:
2025 թուականի պիւտճէն Արթուր Խաչատրեանն անուանել է պարտքով գոյատեւելու պիւտճէ: Նրա խօսքով՝ գալիք տարում իշխանութիւններն ակնկալում են 2 միլիարդ տոլարով աւելացնել պետական պարտքը, ինչը նշանակում է, որ միայն այդ պարտքի տոկոսների սպասարկման վրայ աւելի շատ գումար է ծախսուելու, քան առողջապահութեան, արդարադատութեան, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարութիւններին եւ բոլոր մարզպետարաններին կատարուող պետական յատկացումներն են՝ միասին վերցուած:
Արթուր Խաչատրեանը հանգամանալից անդրադարձել է նաեւ Ատրպէյճանից հնչող նորանոր պահանջներին եւ դրանց համատեքստում Հայաստանի հետ այսպէս կոչուած բանակցութիւններում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումներին: Հայաստանն իր ներկայ տնտեսական քաղաքական կացութեամբ ուղղակի պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ իրաւահաւասար յարաբերութիւնների՝ նշել է Արթուր Խաչատրեանը:
Պատասխանելով հարցին, թէ ինչպէս պէտք է յաղթահարել ամէն կողմից Հայաստանին պատուհասած դժուարութիւնները, որոնք նաեւ արտաքին միջամտութիւնների եւ ճնշումների հետեւանք են, Արթուր Խաչատրեանը մասնաւորապէս նշել է. «Լաւ բան չէ, երբ յոյսը կապում են արտաքին իրավիճակների փոփոխութեան եւ դրանց արդիւնքում այս իշխանութիւնների հեռացման հետ: Կարեւոր է, որ մեր ժողովուրդը հասկանայ՝ սրանք երկիրը տանում են դէպի կործանում: Եւ ոչ միայն հասկանայ այդ ճշմարտութիւնը, այլեւ պատասխանատուութիւն զգայ եւ պատրաստ լինի քայլ անել սրանց հեռացնելու համար»:
Մանրամասները՝ տեսանիւթում
https://www.youtube.com/watch?v=3Yvc8LWRCRY
Comments are closed.