Մենք չենք պատկերացնում այլ վայրում ապրելը․ ինչքան պէտք է կը պայքարենք
Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ յայտարարում է, որ յունիսին հայկական կողմն ամբողջութեամբ Ադրբեջանին պէտք է յանձնի Բերձորը։ Հայկական կողմից այս ամենին դեռևս որևէ պաշտօնական արձագանք չի եղել։
168.am-ի հետ զրոյցում Քաշաթաղի Աղաւնօ համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չաւուշեանն ասաց, որ այսօր իշխանութիւնն աշխատում է այլ օղակների վրայ, իսկ իր բոլոր հանդիպումներն իրականացնում է գաղտնի՝ ժողովուրդն էլ իրազեկուած չէ։
«Մենք այս պահին տեղեկատուութեան պակաս ունենք, ես պաշտօնապէս որևէ մէկից որևէ բան չեմ ստացել, որ Բերձորը պէտք է յանձնուի։ Մեզ որևէ բան չեն ասել, չնայած չեմ էլ կարծում՝ մեզ ինչ-որ բան ասեն։ Իշխանութիւնն այլ օղակների վրայ է աշխատում, որ իբր Բերձորը տալու են կամ արդէն յանձնուած է։ Եթէ Բերձորը չեն բնակեցրել, հաւատալի է, որ ինչ-որ բան են անելու։ Այդուհանդերձ մենք յոյս ունենք, որ ինչ-որ բան կը փոխուի և կը կանխարգելուի այս ամէնը։ Հեշտ է ասել, թէ տալու են՝ մենք մեր կեցուածքն ունենք, բայց մէկ ձեռքը ծափ չի տալիս։ Պէտք է բանակցութիւնները, յայտարարութիւններն ամբողջովին փոխեն»,- նշեց Անդրանիկ Չաուշեանը։
Ըստ նրա, Աղաւնօն լքելու իրենց որոշումը չի փոխուել և երբեք չի փոխուելու։
«Այս ամէնը մենք ոչ թէ միայն պէտք է յայտարարենք, այլ պատրաստ լինենք ամէն ինչի։ Իմ մօտեցումներում որևէ բան չի փոխուել, այսօր Ադրբեջանը խոշորացոյցի տակ հետևում է մեզ, բայց գլխաւոր խնդիրն այն է, որ մենք տեղեկատուութիւն չենք ստանում, թէ ինչ են բանակցում։ Ի վերջոյ, պէտք է փոխենք իրենց մօտեցումները, և անընդհատ չասեն, թէ տալիս ենք, ինչո՞ւ են տալիս։ Կապ չունի, թէ ինչ հատուցում կտան, 10 մլն, թե աւելի շատ, սա սկզբունքային հարց է։ Քանի դեռ իշխանութիւնը և Ադրբեջանը չեն նահանջել իրենց կարծիքից, մենք էլ մեր կարծիքը չենք փոխելու։ Մենք չենք պատկերացնում այլ վայրում ապրելը, չեմ էլ ուզում պատկերացնել։ Ինչքան պէտք է՝ պիտի պայքարենք»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշեանը: