«Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն. բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում». Աղաւնոյի գիւղապետ

Վերջին մի քանի օրերի ընթացքում ֆէյսբուքեան տիրոյթում քննարկւում է Բերձորի հարցը, եւ շատ օգտատէրեր «իրենց ունեցած լուրերը» հրապարակելով, ասում են, թէ Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց յետոյ, Աղաւնոյից հանելու են բնակչութեանը, եւ այն յանձնեն թշնամուն։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղի ղեկավար Անդրանիկ Չաուշեանն ասաց, թէ չի կարող շրջանառուող լուրերն ու խօսակցութիւնները լուրջ ընդունել։
«Այս լուրերը գալիս են այլ տեղից, իսկ ես Ալիեւին առհասարակ չեմ էլ լսում։ Ճանապարհ է, թող սարքեն, մենք տեղում ենք, ու նրանք մեր կարծիքը գիտեն։
Մեզ համար որեւէ բան չի փոխուել, չի էլ փոխուելու։ Եթէ հիմա նախապէս ինչ-որ հարթակ են ստեղծում, նախապատրաստական ծրագիր են փորձում իրականացնել՝ ապա ասեմ, որ իրենց նպատակին չեն հասնելու։ Ճանապարհը թող կառուցեն աւարտեն, կը տեսնենք։ Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն։ Դրա համար բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում։ Մենք մեր օրն ենք ապրում, չենք էլ լսում, թէ ինչ են ասում»,- նշեց Անդրանիկ Չաուշեանը։
Ըստ Աղաւնոյի գիւղապետի, նոյնկերպ են մտածում նաեւ բնակչութեան մեծ մասը, եւ որեւէ պարագայում իրենց տունը չեն լքելու։
«Մեր բնակչութեան մեծ մասը հէնց այդպէս է մտածում՝ հաստատակամ են, պէտք է մնան Աղաւնոյում։ Մեզ չեն կարող գումարի դիմաց առաջարկել լքել Աղաւնոն, ինչպէ՞ս կարղ են առաջարկել»,- յաւելեց Անդրանիկ Չաուշեանը՝ անդրադառնալով տարածուած այն խօսակցութիւններին, թէ իբր Աղաւնոյից դուրս գալու համար նոյնիսկ բնակչութեանը գումար են առաջարկել։
«Ես վերջերս բարձրաձայնել էի պետական աջակցութիւն տալու մասին, հարցրել էի՝ ինչ տալիս էք, հատուցո՞ւմ է, թէ՞ աջակցութիւն, ասացին՝ ոչ, աջակցութիւն է։ Ես էլ ասացի՝ աջակցում էք՝ աջակցէք, ես կորոշեմ, այդ գումարով անասուն առնե՞մ, թէ՞ ջերմոց կառուցեմ։ Ինչ-որ 10 մլն պէտք է առաջարկեն, ո՞վ է գնահատել իմ տունը մօտ 10 մլն»,- շեշտեց Աղաւնոյի գիւղապետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Բերձորի վիճակն աւելի մտահոգիչ կը լինի, եթէ չբնակեցուի, դրա մասին պէտք է մտածել։
«Եթէ նոյնիսկ բերձորցիները չգան, թող այլ մարդիկ գան, հայեր։ Թող Քոբուլեթի չգնան, գան, օրինակ, 15 օրով մնան Բերձորում։ Հայրենիքը բոլորի համար է, չէ՞, թող այս ուղղութեամբ մտածեն։ Տեսնենք, Աստուած բարին կը կատարի»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշեանը։
Յիշեցնենք՝ 2020 թուականի նոյեմբերի 10-ին հրապարակուել էր Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի նախագահների յայտարարութեան պաշտօնական տեքստը, որով դադարեցւում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի աւարտի ու կրակի դադարեցման մասին յայտարարութիւնում նշուած է «Հայաստանի Հանրապետութիւնն Ադրբեջանի Հանրապետութեանը վերադարձնում է Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի (Բերձորի) շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ:
Կողմերի համաձայնութեամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկայ երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից յետոյ ռուսական խաղաղապահ զօրակազմը կը վերատեղակայուի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Եռակողմ յայտարարութեան մէջ, ի դէպ, առանձին պարբերութեամբ նշուած է, թէ ում է անցնելու Լաչինի միջանցքի վերահսկողութիւնը.
«Ադրբեջանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկութեան անվտանգութիւնը երկու ուղղութիւններով»:

Զուարթ Խաչատրեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.