Մենք կորցնում ենք մեր յաղթաթղթերը, եթէ Սիւնիքի մասով էլ կորցնենք աշխարհաքաղաքական բախում է տեղի ունենալու. Արմէն Ռուստամեան

«Թէ՛ Թուրքիան, թէ՛ Ատրպէյճանը մինչեւ իրենց ուզածը չստանան, յարաբերութիւններ չեն կարգաւորի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«Ամէն ինչ տեղի է ունենում կուլիսների ետեւում, հանրութիւնը միշտ վերջին պահին է իմանում եւ կանգնում փաստի առաջ։ Միեւնոյնն է, թէ՛ Թուրքիան, թէ՛ Ատրպէյճանը մինչեւ իրենց ուզածը չստանան, որեւէ առաջընթաց իրենց յարաբերութիւնների մէջ դժուար է կանխատեսել։ Նրանք Հայաստանի հետ կապերը կը կարգաւորեն այն ժամանակ, երբ իրենց պահանջները կը բաւարարուեն», նշեց Ռուստամեանը։

Հայաստանն աշխարհին հետաքրքիր է երեք գործօնների պատճառով. Լեռնային Ղարաբաղ, որը մենք կորցրինք, փանթուրանական գծի վրայ գտնուող Սիւնիք, ինչպէս նաեւ ատոմային էլեկտրակայան. ասաց Արմէն Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանը հենց այդ գործօններով է հետաքրքիր աշխարհին։ Նա նշել է, որ Երեւանն աստիճանաբար կրճատում է յաղթաթղթերի քանակը, որոնք ունի։

«Ղարաբաղեան հարցը օրակարգից դուրս եկաւ։ ԱԷԿ հարցը տարբեր գերտէրութիւններ փորձում են վերցնել իրենց վերահսկողութեան տակ։ Մնում է Սիւնիքը, եւ եթէ մենք այն կորցնենք, ապա այստեղ կը սկսուի աշխարհաքաղաքական բախում։ Բոլորը ցանկանում են մասնակցութիւն ունենալ դրանում ի շահ իրենց՝ օգտագործելով Հայաստանը», ենթադրել է պատգամաւորը։

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանն այս պայմաններում դառնում է ոչ թէ գործօն, այլ գործիք։ Միջնորդների ակտիւութիւնը հայ-ատրպէյճանական հարցերում Ռուստամեանը բացատրել է նրանով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարց է լուծւում։
Ատրպէյճանի հետ հարցերի լուծման երկկողմ ձեւաչափը, առանց միջնորդների ներգրաւման, ծուղակ է եւ փակուղի, քանի որ չի լինի վէճերի լուծման մեխանիզմ. ասաց Արմէն Ռուստամեանը։

Նա աւելացրեց, որ ՀՀ վարչապետը Թուրքիային խնդրում է, որ նա միջամտի հայ-ատրպէյճանական հարցերին։ Նրա խօսքով՝ Փաշինեանի համար Թուրքիայի ներգրաւումը ընդունելի է, իսկ «3+3» ձեւաչափը որպէս բանակցութիւնների հարթակ՝ ոչ, չնայած վերջինի միջնորդութիւնը կարող է Հայաստանի համար աւելի նպաստաւոր լինել, քան միայն թուրքականը։

«Փաշինեանը Թուրքիային խնդրում է օգտագործել իր ազդեցութիւնը Ատրպէյճանի վրայ։ Բա միջամտութիւնն էլ ո՞նց է լինում։ Մեր շահերն Իրանի հետ խիստ համընկնում են, Ռուսաստանի շահերի հետ որոշակի չափով նոյնպէս համընկնում են, բայց հակասում են Թուրքիայի եւ Ատրպէյճանի շահերին։ Ամէն բան կախուած է նրանից, թէ ինչպէս ենք մենք տեսնում մեր շահերը։ Եթէ, ինչպէս դա անում են իշխանութիւնները, տեսնում ենք Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ, ապա դա նշանակում է, որ մենք մեզ դնում ենք լուրջ ճնշման տակ եւ կրճատում ենք մեր շահերը պաշտպանելու հնարաւորութիւնը», նշեց է Ռուստամեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում.

Comments are closed.