«Մենք այլևս թշամուն տալու հայրենիք չունենք,  այլևս տարիներով ետ ընկնելու ժամանակ չունենք․ Փաշինեանը պէտք է հեռանայ»․ Տարօն Ղազարեան

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախագահ Տարօն Ղազարեանը  դաշնակցական ընկերների հետ միասին՝ կամաւորագրուել է ու հոկտեմբերի 12-ին մեկնել Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։ Նա նոյեմբերի 24-ին է Հայաստան վերադարձել։

Տարօն Ղազարեանը դաշնակցական նուիրեալ ընկերների հետ ռազմական գործողութիւնների առաջին իսկ օրուանից՝ սեպտեմբերի 27-ից է սպասել, թէ Արցախ մեկնելու՝ իր հերթը երբ կը հասնի։ Մինչև ռազմադաշտ մեկնելը՝ Տարօնը թիկունքում է պայքարել՝ բանակին տրամադրուող օժանդակութեան, պարէնի, հագուստի տողափոխման աշխատանքներին է մասնակցել՝ այստեղից աջակցելով առաջնագծում կռուող մեր քաջերին։

«Ունենք նաև բազմաթիւ ընկերներ, որոնց այդպէս էլ Արցախ մեկնելու հնարաւորութիւն չընձեռուեց, թէև նրանք ամէն օր կազմ ու պատրաստ սպասում էին, ուզում էին մեկնել Արցախ»,  ասում է Տարօնը։

Նա նշում է՝ այս պատերազմում բազմաթիւ դաշնակցականներ զոհուեցին, կորստի ցաւն աննկարագրելի ծանր է, ու թւում է՝ այդ վէրքերը երբէք չեն սպիանար․․․«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան մեծ ընտանիքի անդամ Կիմը ևս նահատակուեց։ Ուսանողական միութեան անդամներից որևէ մէկի հետ պատերազմի մասին խօսելիս անհնար է նրանց շուրթերից չլսել Կիմի անունը։ Կիմին ճանաչողները, նրա գաղափարակից ընկերներն ամէնը յիշում են Կիմին, աւելին՝ արդէն հասցրել են Կիմի նկարն ամրացնել պատին, միշը զգում են նրա ներկայութիւնը․Կիմին երբէք բացակայ չեն դնելու․․․

Տարօն Ղազարեանը, խօսելով այն փաստի մասին, որ ինքը տուն է վերադարձել հրադադարից աւելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, նշում է՝ նոյնիսկ ռամական գործողութիւններից յետոյ իրավիճակն անկայուն էր, ուստի անգամ հրադադարի պայմաններում վտանգ կար, որ, գուցէ, դիրքերը լքելու դէպքում հակառակորդը առաջանար։

«Ուստի, մենք մնացինք այնքան, որքան անհրաժեշտ էր բանակին, այնքան, մինչև կու գային մեզ փոխարինելու», նշում է Տարօն Ղազարեանը։
Մեր զրոյցի վերջում Տարօն Ղազարեանը, որը մասնագիտութեամբ քաղաքագէտ է, անդրադարձաւ մեր երկրում տիրող իրավիճակին։

«Մենք 2,5 տարի ենք ունեցել՝ համոզուելու համար, որ թէ՛ ճգնաժամային, թէ՛ ոչ ճգնաժամային իրավիճակներում Նիկոլ Փաշինեան ղեկավարն ի զօրու չէ յաջողութիւններ գրանցելու մեր երկրում։ Որևէ մէկը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, անգամ Նիկոլ Փաշինեանին համակրողը չի կարող մատնանշել մէկ կամ, առաւել ևս, մի քանի ձեռքբերում, որոնք Փաշինեանի օրօք են գրանցուել։

Նա իր հետ բերեց անկայունութիւն, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, քանդուած առողջապահական համակարգ, իսկ ամէնածանր կորուստը եղաւ մեր հայրենիքի շատ թանկ հատուածի կորուստը։ Կարծում եմ՝ սթափ դատողութիւն ունեցող մարդը, ՀՀ քաղաքացին չի կարող բերել հիմնաւորումներ, որ վաղը անկախ իրավիճակից՝ պատերազմական, ոչ պատերազմական, լարուած թէ հանգիստ իրավիճակում Նիկոլ Փաշինեանի հետ կարող ենք արձանագրել յաջողութիւններ։ Նա իր բոլոր հնարաւորութիւնները սպառել է, և անգամ

հասարակական ամէնամեծ աջակցութեան պայմաններում նա չի կարողացել յաջողութիւններ արձանագրել», նշեց Տարօն Ղազարեանը։

Նա շեշտեց՝ ընդդիմութեան ներկայացրած վարչապետի թեկնածուն՝ Վազգէն Մանուկեանն, ունի բաւականաչափ խոհեմութիւն․ նա կարևորագոյն յաղթանակների օրերին եղել է պաշտպանութեան նախարար, ճգնաժամային իրավիճակներում՝ վարչապետ, 1996 թուականին եղել է նախագահի յաղթած թեկնածու, սակայն յետոյ, ընտրութիւնների արդիւնքները կեղծուել են, և ամնևին էլ բարդ չէ Վազգէն Մանուկեանի ու Նիկոլ Փաշինեանի միջև ընտրութիւն կատարելը։

«Վազգէն Մանուկեանին՝ որպէս վարչապետի թեկնածու օժանդակելու պայքարում մենք ակտիւօրէն ներգրաւուած ենք և կը գնանք այնքան, մինչև արձանագրենք վերջնական յաջողութիւններ, որովհետև մենք այլևս թշամուն տալու հայրենիք չունենք, մենք այլևս տարիներով ետ ընկնելու ժամանակ չունենք․ Փաշինեանը պէտք է հեռանայ», ընդգծեց Տարօն Ղազարեանը։

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Դաւիթ Գրիգորեանը ևս պատերազմի մասնակից է, նա մասնակցել է Վարանգաթաղ կոչուող բարձունքի պաշտպանութեանը։ Հպարտօրէն ասում է՝ դաշնակցական քաջերից ոչ մէկն այդ օրերին ոչ մի քայլ ետ չի գնացել։

«Մենք ունեցանք ցաւալի կորուստներ, մեր տղաների համար առաջին տեղում հայրենիքն է եղել, որևէ մէկն այնտեղ իր մասին չէր մտածում։ Հայրենիքի պաշտպանութիւնը իւրաքանչիւրիս գլխաւոր նպատակն էր։ Մեզանից իւրաքանչիւրը ամբողջովին կենտրոնացած էր իր մարտական առաջադրանքի վրայ․ մենք հասկանում էինք՝ եթէ Վարանգաթաղը թշնամին վերցնի, ամբողջ Մարտակերտը վտանգի առաջ է լինելու։ Հպարտօրէն կարող եմ ասել, որ մենք այս օրերին կարողացանք կատարել մեզ վստահուած մարտական առաջադրանքը», ասում է Դաւիթ Գրիգորեանը։

Նա նշում է՝ մեր զինուորները կռուել են՝ առանց վարանելու, առանց կեանքը խնայելու և այն ցաւալի կորուստները, որոնք եղան, հնարաւոր չէ հանդուրժել, հնարաւոր չէ հաշտուել այն խայտառակ յայտարարութեան հետ, որը ստորագրուել է․․․ Մասնագիտութեամբ քաղաքագէտ Դաւիթ Գրիգորեանն ասում է՝ ամօթ ու պատկառանք ունեցող քաղաքական գործիչը, առաւել ևս՝ երկրի ղեկավարը, որը երկիրը նման վիճակի է հասցրել, պիտի հնարաւորինս արագ հեռանար։ Նա, ով նման ստորացուցիչ յայտարարութիւն է  ստորագրել, ազգադաւ գործողութիւններ իրականացրել, չպէտք է շարունակի իր ազգակործան գործերը շարունակել։

«Նա հայ չսիրող, հային ատող տեսակ է։ Նրանից ամէն ինչ կարելի է սպասել։ Քաղաքագէտները վերլուծութիւններ են անում, բայց ծանրակշիռ որևէ բան չկայ։ Եթէ մի մարդ Ալիևին կիրթ մարդ է համարում, թո՛ղ կիրթ ձևով մօտենար, իր հարցերը լուծէր։ Նա զրոյից իր բանակցութիւններն էր սկսել, յայտարարում էր, որ Ղարաբաղի հարցը որոշելու է ժողովուրդը՝ Հանրապետութեան հրապարակում, բայց ինքը մի գիշերուայ մէջ ամբողջ ժողովրդի փոխարէն գնաց, նման բան որոշեց՝ թողնելով մեծ քանակութեամբ զինտեխնիկայ, գերիներ, զոհուած տղաների մարմիններ․․․․ նա պիտի հեռանայ․ այլընտրանք չկայ, պիտի հեռանայ, որպէսզի կարողանանք մեր հայրենիքը հանել այս աղէտալի վիճակից», եզրափակեց Դաւիթը։

Յասմիկ Բալէեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.