Մեղրիի փաշինեանական «Խաղաղութեան խաչմերուկը» Թուրանի ճանապարհն է. Վարուժան Գեղամեան

«Պրեսսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը թիւրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

Կուլիսային բանակցութիւնների արդիւնք էր Բերձորի, Սուսի, Աղաւնոյի յանձնումը։ Կայ նաեւ հասարակութեան համար արուող մակերեսային գործընթաց, որը ոչ մի կապ չունի իրական գործընթացների հետ։

– Ատրպէյճանի մարտավարութիւնը պարզ տրամաբանութեան վրայ է կառուցուած։ Կայ մեծ ռազմավարութիւն, որը գաղտնազերծեց Թուրքիայի նախկին վարչապետ Ահմէտ Դաւութօղլուն՝ ասելով, որ հիմա ճիշդ ժամանակն է Հայաստանից ստանալ ամէն ինչ։ Թուրքիայի եւ Ատրպէյճանի մարտավարութիւնն այն է, որ նրանք ցանկացած եղանակով ուզում են ստանալ իրենց ստանալիքը ու դրանք ամրագրել որեւէ փաստաթղթով։ Յիշենք, թէ ինչպէս Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանին ստիպեցին ստորագրել թուղթ։ Ճիշդ է, այն ոչ մի իրաւական հիմք չունի, բայց ամէն դէպքում բազային հիմք է հետագայի համար։

– Ճիշդ նոյն բանն անելու են անկլաւների մասով։ Եթէ ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնը դրանք Ատրպէյճանի մաս է ճանաչել, ուրեմն Ատրպէյճանը կարող է բանակցային գործընթացում ասել՝ դուք ճանաչել էք, ընդ որում՝ միջնորդների ներկայութեամբ, տուէք, յետոյ կը բանակցենք։

– Եթէ նոյնիսկ փոխանակման տարբերակում ՀՀ-ն այդ տարածքները զիջի Ատրպէյճանին, նա այդտեղ տեղակայելու է ռազմական յենակէտեր, եւ ստանալու ենք մեր տարածքում ատրպէյճանական նոր վերահսկողութիւն։ Պատկերացրէք՝ այդ դէպքում Վայոց ձոր եւ Զանգեզուր գնալու համար մենք անցնելու ենք ատրպէյճանական յենակէտերով։ Ատրպէյճանը ոչ միայն ստանալու է հայկական հողերը, այլեւ Հայաստանը լիարժէք շրջափակելու հնարաւորութիւն։ Սակայն Ատրպէյճանը երբեք չի խօսել տարածքների փոխանակումների մասին։

– Եթէ անգամ Արծուաշէնը տան, այն մեզ ռազմավարական նոր բան չի տալիս Ատրպէյճանի նկատմամբ։ Այնտեղ որեւէ մէկը չի գնալու ապրի, ռազմական իմաստով այն հնարաւոր չէ պահել, անվտանգային խնդիրները հնարաւոր չի լինելու լուծել։

– Եթէ Ատրպէյճանը ստանայ անկլաւները, պահանջելու է դէպի այդ անկլաւները գնացող ուղիներ։ Դրանք լինելու են միջանցքներ։

– Թուրքիայի պետական ռատիոհեռուստաընկերութեան՝ TRT հրապարակած քարտէզն է, որտեղ ներկայացւում է, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը։ Դա ոչ թէ տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղութիւնը։ Դա «թիւրքական աշխարհի» միաւորումն է, ինչպէս որ վկայում է քարտէզի վերնագիրը։

Մուգ գոյնով քարտէզում նշուած են թիւրքախօս պետութիւնները, որոնց փորձում է միաւորել Թուրքիան։

– Թուրքական պետութիւնը 2020 թ․ Նոյեմբերի 9-ից յետոյ աշխատում է Զանգեզուրի միջանցքի ուղղութեամբ, վերջին ժամանակներում՝ գրեթէ ամէնօրեայ ռեժիմով։ Այն անուանում են Թուրանի ճանապարհ։ Արցախի Հանրապետութիւնը չկայ, այն օկուպացուած է, մնում է ՀՀ Սյունիքի մարզի 40 կմ հատուածը, ինչպէս իրենք են ասում, «այդ անիծեալ սեպը»։ Խօսքը Մեղրիի հովտի մասին է։ Զանգեզուրի միջանցքը ոչ թէ տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է։ Սա, ի դէպ, հենց Էրտողանն է ասել։ Թուրքերն այդ ճանապարհների համար փորձելու են ստանալ յատուկ կարգավիճակ։ Եթէ դա չստացուի, դիւանագիտական գործիքի փոխարէն՝ կը փորձեն օգտագործել ռազմական գործիքը։

Մեզ համար էական է Հիւսիս-Հարաւ ճանապարհային նախագիծը։ Այն, բացի մեզնից, լիարժէք համապատասխանում է նաեւ Իրանի եւ Վրաստանի շահերին։ Մինչդեռ Հայաստանի իշխանութիւնը պետական պիւտճէից 250 միլիոն տոլար գումար է ծախսում Թուրքիայի եւ Ատրպէյճանի շահերը սպասարկող երկաթուղին կառուցելու համար։ Արդիւնքում՝ մինչեւ տարեվերջ պատրաստ կը լինի թուրքական ճանապարհը, իսկ այս, մեզ համար կարեւոր Հիւսիս-Հարաւի կառուցումը յայտնի չէ՝ երբ կը սկսուի, երբ կ’աւարտուի։

– Հայկական պետութիւնն ի վիճակի չի լինելու կենսունակ լինել առանց Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերի։ Կը դառնանք ֆորմալ պետութիւն։

Հայաստանի այսօրուայ տարածքը, իր ողջ խոցելիութեամբ հանդերձ, շարունակում է լինել աշխարհաքաղաքական գործօն։

– Եթէ թշնամին նպատակ ունի Սիւնիքում ունենալ յատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, որից յետոյ սկսուելու է Սիւնիքի սողացող նուաճումը, նրա համար մէկ է՝ դա կը ստանայ Նոյեմբերի 9-ի փաստաթղթո՞վ, թէ՞ այլ եղանակով։

– Մենք հիմա բոլորս հարկեր ենք վճարում, որպէսզի Ատրպէյճանը մեր տարածքով ճանապարհ ունենայ։

– 2020թ.-ից յետոյ Թուրքիան եւ Ատրպէյճանը ոչ միայն չեն պակասեցրել համատեղ զօրավարժութիւնների քանակը, ինչը պահանջում էր խաղաղութեան պայմանագրի տրամաբանութիւնը, այլեւ աւելացրել են այն՝ տարեկան հասցնելով մինչեւ 20-ի։ Գնում է տարածքի լիարժէք ռազմականացման գործընթաց։ Իսկ Հայաստանը ոչ մի զօրավարժութիւն չի անցկացրել։

– Որպէսզի իրականութեան մասին հարցեր չծագեն, այս իշխանութիւնները հասարակութիւնից թաքցնում են այն։ Տէ ֆակտօ իշխանութիւնները զբաղւում են միայն իշխանութեան անվտանգութեամբ ու իրենց իշխանութիւնը պահելով։

– Ատրպէյճանին ագրեսիայի համար ոչինչ չի խանգարում։ Մենք զօրավարժութիւն չենք արել․ դա խանգարե՞լ է, որ Ատրպէյճանը նուաճի Հայաստանի տարածքը։ Իւրաքանչիւր նոր զիջում կանաչ լոյս է Ատրպէյճանի համար։

– Մենք տեսանք, թէ ՀՀ անձնագիր ունեցող 120,000 մարդ ինչպէս մի օրում առանց հովանաւորի բռնեց գաղթի ճամբան։

– Վերջին 1.5 տարում Թուրքիան ընդհանրապէս չի խօսում «3+3» ձեւաչափի մասին։ Փոխարէնը՝ դրա մասին ակտիւօրէն խօսում են Իրանն ու Ատրպէյճանը։ Այս պետութիւններն Արեւմուտքն ընկալում են՝ որպէս բաց սպառնալիք։ Իսկ Թուրքիան, որքան էլ տարանջատուի, ընկալւում է՝ որպէս Արեւմուտքի ներկայացուցիչ։ Հայաստանի համար լաւ է, որ Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են։ Բայց այնուամենայնիւ, «3+3» ձեւաչափը մեռելածին նախագիծ է, ու բոլորը դա հասկանում են։

– Շատ բան կախուած է ռուսական էլիտաների վերափոխումից։ Որքան շուտ տեսնեն թուրքական վտանգը, այնքան լաւ մեզ համար։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Comments are closed.