Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ

Horizon Weekly Newspaper

Աշխարհասփիւռ հայ համայնքները եւ Հայաստանի մեր հայրենակիցները ցնցուել են վարչապետ Փաշինեանի դիտարկումներից՝ արուած 2025 թ․ Յունուարի 24-ին, Զուիցերիայի մի խումբ սփիւռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց ցեղասպանութեանը անդրադառնալիս նրա մեկնաբանութիւնները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ։ Հայոց ցեղասպանութիւնը պատմութեան ապացուցուած, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի եւ նրա խորքային պետութեան ժխտողական քաղաքականութիւնից։ Աւելի քան 30 երկրներ, այդ թւում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսան, Գանատան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ պաշտօնապէս ճանաչել են իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն։ Հայոց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն Էրտողանից եւ նրա հետեւորդներից։

Արդեօ՞ք պարոն Փաշինեանը միացել է Էրտողանի կողմից ճշմարտութեան յամառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատուած է բազմաթիւ արձանագրութիւններում: Սա դաւաճանութիւն է ազգի նկատմամբ, ճշմարտութեան ժխտում՝ «եկէք նայենք սրան եւ տեսնենք, թէ իրականում ինչ է եղել» ռեւիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թէ որոնք են իր շարժառիթները։

Գուցէ, իսկապէս, նա Էրտողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտութիւնը՝ կասկածի եւ շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թոյլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլիատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորութեան մէջ գցեն։

Նիկոլ Փաշինեանը պարտաւոր է պաշտօնապէս եւ բացայայտ ներողութիւն խնդրել իր անպատասխանատու եւ վիրաւորական արտայայտութիւնների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակը։

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ
Լոնտոն 2025 թ․ Փետրուար