Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել յանուն Արցախի. Յայտարարութիւն՝ Արցախից
Դատապարտում ենք այսօր ՀՀ իշխանութիւնների կողմից տասնեակ քաղաքացիների, այդ թւում նաեւ Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի հանդէպ բռնի ուժի կիրառմամբ հաշուեյարդար տեսնելու դէպքերը եւ, ըստ այդմ, օրեցօր թափ առնող ժողովրդական շարժումը բիրտ ուժի միջոցով ճնշելու փորձերը:
Այդօրինակ բռնութիւնները ՀՀ իշխանութիւնների կողմից ուղղուած են սեփական ժողովրդին զրկելու իր սահմանադրական իրաւունքների իրացման հնարաւորութիւնից:
Նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից յետոյ, բացարձակապէս կտրուած լինելով իրականութիւնից, Նիկոլ Փաշինեանը շարունակում է իր ձախողումների մեղքը բարդել նախկին իշխանութիւնների, բանակի ու ժողովրդի վրայ՝ զուգահեռաբար տարածելով քաղաքացիական բախումներ հրահրող յայտարարութիւններ:
Չնայած Արցախում ստեղծուած ծանր քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգային իրավիճակին, մեզ առաւել մտահոգում է ՀՀ գործող իշխանութիւնների մեղքով ստեղծուած կացութիւնը: Համայն հայության յոյսի կերոն Հայաստանի Հանրապետութիւնը վտանգուած է:
Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել յանուն Արցախի, յանուն Հայոց պետականութեան, յանուն արժանապատիւ ապագայի: Եւ այդ ապագայի համար պայքարը միասնական ճակատով հայութեան բոլոր հատուածների սրբազան պարտքն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէ
Արցախի Արդարութիւն կուսակցութիւն
Արցախի Ժողովրդավարական կուսակցութիւն
23 փետրվարի 2021թ.