Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ներկայ դրութիւնը
- (0)

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղիղ մէկ տարի առաջ այս օրերին «Հորիզոն»-ում տպագրուեց մեր` «Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանի միջազգայնացումը» վերնագրով յօդուածը, որտեղ հաշուի առնելով դրան նախորդող ժամանակահատուածի որոշ զարգացումներ` կարծիք էինք յայտնել, որ նշմարւում է ղարաբաղեան հակամարտութեան, դրա հետեւանքների ու դրանց յաղթահարման հետ կապուած խնդիրների որոշակի միջազգայնացում` միջազգային յարաբերութիւնների առանձին դերակատարների կողմից: Մասնաւորապէս 2024-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ առարկայական եւ կարեւոր ուղերձներ էին հնչել ինչպէս միջազգային տարբեր կեդրոններից, այնպէս էլ առանձին պետութիւններից, որոնք արժանի էին յատուկ ուշադրութեան, յատկապէս` Գանատայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Հոլանտայից, Զուիցերիայից ու Աւստրալիայից ստացուած ուղերձները:
Յիշեալ եւ բազմաթիւ այլ առիթներով, այդ թուում նաեւ «Հորիզոն»-ում տպուած մի շարք յօդուածներով նշել ենք, որ Հայ դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնը շարունակում է մնալ ղարաբաղեան հիմնախնդրի շարունակական միջազգայնացումը, ինչն ապահովւում է տարբեր գործողութիւններ իրականացնելով եւ քաղաքական նպատակներ հետապնդելով` ըստ երկրների ու միջազգային կազմակերպութիւնների: Այս օրակարգը ներառում է` արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, գերիների ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքի հակաբռնագրաւման, Ատրպէյճանի եւ դրա առանձին պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ այլ խնդիրների վերաբերեալ միջազգային խօսոյթ ընդհանրացնելով, տարբեր բնոյթ ունեցող փաստաթղթերի ընդունում ապահովելով եւ ի վերջոյ գործնական քաղաքականութեան վրայ ազդեցութեամբ:
Օգոստոսի 8-ի ուաշինկթընեան համաձայնութիւններից յետոյ ոմանց մօտ կարող էր տպաւորութիւն ստեղծուել, որ ձեռք բերուած համաձայնութիւնների եւ, յատկապէս` ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարման պայմաններում, ղարաբաղեան հիմնախնդիրը հետապնդելու ցանկացած փորձ այլեւս ենթակայ է դատապարտման: Ի տարբերութիւն յարմարուողական այդ հոսանքների` Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չհեռացաւ իր նպատակների հետապնդումից:
Սոյն յօդուածով նպատակ ունենք անդրադառնալու վերջին ամիսների այս զարգացումներին, որոնք յստակ ցուցիչ են այն հանգամանքի, որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ, որ` դրա շուրջ կայ միջազգային աճող ընկալում, եւ որոնք ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ պայմաններում հնարաւոր են դարձել Հայ դատի համակարգի հետեւողական աշխատանքների արդիւնքում:
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Վերջին ամիսների ընթացքում ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում ամերիկեան քաղաքական վարքը գնահատելու համար յիշատակման են արժանի հիմնականում չորս քաղաքական իրադարձութիւններ:
Նախ` Յուլիսի 22-ին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Քոնկրեսի աւելիքան ութսուն անդամներ, որոնք, ըստ էութեան, ներկայացնում են քսանչորս նահանգները` ընդգրկելով աւելի քան 66 միլիոն ամերիկացիների, արտաքին գործոց նախարար որոնք Մարքօ Ռուպիոյին կոչ արեցին` ապահովել բռնագաղթուած հայերի «համախմբուած, պաշտպանուած եւ արժանապատիւ վերադարձը» իրենց բնօրրան` Արցախ, միջազգային իրաւունքի շրջանակներում եւ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման նպատակով: Նամակի նախաձեռնողներն էին Քոնկրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները:
Քոնկրեսականները վարչակազմին յատուկ կոչ էին անում աջակցել Զուիցերիայի խորհրդարանի կողմից ընդունուած խաղաղութեան նախաձեռնութեանը, որը նպատակ ունի` «ստեղծել միջազգային բանակցային հարթակ` ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանուած եւ միջազգային երաշխիքներով վերադարձը»: Աւելի վաղ, յուլիսի 10-ին զուիցերիական այս նախաձեռնութիւնը լայնօրէն քննարկուել է Քոնկրեսում կայացած յատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին` Քոնկրեսի աւելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ քաղաքական վերլուծաբաններ: Միջոցառմանը ելոյթ էին ունեցել` Զուիցերիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոպելը եւ Լուքաս Ռայմանը, Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն կազմակերպութեան նախագահ Ճոն Այպնըրը եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի յանձնախմբի քաղաքական հարցերով տնօրէն Ալեքս Կալիցքին:
Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից շուրջ մէկ շաբաթ անց, շատերի համար գուցէ անսպասելի, արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակեց Ատրպէյճանում մարդու իրաւունքների մասին 2024-ի զեկոյցը, որում տեղ գտան խիստ առարկայական դիրքորոշումներ:
Զեկոյցը փաստում է, որ Ատրպէյճանում տեղի են ունեցել` կամայական սպանութիւններ, խոշտանգումներ, ապօրինի ձերբակալութիւններ եւ հետապնդումներ, իսկ կառավարութիւնը չի ձեռնարկել քայլեր` մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու համար: Ներկայացւում են Մ․Ա․Կ․-ի եւ «Ֆրիտըմ հաուս»-ի տուեալներ, որոնք վկայում են Ատրպէյճանի կողմից հայկական ծագումունեցող անձանց նկատմամբ խախտումների, ռազմագերիների հարկադիր անհետացումների եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափման մասին: Օրինակ, նշւում է, որ Մ․Ա․Կ․-ի փորձագէտները 2024-ի սեպտեմբերի 27-ին մտահոգութիւն են յայտնել` կապուած «2020-ին Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի եւ մէկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ատրպէյճանը այդ մասին ամբողջ տարուայ ընթացքում որեւէ պատասխան չի տուել: Ըստ զեկոյցի, «Ֆրիտըմ հաուս»-ը եզրակացրել է, որ Ատրպէյճանը իրականացրել է ցեղային զտում` կոչ անելով միջազգային պատժամիջոցների եւ իրաւական քայլերի: Նշւում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ բնակավայրերի աւերումը:
Ինչպէս ասուեց, զեկոյցի հրապարակումը տեղի է ունեցել Ամերիկայի միջնորդութեամբ ձեռք բերուած` Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղութեան գործարքից» ընդամէնը մի քանի օր անց: Հետաքրքիր է, որ ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնները լայնօրէն քննադատւում են հենց այն յանցագործութիւնները անտեսելու համար, որոնց արտաքին գործոց նախարարութիւնը անդրադարձելէ:
Արդէն Սեպտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից աջակցուող փոփոխութիւնը` «2026-ի արտաքին գործոց նախարարութիւնը լիազօրութիւնների մասին օրինագծում», որը պարտադրում է արտաքին գործոց նախարարութիւնը` ապահովել հայ ռազմագերիների ազատարձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը, աջակցել Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի իրացմանը:
Արդէն հոկտեմբերի 4-ին Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հաղորդեց, որ Քոնկրեսի Հայկական հարցերով յանձնախմբի եւ ամերիկահայ համայնքի հետեւողական ջանքերից յետոյ, Սպիտակ տան վարչակազմը աննախադէպ քայլ է արել` յայտարարելով, որ Միացեալ Նահանգները աշխուժօրէն խրախուսում է թէ՛ Երեւանին, թէ՛ Պաքուին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը ԼեռնայինՂարաբաղ»: Ի պատասխան Յուլիսի 22-ի նամակի` Քոնկրեսի Հայկական հարցերով յանձնախումբը Սեպտեմբերի 25-ին ստացել է արտաքին գործոց նախարարութիւնը գրութիւնը, ըստ որի, Միացեալ Նահանգները «անմիջականօրէն հետեւում են Ատրպէյճանում անօրինաբար կալանաւորուած էթնիկ հայերի դատավարութիւններին»: Միաժամանակ նախկինում չյայտարարուած տեղեկատուութեամբ հաստատւում է, որ` «Ամերիկայի դեսպանութեան աշխատակիցները Պաքուում ներկայ են լինում դատական նիստերին, երբ դա հնարաւոր է»: Նամակը եզրափակւում է` ընդգծելով, որ արտաքին գործոց նախարարութիւնը շարունակում է «կոչ անել Ատրպէյճանի կառավարութեանը` պաշտպանել Լեռնային Ղարաբաղում գտնուող հայկական մշակութային ժառանգութիւնը»:
Այսպիսով ամերիկեան գործադիր իշխանութիւնը այս քայլով փաստօրէն համերաշխութիւն է յայտնում Քոնկրեսի քաղաքական դիրքորոշմանը եւ ըստ էութեան ընդունում, որ ամերիկեան պետական քաղաքականութիւնը ճանաչում է եւ քայլեր է ձեռնարկում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման եւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ, իսկ գերիների խնդիրը գտնւում է անմիջական մշտադիտարկման պայմաններում:
Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից յետոյ յատկապէս, ամերիկեան քաղաքական այս վարքը մի կողմից անակնկալ էր, մէկ կողմից Հայ դատի յանձնախմբի հետեւողական աշխատանքի արդիւնք, իսկ միւս կողմից` Ատրպէյճանի դէմ գուցէ ամերիկեան նոր լծակ` Պաքուին վերահսկելի պահելու համար:
Այս արդիւնքին նախորդել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից համայնքային ճնշման հսկայական աշխատանք, այդ թուում` հարիւրաւոր ամերիկահայերի կողմից advocasy days-երի (ջատագովման օրերի) կազմակերպում Քոնկրեսում, յանձնախմբի ելեկտրոնային յատուկ համակարգով մի քանի տասնեակ հազար ամերիկահայերի ներգրաւում եւ դիմումների ապահովում:
Գանատա
Շարունակում է էապէս արժեւորելի եւ գնահատանքի արժանի մնալ Գանատայի պետական դիրքորոշումը: Օգոստոսի 10-ին Գանատայի արտաքին գործերի նախարար Անիթա Անանտը, հանդէս գալով ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ, ի թիւս այլնի նկատել է. «Դիւանագիտական բանակցութիւնների միջոցով ձեռք բերուած այսպիսի համաձայնութիւնները յստակ ուղի են բացում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համապարփակ խաղաղութեան համար, որը կ՛օգնի լուծել մնացած խնդիրները, այդ թուում` բոլոր հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովումը, ինչպէս նաեւ` մշակութային ժառանգութեան պահպանումը: Նախարար Անանտը յղում է արել նոյնիսկ ինքնորոշման իրաւունքին` նշելով, որ Գանատան պատրաստակամ է աջակցել ապագայ ցանկացած մեքանիզմի (գործիքակազմի), որը կ՛ապահովի` ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականութեան յարգումը ե ւինքնորոշման իրաւունքը:
Պելճիքա
Վերջին շրջանում Եւրոպայում մեզ համար խիստ յատկանշելի երկիր է դարձել Պելճիքան: Բանն այն է, որ Պելճիքայի դաշնակցային կառավարութեան 2025-2029-ի գործունէութեան ծրագրում յատուկ տեղ է յատկացուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը, եւ առկայ է յստակ պահանջ ուղղուած Ատրպէյճանին` ապահովել արցախահայութեան ապահով վերադարձի իրաւունքը: Պելճիքայի խորհրդարանը նոյնպէս ուշադիր է ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանի վերաբերեալ: 2025-ի յուլիսի 18-ին Պելճիքայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը` Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան անհրաժեշտութեան վերաբերեալ» բանաձեւը:
Բանաձեւը կոչ է անում Պելճիքայի կառավարութեանը` աջակցել Ատրպէյճանի գործողութիւնների միջազգային հետաքննութեանը, խորացնել համագործակցութիւնը Հայաստանի հետ, պահանջել 2023-իսեպտեմբերի 19-ից յետոյ կալանաւորուած բոլոր հայ ռազմագերիների անյապաղ ազատում` նրանց հիմնարար իրաւունքները եւ արդարութիւն ապահովելով, եւ Եւրոպական Միութեան շրջանակներում նպաստել նպատակային պատժամիջոցների կիրառմանը այն անձանց թէ կազմակերպութիւնների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի խախտումների, մշակութային ժառանգութեան ոչնչացման, մարդու իրաւունքների խախտումների եւ Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող գործողութիւնների համար:
Ատրպէյճանին յորդորւում է` բաւարարել միջազգային պարտաւորութիւններին ու իրաւասուատեանների որոշումները, երաշխաւորել Լեռնային Ղարաբաղի ցեղային հայերի իրաւունքներն ու իրենց անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողութեամբ, դադարեցնել ապակառուցողական հռետորաբանութիւնն ու ռազմական գործողութիւնները Հայաստանի դէմ, ներգրաւուել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխօսութեան մէջ` նրանց անվտանգութիւնն ու իրաւունքները երաշխաւորելու նպատակով, թոյլատրել անկախ բժշկական խմբերի այցելութիւն կալանաւորուածներին զննելու նպատակով, պաշտպանել հայկական մշակութային ժառանգութիւնը, թոյլատրել ԵՈՒՆԵՍՔՕ-ի մշտադիտարկում, դուրս բերել զօրքերը Հայաստանի տարածքից:
Յատկանշական է նաեւ, որ բանաձեւի այս նախագիծը Պելճիքայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում քննարկուել էր դեռեւս ապրիլի 2-ին անցկացուած լսումների ընթացքում, որին հայկական կողմից հրաւիրուած էին մասնակցելու Պելճիքայի թագաւորութիւնում Հայաստանի դեսպանն ու Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը:
Զուիցերիա
Այս ընթացքում շարունակւում, թէեւ դանդաղ, բայց կայուն թափ է հաւաքում «Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան զուիցերիական նախաձեռնութիւնը», որն ամբողջապէս վայելում է Հայ դատի համակարգի զօրակցութիւնն ու գործնական օժանդակութիւնը:
Քննարկման բաւական ծաւալուն նիւթ է Եւրոպական Միութեան դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հետեւանքների վերաբերեալ, ինչին հաւանաբար կ՛անդրադառնանք առաջիկայում, սակայն այս յօդուածում արժէ անդրադառնալ գոնէ Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան վերջին Քոնկրեսին:
Քոնկրեսի բանաձեւերից մէկում, որ կրում էր «Խաղաղութեան, բարօրութեան եւ ներառականութեան խթանումը Եւրոպայում եւ նրա հարեւան տարածաշրջաններում» վերնագիրը, պարունակում էր ՀՅԴաշնակցութեան կողմից նախապէս ներկայացուած կարեւոր դրոյթներ: Մասնաւորապէս`
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղուած են խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան ապահովմանը Հարաւային Կովկասում, մասնաւորապէս` Հայաստանում Եւրոպական Միութեան քաղաքացիական առաքելութեան տեղակայման միջոցով: Ատրպէյճանը պէտք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողութեան ներքոյ եւ պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգութիւնը: Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը Ատրպէյճանի ժողովրդավարական ընդդիմութեանը: Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինկի(դիտարկման) կարեւորութիւնը, ներառեալ` օրէնքի գերակայութիւնը, դատական անկախութիւնը եւ քաղաքական ազատութիւնների պաշտպանութիւնը»:
Այս բանաձեւի կարեւորութիւնը ի թիւս այլնի կայանում է նաեւ նրանում, որ Եւրոպայի ընկերվարականների կուսակցութիւնը, որ եւրոպական աշխարհամասում ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական ու աշխատաւորական կուսակցութիւններ միաւորող խոշորագոյն քաղաքական միաւորն է, որը պատկառելի ներկայութիւն ունի ինչպէս Եւրոպական խորհրդարանում ուգործադիր իշխանութեան մարմիններում, անդամ իշխող կուսակցութիւններ ունի եւրոպական տարբերերկրներում, ընդունում է մի բանաձեւ, որի տրամաբանութիւնից եւս բխում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ:
Այսպիսով, ակնյայտ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի շարունակական միջազգայնացմանը միտուած` Հայ դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւնը ոչ թէ իրականութիւնից կտրուած մերկապարանոց քաղաքական ցանկութիւն է, այլ` քաղաքական յստակ ծրագրումի եւ հետեւողական աշխատանքի պայմաններում ամբողջապէս իրատեսական գործընթաց, որի առաջին արդիւնքներն արդէն իսկ առկայ են:
Ի հարկէ պէտք է հաշուի առնել, որ արդէն իսկ արձանագրուած արդիւնքներին հնարաւոր է եղել հասնել` ներքին ու արտաքին քաղաքական խիստ անբարենպաստ պայմանների, միջազգային յարաբերութիւնների շարունակական անկայունութեան, խոշոր վերադասաւորումների, նոր աշխարհակարգի ձեւաւորման, իսկ Հայաստանում յանձնուողական կառավարութեան իշխանութեան պայմաններում, որը ոչ միայն չի նպաստում ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացմանը, այլեւ ուղղակի հակառակ պայքարի մէջ է: Այս բոլորը ի հարկէ ենթակայ են փոփոխութեան ժամանակի ընթացքում. այն աշխատանքը, որ ներկայումս արւում է Արցախի հարցում, հետագայում լաւ մեկնակէտ է լինելու ազգային նպատակներ սպասարկող ցանկացած կառավարութեան համար, ղարաբաղեան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականութեան տիրոյթ վերադարձնելու համար:
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի
Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու