ՀՕՄ-ի բոլոր միաւորները միասնական կամքով նիւթապէս եւ բարոյապէս սատար կանգնեցին արցախցիներին

Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Մելանիա Բալայեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է միաւորի խնդիրների, տեղահանութիւնից յետոյ իրականացուած ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան որոշմամբ՝ Արցախի միաւորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ներքոյ՝ որպէս «Արցախ» մասնաճիւղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Մ․ Բալայեանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից յետոյ առաջնային խնդիրը կապուած էր ՀՀ տարբեր բնակավայրերով սփռուած ՀՕՄ-ուհիների մասին տեղեկութիւններ հաւաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:

Նրա խօսքով՝ ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միաւորները միասնական կամքով նիւթապէս եւ բարոյապէս սատար կանգնեցին արցախցիներին։ Տեղահանութիւնից յետոյ Հայաստանի Շրջանային վարչութեան ծրագրերն ուղղուած էին արցախահայութեան օժանդակութեանը, որին անմիջական մասնակցութիւն է ցուցաբերել ՀՕՄ-ի Արցախի միավորը՝ իր գործունէութիւնը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան գրասենեակում:

«Մեր ՀՕՄ-ուհիներն ակտիւօրէն մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտութեան սննդի, հիգիենայի տուփերի պատրաստման եւ տրամադրման աշխատանքներին: Կարճաժամկէտ ծրագրերով շուրջ 10000 ընտանիքների յատկացուել է տարբեր տեսակի օժանդակութիւն՝ դրամական, նուէր–քարտերի, սննդիարկղերի, անկողնային պարագաների, ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի, հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխուել են ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճիւղերի եւ ՀՅԴ կոմիտէների միջոցով»,- յայտնել է Մելանիա Բալայեանը:
2024 թ․ Փետրուարին դրամական օժանդակութիւն է տրամադրուել Գորիսում եւ շրջակայ գիւղերում բնակութիւն հաստատած Արցախից տեղահանուած 53 կարիքաւոր ընտանիքի։ Օգնութիւնը տրամադրուել էր ՀՕՄ–ի Արեւմտեան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապէս ճշդուած ցուցակներով։

ԱՄՆ Արեւելեան շրջանի կողմից դրամական օգնութիւն է տրամադրուել Խնձրիստանից տեղահանուած 50 ընտանիքի՝ առաջնահերթութիւն տալով Խնձրիստանի «Սօսէ» մանկապարտէզների սանիկների, զոհուած եւ պայթիւնից վիրաւորուած, ինչպէս նաեւ բազմազաւակ ընտանիքներին։
Կեդրոնական վարչութեան որոշումով 40000 դրամ (100 ԱՄՆ $) արժողութեամբ «Երեւան սիթիի» սննդային քարտեր են տրամադրուել 847 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկուել են 2023 թ․ Սեպտեմբերի 19-ին եւ 25-ին մարտական գործողութիւնների եւ պայթիւնի հետեւանքով զոհուած, անյայտ կորած եւ գերի ունեցող ընտանիքները, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի եւ ուղեկից կառոյցների անդամները։

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով՝ երկարաժամկէտ ծրագրերի շրջանակում նախատեսւում է իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղաւորման, հոգեբանական, առողջապահական, իրաւա–խորհրդատուական ծրագրեր։

Նա նշել է, որ արցախահայութեան օժանդակութեան ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միաւորը հետեւողականօրէն շարունակել է նաեւ իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհուած հերոսների զաւակներ» ծրագրում ընդգրկուել են նաեւ 2023 թ․ Սեպտեմբերի 19-ի մարտական գործողութիւնների եւ Սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով զոհուածների ու անյայտ կորածների անչափահաս երեխաները։ Առ այսօր ծրագրում ընդգրկուել են 360 նոր երեխաներ։

ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ տոլար է տրամադրուել 2023-2024 ուս․ տարուայ ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երեւանի ԲՈՒՀ-երում սովորող արցախցի երկու ուսանողների։

Մելանիա Բալայեանը յաւելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գիւղից այն կողմ հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պէտք է սրբել արցունքները եւ յանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելութիւնը»,- աւելացրել է նա։

Տաթեւիկ Աղաճանեան

Comments are closed.