ՀՅ Դաշնակցութիւնը շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների եւ պատանիների կողքին

Օգոստոսի 4-9-ը Բիւրականում ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը  ՀՅԴ Ֆրանսայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան  աջակցութեամբ կազմակերպել էր ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան 5-րդ համաարցախեան պատանեկան բանակում։

Բանակումը, որը կրում էր «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» խորագիրը մասնակցել են 12-16 տարեկան Արցախից՝ 170, իսկ ՀՅԴ Հայաստանի պատանեկան միութիւնից՝ 10 պատանիներ։

Բանակումի ընթացքում պատանիները սովորել են ազգային երգ ու պար, ունեցել սպորտային եւ ինտելեկտուալ մրցոյթներ, լսել դասախօսութիւններ՝ հայոց պատմութեան, մեդիագրագիտութեան, ժողովրդական երգերի, առաջին բուժօգնութեան, կրակային պատրաստութեան եւ այլ թեմաներով, իսկ սովորածը կիրառել նաեւ պրակտիկայում։

Պատանիներն օրուայ ընթացքում իրենց սովորած կանչերը, երգերն ու պարերը ամփոփում էին երեկոյեան խարոյկի շուրջ։

Տարբեր դասախօսութիւններով պատանիներին այցելել են քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտի մասնագէտներ։

Պատանիներին այցելել եւ նրանց հետ զրուցել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանը, ով տասնամեակներ շարունակ իր ներկայութիւնն է ունեցել Արցախեան մշակութային կեանքում։ Պատանիների համար դասախօսութեամբ հանդէս է եկել նաեւ ՏՏ ոլորտի մասնագէտ Ժիրայր Պէօճէքեանը։

Բանակումի պաշտօնական փակմանը ներկայ էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ընկ․ Արա Պուլուզեանը, ՀԱՍԵ Արցախի թեմի հոգեւոր հայր Տէր Մինաս քահանայ Մովսիսեանը, ՀՅԴ ՀԵՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամները եւ ընկերները, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի վարչութեան անդամները եւ ծնողները։

Բանակումի պաշտօնակման փակմանը պատանիները հիւրերին ներկայացրին իրենց սովորած կանչերը, երգերը եւ պարերը։ Միջոցառմանը ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բանակումը, որը առաջին անգամ է կազմակերպուել Հայաստանում, արդէն իրողութիւն է եւ այն յաջողուել է, ինչի համար շնորհակալութիւն յայտնեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միութիւններին, ՀՅԴ Ֆրանսայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեանը, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի Կեդրոնական վարչութեանը, ՀՄԸՄ Արցախի մասնաճիւղին՝ բանակումի կազմակերպմանը աջակցելու համար։

«Բանակումի կազմակերպումը պայմանաւորուած է եղել օրուայ հրամայականով։ Մենք նպատակ ունէինք միաւորել արցախցի պատանիներին, որպէսզի նրանք չկորցնեն իրար, որպէսզի մենք բոլորս մեր սրտերում վառ պահենք Արցախը, եւ կարծում եմ այս մի քանի օրերի ընթացքում մենք մեզ զգացել ենք Արցախում, եղել ենք այնպէս, ինչպէս կը լինէինք Արցախում։ Այս բանակումը նպատակ ունէր արցախցի պատանիների մէջ կոտրել այն կարծրատիպը, որ եթէ իրենք Արցախում չեն, ուրեմն հայրենիքում չեն», ասել է Վ․ Խաչատրեանը։

Բանակումի ընդհանուր պատասխանատու Արմոնտ Թահմազեանն իր խօսքում ասաց, որ բանակումը բաւականին յաջողուած ու տպաւորիչ էր․
«Բանակումի յաջող ընթացքն ու աւարտը նախ եւ առաջ պայմանաւորուած է պատասխանատու կազմի ուսերի վրայ, ինչը նշանակում է, որ Արցախից, Հայաստանից եւ Ֆրանսայից երիտասարդները միաւորուելով կարողացել են աւելի քան 180 պատանիների համար այնպիսի բանակում կազմակերպել, որ այն միշտ կը մնայ մասնակից պատանիների յիշողութիւնների մէջ», ասել է Ա․ Թահմազեանը։

ՀՅԴ Ֆրանսայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութիւնից Նիկոլայ Աւետիսեանը նշեց, որ տեղի ունեցած բանակումը ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան հետ ունեցած բազմաթիւ յաջող ծրագրերից մէկն է։

«Մենք ՀՅԴ ԱԵՄ-ի հետ նախքան 2020 թ․ պատերազմը եւ յատկապէս պատերազմից յետոյ բաւականին ծրագրեր ենք կազմակերպել, եւ այս բանակումը դրանցից մէկն է։ Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ «Նոր Սերունդ»ը մշտապէս կանգնած է ՀՅԴ ԱԵՄ-ի եւ արցախցիների կողքին եւ ամէն ինչ անելու է, որ այս ծանր շրջանում արցախցիներն իրենց մենակ չզգան», նշել է նա։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանն էլ իր խօսքում շնորհակալութիւն է յայտնել կազմակերպիչներին եւ նշել, որ ՀՅ Դաշնակցութիւնը իր առաքելութեանը հաւատարիմ՝ շարունակելու է ծառայել հայ ժողովրդին տարբեր ասպարէզներում։

«Շատ ուրախ ենք, որ կարողացանաք կազմակերպել այս բանակումը ՀՅԴ Ֆրանսայի «Նոր Սերունդ», ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միութիւնների աջակցութեամբ։  Վստահ եղէք, որ ՀՅ Դաշնակցութիւնը ամենատարբեր ծրագրերով շարունակելու է լինել Արցախցի երիտասարդների եւ պատանիների կողքին։ Յոյս ունեմ, որ այն ընկերութիւնը, որը ձեւաւորուել է այստեղ, չի աւարտուի այստեղ, այլ կը շարունակի ամբողջ կեանքի ընթացքում», նշել է նա։

Միջոցառմանը պատանիներին օրհնել է ՀԱՍԵ Արցախի թեմի հոգեւոր հայր Տէր Մինաս քահանայ Մովսիսեանը, աղօթել նրանց հետ եւ նրանց մաղթել, որ երբեք չյուսահատուեն ու շարունակեն իրենց գործը՝ հայրենասիրութեան ճամբով։

Բանակումի վերջին օրը հիւրերն ու պատանիները միասին ընթրել են, որից յետոյ օրն աւարտել Խարոյկի մօտ, որտեղ պատանիների համար երգել է սիրուած երգիչ Սամուէլ Երանեանը։

Վ․ Խաչատրեան

Comments are closed.