ՀՅԴ ներկայացուցիչները եւրոպական մի շարք պետութիւնների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան առաջնահերթութիւնը

Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատաւորների կուսակցութեան հիւրընկալմամբ, Մալագայում գումարուել է Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպութեան գլխաւոր ժողովն է, որը ճշդում է կազմակերպութեան քաղաքական առաջնահերթութիւնները, գործունէութեան ուղենիշները, ընտրում նոր ղեկավարութիւն։ ՀՅ Դաշնակցութիւնը, իբրեւ դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թուականից։ ՀՅԴ պատուիրակութիւնը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալպանտեանը, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը եւ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի յանձնախմբի նախագահ Յակոբ Գազանճեանը։

ՀՅ Դաշնակցութեան պատուիրակութիւնն ակտիւօրէն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնեակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թուում եւրոպական մի շարք պետութիւնների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ Եւրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամաւորների հետ։

Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչները, հաշուի առնելով Արցախեան հիմնախնդրի ներկայ հանգրուանում ստեղծուած իրավիճակը, կարեւորել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրաւունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, հակամարտութեան համապարփակ եւ արդար կարգաւորման անհրաժեշտութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքից ատրպէյճանական ուժերի դուրսբերման ու ատրպէյճանական հետագայ ռազմական սադրանքների կանխման, ինչպէս նաեւ իրագործուած ցեղասպան գործողութիւնների, մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների ու էթնիկ զտման համար Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրէական պատասխանատուութեան ենթարկելու քաղաքական առաջնահերթութիւնները։

ՀՅ Դաշնակցութիւնը, ինչպէս Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպէս էլ կուսակցութեան միջազգային յարաբերութիւնների ողջ կարողականութեամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների շահերի պաշտպանութեան աշխատանքները։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ

Comments are closed.